Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ

Հուլիս 07,2014 15:34

Հուլիսի 7-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվեց ՌԴ Պետական Դումա:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանում եւ ամրապնդվում: Նրա խոսքով՝ երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Պետդումայի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը ավելի կզարգանան ու կխորանան, եւ այս համատեքստում բարձր գնահատեց միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Սերգեյ Նարիշկինը ողջունեց եւ կարեւորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ նշեց, որ այն խթան կհանդիսանա առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ ընդլայնման համար: Պետդումայի նախագահը կարեւոր համարեց նաեւ համագործակցության խորացումը միջազգային տարբեր հարթակներում: Ռուսական կողմն առաջարկեց նաեւ ակտիվացնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների խորհրդարանների միջեւ:

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց են ապրում: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ընկած է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաև երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ԱԺ նախագահը նշեց, որ միջպետական կապերի կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական ձևաչափը: «Վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, եւ տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումները նոր լիցքեր են հաղորդում և լայն հնարավորություններ ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը երկար տարիների ընթացքում արդյունավետորեն համակարգում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային Ժողովի փոխհարաբերությունները:

Միջպետական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարևորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը:
Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով` ԱԺ նախագահը ընդգծեց Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ այն կստեղծի նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար:

Գալուստ Սահակյանը նշեց, որ 2015 թ. լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ ի թիվս այլ միջոցառումների՝ Երևանում ապրիլին կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով: Նա Սերգեյ Նարիշկին հրավիրեց մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս հայտնեց, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, եւ Պետդումայում Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կկազմակերպվի: «Կարծում եմ նաև, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում՝ ֆաշիզմի հետ մեկտեղ»,-նշեց ԱԺ նախագահը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031