Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք պատճառ՝ Հովիկ Աբրահամյանին վստահելու համար

Ապրիլ 15,2014 14:45

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը
Հովիկ Աբրահամյանին համեմատում է Անտոն Քոչինյանի հետ

«Իրավունք տալու մասին նախագահի հայտարարությունը նշանակում էր, որ ես վստահում եմ Հովիկ Աբրահամյանին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի նախագահ Սարգսյանի այն հայտարարությունները, որ վարչապետին տրվել է ազատ գործելու հնարավորություն: Իսկ ինքը վստահո՞ւմ է Հովիկ Աբրահամյանին` «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը բերեց մի քանի պատճառ, որոնք իրեն էլ հիմք են տալիս Հովիկ Աբրահամյանին վստահելու: «Հովիկ Աբրահամյանն առանձնանում է մեր շատ քաղաքական գործիչներից նրանով, որ ինքը ժողովրդից է: Նրա նախնական կարիերան` մինչ քաղաքականություն մտնելը, եղել է սովորական` ոչ կուսակցական, ոչ կոմսոմոլական: Ինքը, իր ծնողները, իր միջավայրը նրան չեն պատրաստել իշխանական ուսադիրների համար: Նա ժողովրդի միջից ծնված ու բարձրացած մարդ է»,- սա առաջին պայմանն է, որը բերում է մեր զրուցակիցը` հավելելով, որ եթե Հովիկ Աբրահամյանը հաջողի նաեւ որպես վարչապետ, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանում իշխանական համակարգը փակ չէ. «սոցիալական լիֆտը աշխատում է` մարդը ներքեւից կարողանում է բարձրանալ վերեւ»: Արձագանքելով հարցին` մյուս բնագավառներում, որտեղ աշխատել է Հովիկ Աբրահամյանը, հաջողե՞լ է, Ազատ Արշակյանը նկատեց, որ այն խնդիրները, որոնք դրվել են Հովիկ Աբրահամյանի առջեւ կամ ինքն է դրել իր առջեւ, համենայնդեպս՝ կարողացել է հաղթահարել. «Ես կասեի նաեւ իր բիզնես ծրագրերը, անձնական` ազգակցական ծրագրերը` իր երեխաները, ընտանիքը, ավանդապաշտ, ավանդական հայկական ընտանիք… այսինքն՝ նա հաջողակ մարդ է, նրա կյանքը ստացվել է: Նրա ընտանիքից մենք սկանդալներ չունենք, եթե կան էլ, համեստ են: Իսկ քաղաքական կյանքում չկա մի բնագավառ, որտեղ եղել է ու չի խրախուսվել, անկախ նրանից` ես իրեն օգնել եմ, թե ոչ, դեմ եմ եղել, թե կողմ: Նա հաղթել է, իր ստանձնած պարտականությունները կատարել է: Հովիկ Աբրահամյանի օգտակար գործողության գործակիցը բարձր է: Մարդը ժողովրդից եկել ու հասել է նախավերջին տեղին: Սա քննություն է իր համար»:

Հաջորդ բաղադրիչը, ինչի համար Ազատ Արշակյանը վստահում է Հովիկ Աբրահամյանին, նրա տոլերանտությունն է. «Որտեղ որ եղել է, ես չեմ տեսել, որ նա մեծամիտ իշխանավորի անհանդուրժողականություն դրսեւորի, նույնիսկ եթե եղել է քննադատություն ու անտեղի: Իսկ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ բարեկիրթ եւ քաղաքակիրթ քննադատությունից բացի՝ կա նաեւ անտեղի, գռեհիկ քննադատություն` քաղաքային, ժողովրդական մակարդակի: Նույնիսկ նման դեպքերում Հովիկ Աբրահամյանը եթե վիրավորվել է, լուռ է տարել դա: Քաղաքական գործչի համար շատ կարեւոր է այդ հանդուրժողականությունը»: Վստահության երրորդ պատճառը գործընկերների հետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններն են: «Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանն ընդունված մարդ է, նրա հետ կարելի է պայմանավորվել, բանակցել, նրան կարելի է դիմել, ադեկվատություն կա: Նա ինքը ձեռքը պարզում է, պարզած ձեռքն էլ սեղմում է: Նաեւ` քաղաքականության մեջ»,- ասում է մեր զրուցակիցը:

