Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերություններում «իրավիճակը դրամատիզացնել չարժե»

Հուլիս 31,2013 14:10

Ըստ վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի՝ մթնոլորտը չափից դուրս դրամատիզացնում են թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում

– Կրեմլի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին պատրաստվում է կասպյան շրջայցին, այժմ նախապատրաստվում է նրա պաշտոնական այցը Ադրբեջան. այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը: Այդ այցը Պուտինի՝ նախագահական նոր պաշտոնավարման առաջին այցը կլինի Ադրբեջան, դա տեղի կունենա Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմական համագործակցության կտրուկ ակտիվացման ֆոնին։ Պարոն Մարկեդոնով, ի՞նչ եք ակնկալում Բաքու կատարելիք Պուտինի այցից, հնարավո՞ր է ռազմական ոլորտում նոր համաձայնագրերի ստորագրում:

– Իսկապես այդ այցը կարեւոր է մի քանի առումներով: Նախեւառաջ, այդ այցը տեղի է ունենում Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների միջեւ, այնուամենայնիվ, որոշակի սառնությունից հետո՝ կապված  Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցում փոխհամաձայնության չգալու, Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի հարցում անորոշության, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների վճռորոշ հարցերի պայմաններում։ Թեեւ Իլհամ Ալիեւը ընտրություններում ֆավորիտն է, եւ նրա հակառակորդները բավական թույլ են, այնուամենայնիվ՝ ընտրությունները  մարտահրավեր են: ՌԴ-ի համար կարեւոր է զգալ այդ զարգացումների դինամիկան, տեսնել ամենը սեփական աչքերով, լսել հիմնական խաղացողներին, ծանոթանալ իրավիճակին, ինչպես ասում են՝ մոտիկից:

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա դուք նշեցիք, թե այդ համագործակցությունը կտրուկ ակտիվացել է հիմա: Բայց չէ՞ որ զենքի մատակարարման համաձայնագիրը ստորագրվել էր դեռեւս 2010թ.: Այժմ տեղեկություններ հրապարակվեցին նախկինում ընդունված համաձայնագրերի իրականացման վերաբերյալ: Մոսկվայի եւ Բաքվի համագործակցությունն, անկեղծ ասած, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Այո՛, ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը Հայաստանն է, բայց Ադրբեջանի հետ Մոսկվան, առնվազն Պուտինի իշխանավարումից սկսած, բավական կառուցողական հարաբերություններ ունի: Նրա իշխանավարման առաջին փուլից՝ 2001-ին Ադրբեջան կատարած նրա այցից, Մոսկվան ձգտում էր զգուշորեն հավասարակշռել հարաբերությունները, որպեսզի որոշակի կարմիր գիծը չհատի: Չեմ կարծում, թե նոր համաձայնագրեր կկնքվեն, բայց դրական ուղղություն կարձանագրվի:

Բացի այդ, մի մոռացեք, որ ընտրությունները կարող են արժանանալ Արեւմուտքի քննադատությանը: Մինչդեռ ՌԴ-ն ձգտում է չխառնվել ներքին գործընթացներին, եւ այս առումով Ադրբեջանը պետք է ՌԴ-ին: Բավական նուրբ իրավիճակ է, Իլհամ Ալիեւն է առաջադրվում, նա պաշտոնապես կառաջադրվի որպես թեկնածու. սա արդեն նրա պաշտոնավարման երրորդ ժամկետը կլինի, եւ այստեղ Մոսկվայի դիրքորոշումը անհրաժեշտ է՝ նրան միջազգայնորեն լեգիտիմացնելու տեսանկյունից: Կարծում եմ՝ հենց այս հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում:

– Հայտնի է, որ ՌԴ նախագահ Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Բաքվի եւ Մոսկվայի միջեւ պետք է քննարկվեն էներգետիկ հարցեր, սակայն այդ ոլորտը միակ թեման չի լինելու: Թեեւ պաշտոնական Բաքուն բազմիցս թերահավատորեն է արտահայտվել Եվրասիական միության գաղափարին եւ Մաքսային միությանը, սակայն շատերը կարծում են, թե այդ թեմաներն օրակարգային կլինեն առաջիկա բանակցություններում: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի առջեւ այդ հարցերը կդրվե՞ն:

