Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Նոյեմբեր 13,2026 19:01 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր (Նորիկ) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով:

Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից  որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959 թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962 թ.), Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» (Ծաղրածու, 1960 թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964 թ.), Ա. Սպենդիարյանի «Խանդութ» (փեսացու, 1960 թ.), Ի. Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961 թ.), Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963 թ.), Բ. Սակելարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963 թ.), Շ. Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (ծաղրածու, 1965 թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (սև ուժ, 1965 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966 թ.), Գ. Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967 թ.) և այլն:

1970 թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83 թթ. եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ. Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ռուսական պար», Խ. Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարիի «Չոփչոփիկ» և այլն: 1984-86 թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը:

1987 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը և 38 տարի եղել է անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ. Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա. Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլ բեմադրություններում:

2022-2023 թթ․ եղել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 2023-2024 թթ.՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական խորհրդականը։


Պարգևներ՝

1976 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման,

2006 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի,

2011 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի,

2020 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման,

2024 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով

2026 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում անվանի մշակութային գործիչ և մտավորական Նորայր Մեհրաբյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30