Գյումրին դարձավ քույր Իտալիայի այն քաղաքի հետ, որի հովանավորյալ սուրբը Գրիգոր Լուսավորիչն է․ (Ֆոտոշարք)

Գյումրին դարձավ քույր Իտալիայի այն քաղաքի հետ, որի հովանավորյալ սուրբը Գրիգոր Լուսավորիչն է․ (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իտալիայի Նարդո քաղաքի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի միջև ստորագրվեց 6 կետանոց հուշագիր` ճարտարապետության, զբոսաշրջության, ռեստավրացիոն շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում համագործակցության:

PrevPhoto
NextPhoto

Գյումրին ու Իտալիայի Ապուլիայի երկրամասի, Լեչեյ նահանգի այս քաղաքը հռչակվեցին քույր քաղաքներ: Սամվել Բալասանյանը ակնարկեց, որ ակնկալում է  նաև տնտեսական համագործակցություն: Իսկ Նարդոյի քաղաքապետը հպարտությամբ նշեց, որ այս երկու ազգերին միավորում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պաշտպանությունը:  Համաձայնագիրը  ստորագրելուց ու  շամպայնի բաժակներ բարձրացնելուց հետո երկու քաղաքապետերը հանդես  եկան մամուլի ասուլիսով:  Ի դեպ, համաձայնագիրը ստորագրելիս, Գյումրու քաղաքապետը դիտողություն արեց  դահլիճում նստած իր բաժնի պետերին `« Սա պատմական պահ է, մի հատ ծափահարեք»:

Գյումրու քաղաքապետը ասուլիսի սկզբում տեղեկացրեց, որ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի  աչքերով Իտալիայի Նարդո քաղաքը շատ նման է Գյումրիին. այն ևս պատմական քաղաք է, բնակչության գրեթե նույն թիվն ունի, ինչ Գյումրին: Բացի այդ, ըստ պարոն Բալասանյանի, Նարդոն ունի հայկական համայնք, և հայերը  լուրջ դերակատարություն  ունեն այդ քաղաքի  զարգացման գործում: «Գրիգոր Լուսավորիչի հետ կապված իրենք ունեն շատ հետաքրքիր պատմություն, որը հոգևոր կապեր է ստեղծում Գյումրիի և Նարդո քաղաքի միջև: Գիտեք, որ իտալացիները իրենց բնավորությամբ նաև շատ նման են մեզ`իրենց էներգիայով, խոսելաձևով, մանավանդ գյումրեցիներին, որովհետև ես շատ անգամ եմ եղել Իտալիայում ու տեսել եմ էս ամեն ինչը»,- ասաց Գյումրու քաղաքապետը` նշելով, որ փորձում են գործնական դարձնել հարաբերությունները, որպեսզի իմիտացիա չլինի, թե եկան, ստորագրեցին ու հեռացան:

Սամվել Բալասանյանի ասելով, զբոսաշրջությունը այս երկու քաղաքների միջև հաստատ կզարգանա, որովհետև  Գյումրու օդանավակայանը վերականգնեցին, ճանապարհը սարքեցին, այնպես որ կապը կարող է լինել անմիջական, այսինքն` տուրիստները անմիջապես Գյումրի գան ու գնան: Սակայն, ըստ քաղաքապետի, Գյումրու հյուրանոցները բարձրակարգ դարձնելու խնդիր կա, բացի մեկ հյուրանոցից, այն է «Իսուզից», մյուսները պատրաստ չեն տուրիստներ ընդունելու:Նրա խոսքերով. «Ամոթ է, որ մնացած  տեղերը մենք տուրիստներ բերենք, մենք պետք է կարողանանք միջավայր ստեղծել ու սպասարկման ոլորտները զարգացնել: Դրա համար մենք քաղաքապետարանում պետք է բացենք թանգարան անպայման»:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետից հետաքրքրվեց, թե կա՞ մեր քաղաքում որևէ արտադրանք , որը կարելի է  իրացնել Նարդոյում: «Համագործակցություն հիմնականում մշակույթի ոլորտում եմ ես տեսնում, մեր  սիմֆոնիկը կարող է գնալ, համերգներ տալ, երիտասարդական միջոցառումներ կարող են կազմակերպվել, ֆորումներ, արհեստի ու արվեստի հետ կապված` նկարչություն և այլն…Մենք ունենք այդպիսի դպրոցներ, ամենակարևորը մշակույթով փորձենք մոտեցնել: Համատեղ ձեռնարկություն….եթե ասենք իրենք տեսնում են, որ էստեղ կարող են ներկեր արտադրել, որովհետև մենք էստեղ քարեր ունենք, որոնք տուֆի տարբեր գույներ կարող են ստանալ,  հիմնականում ներկերը քարերից են , կարող են էստեղ դնել, ես կարող եմ տեղ տրամադրել: Սա իմ մտահղացումն է, որը դուք պահի տակ  հարց տվեցիք, ես պատասխանեցի: Մնացածը կարող է լինել սննդարդյունաբերության, ինչի չէ, գիտեք Իտալիայում ինչ զարգացած է այս ոլորտը, սպագետիները, կարող են արտադրել ամբողջ Հայաստանով, ամբողջ Կովկասով, էս էլ է ուղղություն, կարող ենք համատեղ աշխատել: Ինձ թվում է պարոն Մարչելլոն ինձ նման մտածելակերպ ունեցող մարդ է, ինքն էլ իր հերթին կասի իր մտքերը ու կհամագործակցենք», -ասաց քաղաքապետը:

Պարոն Մարչելլո Ռիզիին ասաց, որ Գյումրիի հետ քույր քաղաք հռչակվելուց հետո իրենց սպասումները շատ են, թեև նա ցավով նշեց, որ այս քաղաքը սկսել են ճանաչել դաժան երկրաշարժի ժամանակ: «Գյումրի համայնքը շատ վճռական է, ղեկավարվում է գերազանց վարչական կազմով. ձգտում կա հետ վերադարձնել կորցրածը, որը ինչ-ինչ պատճառներով անկախ մեզանից ու ձեզանից եղել է: Կորցրած ժամանակը, կորցրած միջոցները  հետ բերելու հարցում Գյումրին նման է  Հարավային Իտալիային, որովհետև մենք էլ վերջին ժամանակներում վազքի մեջ ենք կորցրածը հետ բերելու: Նույն վազքի մեջ ենք, նախընտրելի է միասին վազել», -ասաց Նարդոյի քաղաքապետը:

Ըստ նրա.  Հայաստանը իրենց տպավորությամբ այն երկիրն է, որին պիտի աջակից լինել: Իտալացի քաղաքապետը համագործակցություն է տեսնում զբոսաշրջության և գյուղատնտեսության  ոլորտում, թեև նրա կարծիքով,   կարելի է  զարգացնել նաև ձեռնարկատիրական գործունեությունը:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք