Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Ավետիսյանի երգերը պար են, պարերը՝ երգ

Օգոստոս 29,2013 13:14

«Ամբողջ ձեռագրերը հավաքել ենք մի վայրում, ստեղծել 53 երգերից բաղկացած գիրք: Գիրքը տպագրվել է Լոս Անջելեսում: Մինչ այսօր հնչում են այս երգերը եւ սիրված են»,-այսօր «Խաչատուր Ավետիսյանի երգերը» գրքի մասին նշեց դիրիժոր Խաչատուր Ավետիսյանի որդին՝ Միքայել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ որպես զավակ հպարտ է, ազգային արժեք է իր համար՝ Խաչատուր Ավետիսյանի երգերը թեւավորվում են, ապրում են մարդկանց մեջ.

«Դասական երաժշտությունը պետք է պատշաճ ներկայացնել, ծանրակշիռ երգեր ստեղծել  երգացանկերում: Պետք է շատ մատուցվի դասականը: Սփյուռքում ես ծանոթ եմ շատ հրաշալի երգիչների, ովքեր դիմում են ինձ ծրագրեր կազմելու կամ նոտաներ ստեղծելու հարցերով: Կա պրոֆեսիոնալ կապ, որը պահվում է: Հայաստանում ուրախ եմ, որ հնչում են հորս երգերը, նույնիսկ պարի անսամբլներում երաժշտությունը Ավետիսյան է: Նրա երգերը պար են, պարերը՝ երգեր»:

Խաչատուր Ավետիսյանը համազգային ճանաչման արժանացած կոմպոզիտոր է, ծնվել է ազգային երաժշտության ավանդույթներով կենսահարուստ Գյումրի քաղաքում: «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են թե», «Իմ եղեգ», «Որտեղ գտնեմ քեզ», «Ծաղկած բալենի», «Սիրո գիշեր», «Կռունկներ», «Կապույտ թռչուն», «Սիրունս կսպասեմ»… ահա երգերի ոչ լրիվ ցանկ, որոնք ամեն օր հնչում են բեմից եւ ժողովրդի շուրթերից, որոնք կոչված են երկար ապրել հայերի հոգիներում, հեղինակին բարձրացնելով մեծագույն վարպետի՝ հայ երաժշտության դասականի բարձրագույն կոչմանը.

«Այսօր հիշում են դասականներին եւ կատարում են շատ, արգելքներ չեն լինի, ովքեր ուզում են, թող իրենց երգացանկում ընդգրկեն հորս երգերը, միայն թե չաղավաղեն, մի փոքրիկ կետ, նոտա, պաուզա, ռիթմ չեմ ուզում, որ փոխվի, որպես երաժիշտ շատ եմ նեղվում, երբ հազիվ եմ ճանաչում հորս երգերը: Սա ազգային արժեք է եւ պարտավոր էի անել»:

Գրող Լյուդվիգ Դուրյանի դուստր Սիրանույշ Դուրյանի խոսքով՝ թուրքերի կատարմամբ նա լսել է հայկական դասական երաժշտություն, ինչը զարմացրել է.

«Հայրս Խաչատուր Ավետիսյանին համարում էր մերօրյա Կոմիտաս: Միքայելը հրաշալի գործ է կատարել, միայն թե՝ ոչ մեկը ոչինչ չաղավաղի: Մեր հայրերը համագործակցել են եւ ստացել են հրաշալի մնայուն գործեր, որոնք սիրվել են»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031