Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամի «սխալ հարցը» Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին (Տեսանյութ)

Հունվար 29,2013 19:36

Նախագահի թեկնածուն ստիպված էր բացատրություններ տալ, թե ինչու շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո:

Այսօր Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավից հետո անակնկալ մի հարց տվեց նրան՝ ինչո՞ւ գնացիք շնորհավորելու Սերժ Սարգսյանին՝ Մարտի 1-ից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Շատ լավ հարց է, բայց սխալ հարց է: Սա ցույց է տալիս, որ ապատեղեկատվություն կա: Ես հարգում եմ նախագահական ինստիտուտը: Ես ընդդիմադիր եղել եմ 3 նախագահներին էլ՝ համարելով, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը եղել է մեկը մյուսի շարունակությունը: Նախ «Ժառանգության» պատգամավորներն էին, որ Մարտի 1-ին կանգնած էին ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ՝ փրկելով թե՛ ոստիկանի, թե՛ քաղաքացու կյանքը: Իսկ ես վերադարձա Պետերբուրգից, այցելեցի վիրավորներին, քաղբանտարկյալներին: Իսկ այդ օրը ես սեւազգեստ որոշեցի ոչ թե անիծել, այլ մեր սուգը, մեր ցավը, մեր տառապանքը մտցնել այդ պաշտոնական դահլիճ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այնտեղ ոչ մի շնորհավորանք չի եղել, չի եղել ոչ մի շամպայն, ոչ մի բան: Արել է այն, ինչ Բաքվում. «Ես ասացի, որ ես իմ պայքարը ոչ թե հեռվից, խավարից, հեռավոր ինչ-որ հարվածներով, այլ ներկա լինելով պիտի անեմ: Եվ Բաքվում ես փորձեցի դա անել, Սահյանի խոսքով, որ ոչ մեկը հայ մարդուն բացակա չդնի: Ոչ մի տեղ՝ ո՛չ Բաքվում, ո՛չ Անկարայում, ո՛չ էլ անգամ այդ դահլիճներում մենք մեր բողոքը, մեր ներկայությունը մեր կյանքով պիտի տանք»:

Aravot.am-ը հարց տվող երիտասարդից հետաքրքրվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը բավարարե՞ց ձեզ: Նա պատասխանեց. «Ոչ: Եթե կեղծված ընտրություններ էր 2008-ի Մարտի 1-ից հետո, ինչո՞ւ պարոն Հովհաննիսյանը մասնակցեց»:

Պարզվեց, որ երիտասարդը ՀԱԿ անդամ էր՝ Արթուր Գրիգորյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031