– Ոչ, չեմ կարծում, թե օրակարգում Մաքսային միության անդամակցության հետ կապված հարց կա: Եթե անգամ Հայաստանի հետ այդ հարցը ինտենսիվ չի քննարկվում՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն ռազմաքաղաքական դաշնակից է, ռուսական ռազմաբազաներ են գտնվում ՀՀ-ում, ռուս սահմանապահներն են սահմանները պաշտպանում, ապա Ադրբեջանի դեպքում, կարծում եմ, տնտեսական ինտեգրացիան օրվա խնդիր չէ, որովհետեւ էներգետիկ Ադրբեջանը շատ հարցերում Ռուսաստանի մրցակիցն է: Այնպես որ, ինչ էլ ասեն Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների ջերմացման մասին՝ գոյություն ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, այնպես չէ՞… Եվ «Դարի պայմանագրից» Բաքուն չի պատրաստվում հետ կանգնել, համենայնդեպս՝ դրա նախադրյալները չենք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստվում է վերանայել «Դարի պայմանագրի» վրա հիմնված իր էներգետիկ քաղաքականությունը: Կարծում եմ՝ Մոսկվայում էլ են գիտակցում, որ Բաքվի հետ բեկումնային փոխհարաբերություններ չեն կարող լինել, բայց որոշակի փոխշահավետ ծրագրեր, համագործակցություն անվտանգության հարցում՝ Դաղստանի տեսանկյունից. նման սցենարներ հնարավոր են:

 – Իսկ Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի արդյունքում կարելի՞ է ակնկալել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական առաքելության դերի մեծացում:

– Ինչ-որ չափով այդ առաքելության դերը կմեծանա: Բայց ով էլ ձգտի կարգավորել այդ խնդիրը, օրինակ՝ խոսում են կարգավորման գործընթացում Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի դերերի մասին, միեւնույն է՝ մինչեւ կողմերը համաձայնության չգան, թե ինչը կարող են կարգավորել, ոչինչ չի ստացվի: Եթե հարեւանները կռվում են, պատերազմում են, ես գամ որպես միջնորդ, փորձեմ հաշտեցնել նրանց, այնուամենայնիվ՝ իմ ռեսուրսները սահմանափակ են լինելու, որովհետեւ ես այդ շենքում չեմ բնակվում, այո, նրանք հարգալից կլսեն իմ առաջարկները, խորհուրդները, բայց ոչ ավելին: Կարծում եմ՝ մեծ մոլորություն է կարծել, թե Մոսկվան հրաշալի դեղատոմս ունի  ԼՂ խնդրի կարգավորման համար: Բացի այդ, իսկ ի՞նչ է նշանակում հակամարտության կարգավորում: Բաքվի եւ Երեւանի համար այս հարցի պատասխանները տարբեր են, այդպես չէ՞:

– Պարոն Մարկեդոնով, տեսակետ կա, թե ԱՄՆ-ը չի կարող հրամայել Ադրբեջանի այսօրվա իշխանություններին, իսկ ՌԴ-ի առջեւ Ադրբեջանի իշխանությունները պարտավորություններ ունեն, օրինակ՝ ԼՂ-ում պատերազմի բռնկումը թույլ չտալը, իսկ մյուս հարցերը՝ զենքի վաճառքը, ռազմատենչ հռետորաբանությունը, կոռուպցիայի հարցերը ընդամենը Ադրբեջանի ներքին սպառման համար նախատեսված թեմաներ են: Դուք որքանո՞վ եք իրական համարում պատերազմական գործողությունների բռնկումը ներկա փուլում:

