Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգային եւ օպերային «մետամորֆոզներ»

Հուլիս 20,2012 13:55

Կամ՝ երկու գլխավորների նախասիրությունների ցուցադրությունը շարունակվում է

Այլեւս զարմանք չի հարուցում, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը օպերաների համերգային կատարումներ ու բեմադրություններ է իրականացնում, իսկ Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ համերգային ծրագրեր: Այս «կերպարանափոխությունն» իր բացատրությունն ունի՝ Թոփչյանը չի թաքցնում իր օպերասեր լինելը, Դուրգարյանն էլ՝ իր հակումները դեպի համերգային կատարումները:

Ամռան շոգ օրերին անկասկած հաճելի է լսել հանրամատչելի երաժշտություն, եւ քանի որ օպերային թատրոնը զրկված է ներկայացումներ ցուցադրելու հնարավորությունից՝ բեմը նորագույն տեխնիկայով վերազինելու պատճառով, Դուրգարյանը գտել է դեպի հանդիսատես տանող ճանապարհը:

Հերթական անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 21-ին թատրոնի նվագախումբը Դուրգարյանի ղեկավարությամբ եւ ճանաչված մեներգիչների մասնակցությամբ հանդես կգա «Գալա Ամերիկանա» ծրագրով: Ընդգրկված են Բերնսթայնի «Կանդիդե» օպերետից «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլը, Ռոդրիգեսի «Կոմպարսիդան», Բարբերի «Ադաջիոն», Վիլլա-Լոբոսի «Յոթ նոտաների օղակը» եւ այլ հայտնի ու սիրված գործեր:

Համերգին հրավիրված է ամերիկաբնակ ճանաչված դաշնակահարուհի Նազելի Աթայանը (լուսանկարում), ով հանդես կգա Գերշվինի «Պորգին եւ Բեսսը» օպերայից բլյուզի ոճով ռապսոդիայի կատարմամբ: Եվ քանի որ դաշնակահարուհին անվանի մանկավարժ, երաժշտագետ, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռոբերտ Աթայանի դուստրն է եւ ինքն էլ նույն կոնսերվատորիայի նախկին դասախոս, «Առավոտը» իրեն հետաքրքրող մի շարք հարցեր ուներ նրան: Սակայն Նազելի Աթայանը ժպիտով մերժեց մեր խնդրանքը, փոխարենը հրավիրեց կայանալիք համերգին: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց որոշ տեղեկություններ պեղել: Ամերիկաներում համերգային բուռն գործունեություն ծավալած արվեստագետը, ով ունի մոտ 50 տարվա բեմական, մանկավարժական կենսագրություն, բնակվում է Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում: Դաշնակահարուհու արվեստը մշտապես գտնվում է արեւմտյան նշանավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Օրինակ՝ 2011թ. հոլիվուդյան հռչակավոր «Ազատություն» սրահում սփյուռքահայ ճանաչված մաեստրո Արմեն Գադաբեդյանի ղեկավարությամբ Նյու Վելիի սիմֆոնիկ նվագախմբի հետ Գերշվինի վերը հիշատակված ստեղծագործության կատարումից հետո հանդիսատեսը համառորեն չի թողել դաշնակահարուհուն հեռանալ բեմից, իսկ դրանից հետո, երբ նա կատարել է Խաչատրյանի «Սուսերով պարը», նույն հանդիսատեսը՝ ծափերին զուգահեռ, սկսել է արտասվել: Այս փաստը ֆիքսել է Glendale News-Press-ի մշակութային մեկնաբան Բիլ Պիտերսը:

Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն էլ դարձյալ նույն օրը՝ հուլիսի 21-ին, Մայր թատրոնում կներկայացնի հիմնականում ճանաչված որոշ մենապարողների կողմից իրականացրած «մինի» բեմադրությունները:

Հավանաբար հուլիսի սկզբին Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի (համերգային կատարում) հայաստանյան պրեմիերայի հաջողությունից ոգեւորված՝ Թոփչյանը որոշել է այն կրկնել նաեւ հուլիսի 28-ին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031