Նման կոմպրոմիսային ֆիգուրի առկայության պարագայում ի՞նչ ակնկալել ներքաղաքական կյանքում` «հրաշալի քառյակի» համագործակցության պարագայում՝ հարցին Ազատ Արշակյանը նկատեց. «ԲՀԿ-ն իր գոյության հենց սկզբից նախագահի, առաջին դեմքի քաղաքական կուրսը ձեւավորելու հայտ չի ներկայացրել: Այդ իմաստով իրենք էլ իրենց գնահատելիս ասում են` մենք այլընտրանքային ուժ ենք: Այսինքն՝ ունեն իրենց կոնկրետ թիրախները` իշխանության տնտեսական քաղաքականությունը: Օրինակ՝ ես չեմ լսել, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ԲՀԿ-ն հատուկ կարծիք ունենա կամ սուր բանավեճեր: Դրանք միշտ մեղմ են եղել, անգամ եթե եղել են ՀՀԿ-ի քաղաքական կուրսից տարբերվող»: Այս իմաստով ԲՀԿ-ին մեր զրուցակիցը իշխանության հավակնող ընդդիմություն չի համարում. «Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կազմակերպությունը բարգավաճում է ուզում` եւ իրենց համար, եւ հասարակության: ԲՀԿ-ի` վարչապետի նկատմամբ եղած քննադատությունը բխում էր կառավարության ձախողումներից: Իսկ որ ձախողումներ են եղել` պարզ է բոլորին, թեպետ ես հասկացա, որ ՀՀԿ-ականներն այդ մասին խոսելու իրավունք չունեն. հանրապետության նախագահն ասել է` քաղաքական հանգուցյալից հետո կամ լավ, կամ ոչինչ: Միեւնույն է՝ Տիգրան Սարգսյանին հեռացնելը նշանակում է, որ ՀՀԿ-ն ընդունում է, որ կառավարությունը ձախողված է: Ուրեմն, կեցցե՛ ԲՀԿ-ն, որ ասում էր` փոխեք, քանի որ նաեւ մեզ եք դարձնում ձեր հակառակորդը: Հիմա ԲՀԿ-ն պատճառ չունի ավելի խորն ընդդիմություն դառնալու, ավելի սուր քննադատ դառնալու. ինչից դժգոհ էր` հեռացվել է»: Միեւնույն ժամանակ Ազատ Արշակյանը նկատում է, որ Հովիկ Աբրահամյանն էլ կատարելու է քաղաքական մեծամասնության, նախագահի ծրագիրը, այն, ինչը որ ստանձնել էր նախորդ կառավարությունը. «Պետք է մեր կյանքը լավացնի, տնտեսական աճ գրանցի, սոցիալական բարեկեցություն, անվտանգության հարց լուծի»:

Անվտանգության պարագայում մեր զրուցակիցը հատուկ ընդգծում է, որ Հովիկ Աբրահամյանը ժառանգություն է ստացել սեպտեմբերի 3-ից հետոյի` Մաքսային միության անդամ Հայաստանի Հանրապետություն. «Մենք անցել ենք այն վիճակին, ինչ դարեր շարունակ ունեցել ենք` կիսանկախ կամ բոլորովին ոչ անկախ: Շատ հարցերում մեր անելիքը ինքներս չենք որոշում, պետք է կատարենք: Նաեւ այդ դեպքում, ես կարծում եմ, Հովիկ Աբրահամյանը ճիշտ ընտրություն էր: Մի առիթով ես համեմատել եմ` ասելով, որ ՄՄ մտած Հայաստանին անհրաժեշտ է Քոչինյանի նման ղեկավար: Հովիկ Աբրահամյանն արդեն նման է Քոչինյանին, որովհետեւ ժողովրդական ծագում ունի: Նա Քոչինյանի նման է նաեւ իր հարաբերությունների ոճով` շփվող է բոլորի հետ: Ոչ միայն Հայաստանում նա կարող է հարաբերվել, այլ նաեւ արտաքին: Մեր հովանավոր-գործընկերոջ (նկատի ունի ՌԴ-ն- Ն. Գ.) հետ նրա հարաբերությունները շատ կարեւոր են: Եթե այնտեղ ձախողեցինք, Հայաստանում շատ թանկ կվճարենք դրա համար: Մեզ այնպիսի մարդ է պետք, որ այնտեղ չձախողի, կարողանա լեզու գտնել, գործընկերություն անել: Իմպերիաներն ունեն իրենց թերություններն ու թուլությունները. Հովիկ Աբրահամյանը, կարծում եմ, գիտի այդ թուլությունները եւ կկարողանա մեր տնտեսության զարգացման նավն այդ խութերի միջով անցկացնել: Դա համար առաջին խնդիրն է, որ դրված է Հովիկ Աբրահամյանի առջեւ: Մենք դեռ չենք մոռացել Սովետական Միությունը, գիտենք թե այնտեղի հարաբերություններն ինչպիսին են, եւ հույս ունենք, որ… Հովիկ Աբրահամյանը Բիսմարկը չի, Պրուսիայի կանցլերը չի, նա ՄՄ-ին միացած ՀՀ-ի վարչապետն է, ու նրանից հենց այդ պետք է սպասենք` ՀՀ վարչապետին հարիր բաներ»:

