Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մե՞ջ

Մայիս 14,2013 14:45

Արտգործնախարարությունում անլուրջ են որակում նման խոսակցությունները

Մի քանի օր է, ինչ համացանցում՝ ֆեյսբուքյան տարբեր խմբերում քննարկման թեմա է դարձել «Кавказ Online» ինֆորմացիոն-վերլուծական պորտալում հրապարակված մի հոդված, որն ունի բավական ուշագրավ վերնագիր՝ «Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ»:

ԱՊՀ-ի հարցերով մեկնաբան, միջազգայնագետ Ռոման Ագարունովի հեղինակած հոդվածից ոչ ավել-ոչ պակաս տեղեկանում ենք, որ ռուսաստանյան քաղաքական կուլիսներում դիտարկվում է Ռուսաստանի կազմ Հայաստանի մտնելու հարցը: Հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրներին՝ հոդվածագիրը նշում է, թե Մոսկվան համարում է, որ ժամանակն է հետխորհրդային տարածքում ավելի ակտիվ աշխատանքներ տանել, եւ իբր, որոշ տեղեկությունների համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվան արդեն նախնական համաձայնություն ստացել է: Ռուսաստանի հետ Հայաստանի միավորման հիմնավորումը հոդվածում ներկայացվում է որպես հնարավորություն՝ սոցիալ-տնտեսական ծանր դրությունը կանխելու ուղղությամբ, ինչը իր ուժերով Հայաստանը, ըստ հոդվածագրի, ունակ չէ։ Բացի այդ, այս հեռանկարը համարվում է նաեւ Ադրբեջանի կողմից արտաքին վտանգը չեզոքացնելու անհրաժեշտություն: «Վերջին տարիներին Հայաստանը գտնվում է Ռուսաստանից տնտեսական կախվածության մեջ: Մի շարք ոլորտներ եւ ձեռնարկություններ տրվել են Ռուսաստանին՝ պարտքի դիմաց: Հայաստանի հսկողության տակ գտնվող մեծ ձեռնարկությունները աստիճանաբար անցնում են հյուսիսային հարեւանի կողմը: Ինչպես Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» դեպքում, որը դադարեցրեց գործունեությունը, միակ գնորդը Ռուսաստանն է համարվում: Ուշագրավ է, որ Մոսկվան երբեք չի շտապել ներդրումներ իրականացնել Հայաստանում: Հնարավոր է, որ դա կապված է Հայաստանի նկատմամբ Կրեմլի՝ հեռուն գնացող ծրագրերի հետ, ըստ որի՝ ձգտում են Հայաստանն ամբողջական սնանկության մատնել, որից հետո միայն Ռուսաստանի միավորվելու հարցը միանգամից առաջ քաշեն»,- բացատրում է հեղինակը:

Հոդվածագիրը դարձյալ հիմնվելով իր աղբյուրներին՝ նշում է, թե փետրվարյան նախագահական ընտրություններից հետո Մոսկվա կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատել է իր համաձայնությունը միավորման գաղափարի վերաբերյալ եւ քննարկել է այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը, եւ իբր համաձայնություն է ձեռք բերվել միավորման մեխանիզմները մշակել փակ ռեժիմով, որպեսզի Հայաստանում դժգոհության ալիք չբարձրանա: Այնուհետեւ հոդվածագիրը մեջբերել է Սերժ Սարգսյանի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, ապա նկատել, որ Սերժ Սարգսյանի այցին Մոսկվա հետեւեց նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը ապրիլին, ով իր ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել է Ռուսաստանի կազմ Հայաստանի մտնելու հետ կապված տեխնիկական հարցերը: «Ենթադրվում է, որ Հայաստանը կմտնի Ռուսաստանի կազմ՝ որպես ՌԴ-ի սուբյեկտներից մեկը»,- նշվում է հոդվածում:

«Առավոտ»-ը երեկ մեկնաբանություն ստանալու խնդրանքով նախ դիմեց ԱԳՆ: Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, նշեց միայն հետեւյալը. «Նման կարգի անլուրջ հրապարակումները մեկնաբանության կարիք չունեն»:

