Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն այսօր, բացի մեղադրյալ Եղիշե Հակոբյանի և կացարանից ողջ մնացած զինծառայողների մասնակցությամբ դեպքի վայրի զննություն կատարելու միջնորդությունից, միջնորդել է նաև լրացուցիչ հարցաքննել փորձագետներին։
Նրա խոսքով՝ այս վարույթի մինչդատական փուլում՝ դեպքի օրը, նշանակվել է 15 դատաբժշկական փորձաքննություն։ Փորձագետներին առաջադրվել են հարցեր, մասնավորապես՝ զոհված զինծառայողների մարմինների վրա առկա՞ են այրվածքներ, եթե այո, ապա ինչպիսի՞ն են դրանց առաջացման բնույթը, տեղակայումը, վաղեմությունը և ծանրության աստիճանը։ Արդյոք այրվածքները կապ ունե՞ն զինծառայողների մահվան հետ, և արդյոք նրանց օրգանիզմում առկա՞ են եղել ալկոհոլ, թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր։
Կարդացեք նաև
Նորիկյանի խոսքով՝ 2024 թվականի մարտ-ապրիլին դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով արձանագրվել է, որ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից սուր թունավորման և այրվածքային շոկի հետևանքով։ Ընդ որում, շեշտվել է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բոցի ներգործության հետևանքով։ Փաստաբանը նշեց նաև, որ եզրակացություններում ընդգծվել է՝ զինծառայողներից վերցված արյան նմուշներում թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Ըստ Նորիկյանի՝ փորձաքննություններն իրականացվել են թերի, իսկ դրանց եզրակացությունները հակասում են գործի փաստական հանգամանքներին և ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել։
«Մասնավորապես, ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, այդ գազն ինչպե՞ս է ներթափանցել զինծառայողների ննջասենյակ։ Ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ ողջ մնացած զինծառայողները չեն թունավորվել շմոլ գազից, եթե իսկապես գտնվել են այդ տարածքում։
Եթե պաշտոնական վարկածով պնդում է արվել, որ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հետևաբար հարց է առաջանում՝ շմոլ գազը ո՞ր պահից է առաջացել, ի՞նչ միջոցների կիրառման արդյունքում և ի՞նչ հանգամանքներում։ Ի՞նչ իրավիճակ է եղել կացարանում հրդեհից առաջ։
Եթե եզրակացություններով պնդում է կատարվում, որ զինծառայողները ջերմային այրվածքներ ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրել, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնար միջոցներով դուրս գալ այդ տարածքից և գտնվել են իրենց մահճակալների վրա»,- հարցերի շարքը թվարկեց Նորիկյանը։
Նորիկյանը միջնորդեց դատաբժշկական փորձաքննություն իրականացրած դատաբժիշկներին հրավիրել հարցաքննության, նա նշեց նրանց ցանկը, իսկ հարցաքննությունից հետո կրկին հրավիրել ու հարցաքննել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետն Դավիթ Մելքումյանին և այլ փորձագետների:
Դատարանը բավարարեց փորձագետներին լրացուցիչ հարցաքննելու միջնորդությունը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ























































