Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնաբան. «Սեւանի իշխանը պետք է բազմացնել ոչ թե արհեստական, այլ գոնե կիսաարհեստական եղանակով» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2014 10:29

«Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը» բնապահպանները միանշանակ չեն ընդունում: Արդեն գրել ենք , թե նրանց անհանգստացնում է այն, որ այդ ծրագրով նախատեսված է ձկներին կերակրել արհեստական կերով, որը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ ու ֆոսֆոր:

Այս հարցը բնապահպանները բարձրացրեցին  նաեւ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Սեւանա լճից հավելյալ 70 մլն խմ ջուր վերցնելու վերաբերյալ լսումների ժամանակ:

«Առավոտը» ձկների արհեստական եղանակով աճեցման վերաբերյալ հարցրեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանի կարծիքը:

Ըստ Բ. Գաբրիելյանի՝ ձկների արհեստական եղանակով աճեցման եւ ազոտով ու ֆոսֆորով հարուստ արհեստական կերը՝ Սեւան լցնելու պարագայում Սեւանա լճի առանց այդ էլ ոչ կայուն վիճակում գտնվող էկոհամակարգը կարող է վտանգի տակ կանգնել. «Բոլոր արտաքին միջամտությունները կարող են բերել Սեւանի էկոհամակարգի լուրջ փոփոխությունների»:

Նա ասում է, որն ցանկացած գործողություն, որ արվում է երկրում, մասնավորապես, Սեւանի հետ կապված՝ լինի դա բիզնես ծրագիր, թե որեւէ այլ նախաձեռնություն, պետք է համապատասխանի բնապահպանական բոլոր պահանջներին եւ ոչ մի դեպքում չպետք է ազդի էկոհամակարգի վրա:

Այդուհանդերձ, մասնագետը ասում է, թե դա չի նշանակում, որ ամեն ինչ հարկավոր է մերժել. «Չպետք է ասենք՝ մեզ ոչինչ պետք չի: Մենք հիմա լավ վիճակում չենք գտնվում, որպեսզի ամեն ինչից հրաժարվենք, մենք վատ վիճակում ենք եւ դա պետք է ուղղել՝ լինի դա բիզնես ծրագրով թե այլ, ուղղակի պետք է բոլոր ռիսկերը գնահատելով անել: Բիզնեսը կարող է չհակասել կայուն զարգացմանը եւ չվնասել բնապահպանությանը: Պետք է ոսկե միջինը գտնվի, որի արդյունքում ե՛ւ բիզնեսը կզարգանա, ե՛ւ բիզնեսից ստացված եկամուտները կծառայեն բնապահպանական հարցերի լուծման համար»:

«Առավոտի» հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի վերադառնալ Սեւանում բնական եղանակով ձկան վերարտադրությանը, Բորիս Գաբրիելյանի պատասխանը լավատեսական չէր. «Իմ փորձագիտական կարծիքով մոտակա ժամանակ բնական վերարտադրության հարցը չի լուծվի»: Ի՞նչ ասել է «մոտակա»՝ ճշտեցինք: «Դե, չգիտեմ, դա կախված է մեր ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացումից, մեր երկրի սոցիալական վիճակից: Խնդիրն այն է, որ ձվադրավայր հանդիսացող գետերն անցնում են գյուղերի միջով, դրանք փոքր գետեր են՝ լայնահուն Դանուբ ու Դնեպր չեն: Եվ այդ գետերը շատ հեշտությամբ հնարավոր է փակել եւ որսալ բոլոր ձկները, եւ ոչ մի մայրական կազմ, որ մի ձուկ չի կարող անցնել, հասնել Սեւան: Մինչեւ այդ հարցը չլուծվի՝ բնական եղանակով բազմացում չի լինի: Իսկ այդ հարցի լուծումը եթե կախված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումից»,-պատասխանեց ձկնաբանը:

Այդուհանդերձ, նա ասում է, որ կա մեկ այլ՝ բավականաչափ ընդունելի տարբերակ. «Դա կիսաարհեստական եղանակն է, որը երկար տարիներ հաջողությամբ կիրառվել է սովետական ժամանակ: Գետաբերանները պետության կողմից փակվել են, հատուկ որսիչներով մայրական կազմը որսացվել է, նրանց ձկնկիթը վերցվել է, բեղմնավորվել է, հետո տարվել է գործարաններ, այնտեղ աճեցվել են ձկնիկներ եւ բաց են թողնվել լիճ: Իսկ մայրական կազմը հատուկ ցանցավանդակներում պահվել է, մինչեւ բնազդը անցել է, հետո մայրական կազմը կրկին բաց է թողնվել լիճ: Այսպիսով` և մայրական կազմն է մնացել, եւ ստացել ենք բնականին բավականին մոտ ձկնկիթ, եւ ձկնիկների կոնցենտրացիայի տոկոսն է բարձր եղել: Դա շատ արդյունավետ ձեւ էր, եւ երկար տարիներ Սեւանի պոպուլյացիան պահպանվում էր այդ ձեւով: Հիմա մենք առաջարկում ենք նույնը կրկնել»:

Մեր հարցին, թե ո՞ւմ են դիմել այդ առաջարկով, Բորիս Գաբրիելյանը պատասխանեց, որ բնապահպանության նախարարությանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանք են ստացել, արդյունք կա՞, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ Սեւանի ազգային պարկը սկսել է մի գետի վրա նման բան անել, բայց ինչքանո՞վ է դա պետական հոգածության առարկա, թե՞ ուղղակի փորձնական են դնում՝ չեմ կարող ասել: Համենայնդեպս մեզ պաշտոնապես չեն ասել դրա մասին, մեր օգնությանը, խորհուրդներին չեն դիմել, բայց անում են: Մենք առաջարկել ենք նաեւ՝ պետական միջոցներով ստեղծել գործարան, որովհետեւ չի կարելի հույսը դնել մասնավոր ձկնաբուծարանների վրա, քանի որ կարող է այսօր աճեցնի էնդեմիկ տեսակը, վաղն ասի՝ անցնում եմ թառափի կամ ճագար եմ աճեցնում: Դա պետք է անպայման պետական հովանավորության տակ գտնվի, ոչ թե անձերի քմահաճույքով լինի, որպեսզի էնդեմիկ տեսակի գենոֆոնդը միշտ լինի այդ գործարանում եւ վերարտադրության համար միայն այդտեղից լինեն ձկնիկները, որ համոզված լինենք, որ իրոք Սեւանի իշխան է, քանի որ առանց մոլեկուլյար գենետիկ վերլուծության, կարող են լինել այլ իշխաններ, հիբրիդներ եւ այլն»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է հենց էնդեմիկ (բնաշխարհիկ, այսինքն՝ տվյալ տարածքին հատուկ) տեսակը պետք, մասնագետը պատասխանեց, որ եթե տվյալ լճի էնդեմիկ ձկնատեսակը չի լինում, էկոհամակարգի վրա անպայման ազդում է, վնասում է էնդեմիկ պոպուլյացիային, բացի այդ, ոչ էնդեմիկ տեսակը չի հարմարվում նոր պայմաններին:

Երբ հետաքրքրվեցինք հայտնի սիգի մասին, Բ. Գաբրիելյանը պատասխանեց, որ Բայկալից բերված սիգը շատ լավ հարմարվեց Սեւանին եւ չվնասեց գետի էկոհամակարգը, քանի որ սիգն ուտում էր այն կերը, որը չէր ուտում իշխանը եւ իշխանին չէր խանգարում, ավելին՝ լիճը մաքրում էր՝ «սակայն հիմա Սեւանում սիգ էլ չի մնացել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930