Իսկ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նախ նկատեց, որ հոդվածը «կոնսպիրոլոգիայի» ոլորտից է, սակայն մտահոգիչ համարեց այն, որ հոդվածում նշվում են այն բոլոր լծակները, որը Ռուսաստանն այսօր ունի Հայաստանի նկատմամբ: «Այն, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում չափազանց մեծ է, այն աստիճանի, որ նույնիսկ կաշկանդում է Հայաստանի թե զարգացումը, թե ինքնիշխանությունը՝ փաստ է»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, սակայն, որ դրանից չպետք է բխի, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, որովհետեւ 21-րդ դարում նման անշլուսներ ուղղակի տեղի չեն ունենում («անշլուս» գերմաներենից՝ Ավստրիայի կլանումը նացիստական Գերմանիայի կողմից 1938 թվականին): Այդպիսի անշլուսներ տեղի չեն ունենում նույնիսկ այնպիսի կախյալ սուբյեկտների պարագայում, ինչպիսին են Հարավային Օսիան կամ Աբխազիան, նկատեց Ռ. Մեհրաբյանը:

Հայաստանի հետ կապված նման գաղափարը Ռուբեն Մեհրաբյանը համարեց չափազանցություն, գույների խտացում. «Բայց, այնուամենայնիվ, այն մտահոգությունները, որոնք կան հոդվածում, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ դա, իհարկե, փաստ է: Մյուս կողմից՝ վրացական պարբերականում նման հոդվածի հրապարակվելու փաստը նույնպես կարելի է հասկանալ, որովհետեւ այսօր մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրներից մեկը ինքնուրույն քաղաքականություն վարելու կարողության խնդիրն է, որը առայժմ լուծված չէ: Այդ առումով ես չեմ կարծում, թե Հայաստանը լավագույն ծառայությունն է մատուցում տարածաշրջանին՝ մի կողմից, եւ մյուս կողմից էլ, որ դա բխում է Հայաստանի շահերից՝ դա էլ այդպես չէ»:

Հ․Գ․  Ի դեպ, «Кавказ Online» ինֆորմացիոն-վերլուծական պորտալը հայտնի է որպես որպես վրացական պորտալ, սակայն որոշ տեղեկություններով այն ադրբեջանական է, հետեւաբար չի կարելի զարմանալ Հայաստանի առնչությամբ նման բովանդակությամբ հրապարակումներից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արտաշ says:

    Նրանք ովքեր կարծում են թե Հայաստանը Ռուսաստանի ֆորտպոստը չէ: Հիշեք ինչ էր ասում Գրիզլովը: Իսկ թե ինչ է հայտարարում ՀՀ արտգործնախարարությունը լուրջ մի ընդունեք:

  2. Փիրուզ says:

    Էս իշխանությունները ոնց որ ռուսական իշխանությունների թութակը լինեն: Ռուսները իրենց հիմնը փոխելու ռեֆորմ արեցին, նույն ժամանակ մեր նախագահը հայտարարեց նոր հիմնի մրցույթի մասին: Միայն թե ռուսները փոխեցին, մենք մնացինք հին `թշվառ, անտեր հիմնով: Ռուսները ժամերը տեղափոխեցին, մեր վարչապետը խելոք աշակերտի նման հարմարեցրեց ժամերը ռուսների հետ` մեզ թողնելով ձմեռային ժամագոտում: Ռուսները ստեղծում են ավտորիտար “Յեդինայա Ռոսիա” որից դուրս ոչինչ չկա` ի դեմք բարի, լուսավորյալ միապետ Պուտինի: Մեր նախագահը կերտում է հանրապետականի աբսոլուտիզմ…

  3. Maxim says:

    Նման սցենարի զարգացումը չի կարելի բացառել, քանի որ փաստացի Հայաստանը օր-օրի կորցնում է իր ինքնությունը, իսկ եթե չլինի սփյուռքի դերը, ապա այն ավելի ակնհայտ է:
    Այս խայտառակ վիճակը սկսեց չարաբաստիկ հոկտեմբերի 27-ից, երբ երկրորդ և երրորդ՝ ինքնակոչ,
    գավառական, հետամնաց, կիսագրագետ, նախագահների ոճռագուրծությունը, որը կազմզկերպված էր հենց Պուտինի թելադրանքով,՝,,Կարդացեք՝ Ալեթսանդր Վարպետյանին համացանցում,, ավարտվեց նրանց հաղթանակով, երկուսն էլ իրենց կեղտոտ պոչը թողնելով Պուտինի ոտքի տակ:
    Եվ ոչ թե մեր գալիք սերունդը, այլ շատ շուտով, եթե ոչ հիմա մենք ենք քաղում այդ երու դավադիրների հրեշագործությունների թունավոր պտուղները:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031