Իսկ ի՞նչ եղավ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, Իվանիշվիլի-Ծառուկյանն այլեւս պատմությո՞ւն է` «Առավոտի» հարցին հնչեց այսպիսի արձագանք. «Դրանք փոքրիկ առասպելներ էին, եթե պատահական հայտարարություններ չէին: Մեզ մոտ դա ոչ հնարավոր է, ոչ էլ լուրջ քննարկվող առարկա է: Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը Հայաստանում եղել է 25 տարի առաջ: Իվանիշվիլին ուրիշի դասն է ու մեզ հետ ընդհանրապես կապ չունի: Մենք մեր դպրոցը պիտի ունենանք, ու դրա համար ռոտացիայի հարցը պետք է առաջ քաշվի: Իշխանության մի քանի հավակնորդներ կան` գուցե անչափահաս տարիքից: Անընդհատ հայտ են ներկայացնում եւ անընդհատ պարտվում են: Այդ պարտվածները պետք է հեռանան` իրենց ներսում, իրենցից հետո եկող երիտասարդներին տեղ տալու համար: Այլապես մեր հավակնորդները կարող են գլուխ գովել, թե՝ ով քանի անգամ է պարտվել»:

Ըստ Ազատ Արշակյանի՝ մեզ մոտ նորմալ շուկայական հարաբերություններ են: Խանգարող, տնտեսությանը խոչընդոտող հանգամանքներ, մոնոպոլիաներ եւ այլն կան, բայց. «Չեմ էլ կարծում, որ նշանակման հաջորդ օրը Հովիկ Աբրահամյանը թուրը պետք է հանի ու փրթի: Եթե դա միայն մեր գործը լիներ, մենք վաղուց մոնոպոլիաներին, կոռուպցիային, հանցագործությանն ու գանձագողությանը հրաժեշտ տված կլինեինք: Դժվար է լինելու: Ոչ միայն Հովիկ Աբրահամյանի համար: Բայց՝ ուզո՞ւմ ես վարչապետ լինել, գինը պետք է տաս: Դա ծանր աշխատանք է: Հնարամիտ պետք է լինի: Մենք էլ ասում ենք` առաջ, Հովիկ, մենք սպասում ենք, հույս ունենք, ուզում ենք, որ լավ լինի: Նա շանս ունի: Պե՞տք է իրեն օգնել` օգնենք, ոչ միայն կողքը կանգնելով, այլ նաեւ քննադատելով: Մենք պատրաստ ենք. նկատի ունեմ` հասարակությունը»:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Էս նախկին քաղբանտարկյալներն էլ մի բան չեն: Ասա, այ Ազատ Արշակյան, որ սազը առած գովերգում ես, ինչ արժեք ունի քո ասածը, ախր, քծնանքը հեչ արժեքմ չունի, դու էլ իբչ դիսիդենտ ես եղել. Ախր, տղամարդ եք, շատ էլ որ էս նոր վարչապետությունից քյար եք ուզում ստանալ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930