– Ռազմական գործողությունները չեն բռնկվում ոչ թե այն պատճառով, որ Բաքվում կամ Երեւանում որեւէ մեկը որեւէ մեկի առջեւ պատասխանատվություն է ստանձնել, այլ որովհետեւ այդպիսին է ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, եւ հաջորդը՝ որովհետեւ այդպիսին է ընդհանուր քաղաքական հավասարակշռությունը: Հաճախ մոռանում են, որ ժամանակակից աշխարհում պատերազմը ոչ միայն տանկերի ու գնդացիրների պատերազմ է, այլեւ քաղաքական աջակցության գործոն: Եթե ռուս-վրացական հարցում Արեւմուտքի զգալի մասը աջակցում էր Վրաստանին, եւ հասկանալի էր, որ ռուսական մտադրություններին զգուշորեն էին վերաբերվում, քանի որ ՌԴ-ն միջուկային զենք ունի, մեծ տարածքներ, եւ այդ պատճառով նրա նկատմամբ ճնշման ռեսուրսները մեծ չեն, իսկ ահա Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարավորություններն ավելին են: Բայց մյուս կողմից՝ չկա համակրանքի հակվածություն որեւէ կողմի նկատմամբ, եւ Բաքուն դա հրաշալի գիտակցում է: Ուրեմն, եթե հակամարտությունը վերսկսվի՝ սկսվելու են տարբեր միջնորդների միջամտությունները. զանգեր՝ Բրյուսելից, Վաշինգտոնից, Մոսկվայից՝ խնդրանքով, եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ այլն: Իմ կարծիքով՝ եթե Ադրբեջանի կողմից բլից-կրիգ պատերազմ չլինի, մնացած դեպքերում հնարավորությունները նվազ են: Չկան տեղեկատվական, քաղաքական գերիշխող առավելություններ, իսկ եթե չկա երեք օրում հաղթելու վստահություն, ապա դրանից հետո խնդիրներ են ծագելու, սկսվելու են արդեն դիրքային պատերազմը, զոհերը, հիասթափություն հասարակական տրամադրություններում, արտաքին ճնշումներ եւ այլն: Մի բան է՝ ամբիոնից մի բան ասելը, այլ բան է՝ իրական պատերազմ տանելը: Բացի այդ, Ադրբեջանի քաղաքական այրերը շատ լավ հիշում են Էլչիբեյի, Մութալիբովի օրինակներն ու փորձը, որ ոչ այնքան բարենպաստ իրավիճակ ստեղծվեց երկրի ներսում: Այնպես որ՝ պատճառն այն չէ, որ որեւէ մեկը որեւէ մեկին արյամբ երդում է տվել, այլ այնպիսի ուժերի հարաբերակցություն գոյություն ունի, որը թույլ չի տալիս կտրուկ շարժումներ անել։ Եթե ուժերի այլ հարաբերակցություն լիներ, գուցե մտորեին դիրքորոշման վերանայման հնարավորությունների շուրջ:

– Պարոն Մարկեդոնով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, սա հարաբերությունների սառեցո՞ւմ է, որը պետք է տեղի ունենար, թե՞ իսկապես Հայաստանի ընտրության հարցն է՝ կամ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, կամ Եվրասիական միություն ու Մաքսային միություն:

– Մոսկվայի եւ Երեւանի միջեւ բարդություններ, տարաձայնություններ նախկինում էլ են եղել: Օրինակ՝ ես միշտ հիշում եմ 2006-ին այն ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հայտարարությունը, որ ՀՀ-ի ապագան ոչ թե ՌԴ-ի հետ է, այլ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի: Դա պարզապես մի բլոգերի կամ լրագրողի հայտարարություն չէր, նրա խոսքը ճշգրտեցին, ուղղեցին, բայց այդ հայտարարությունը նրան պաշտոնի կորստի գին ունեցավ, այսինքն՝ այդ թեման ծագել էր նախկինում էլ:

Կարծում եմ՝ ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ դիրքորոշումների տարբերություններ առաջ են գալիս մի քանի հարցերում՝ ՌԴ-ի համագործակցությունը Ադրբեջանի, Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ Արեւմուտքի հետ եւ Վրաստանի: Ահա այն հարցերը, որոնց շուրջ որոշակի տարընթերցումներ են առաջանում: Իսկ տարընթերցումներ լինում են բոլոր դաշնակիցների միջեւ, որովհետեւ դաշնակիցները մեծ սիրուց չեն դաշնակցում, այլ որովհետեւ ունեն ընդհանուր շահ:

Իրավիճակը դրամատիզացնել չարժե, իսկ չափից դուրս դրամատիզացնում են թե՛ Մոսկվայում, թե՛ Երեւանում: Գիտեք, երբ ասում են, թե գոյություն ունի եվրոպականացման վեկտոր, ապա նկատենք, որ Հայաստանը չի միայն եվրոպականացվում: ԵՄ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները՝ օրինակ: Հիմա որոշ մարդիկ ասում են՝ Մոսկվան պետք է կապերը ամրապնդի Ադրբեջանի հետ: Հիանալի է: Բայց ես պարզ հարց եմ տալիս՝ ի՞նչ է, Ադրբեջանը վաղը չեղյա՞լ կհայտարարի «Դարի պայմանագիրը» ՌԴ-ի հանդեպ սիրո արդյունքում եւ կհայտարարի, թե Արեւմուտքի հետ բարեկամություն չի՞ անելու այլեւս… Արեւմուտքի հետ փորձում են հարաբերություններ հաստատել ՌԴ-ի դաշնակից Ղազախստանը, Հայաստանը, ինչպես նաեւ՝ Ադրբեջանը, Վրաստանը: Վրաստանի դեպքում հայտարարեցին՝ ահա, ստորագրում են ԵՄ-ի հետ, բայց եկավ Ֆյուլեն, ասաց՝ ոչ, առայժմ միայն նախաստորագրելու ենք:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031