Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրք ոստիկանները մտրակներով քշել են հայերին, ընդդիմացողներին սպանել են»․ ցեղասպանություն վերապրածի ժառանգը՝ հոր հուշերի մասին

Նոյեմբեր 13,2026 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սոսկալի բաների է հայրս ականատես եղել գաղթի ճանապարհին, իսկ թուրք ոստիկանների վայրագությունները չափն անցել են ամեն ձևով։ Ժողովրդին քշել են մտրակներով և որևէ մեկը, երբ իրեն վատ է զգացել կամ ընդդիմացել, տեղում սպանել և կիսամեռ թողել են, իսկ գիշերը վայրի գազանները՝ հատկապես գայլերը, հոշոտում էին այդ մարդկանց։ Երբեմն նրանք դեռ ողջ էին լինում, բայց գազանների կեր էին դառնում։ Ճանապարհին այդպիսի զոհ է դառնում տատիկս ու հայրիկիս քույրը»,- Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի  նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի ընթացքում պատմեց Հայոց ցեղասպանության զոհի ժառանգ Էմիլյա Օհանյանը։

Էմիլյա Օհանյանն արցունքն աչքերին հիշեց իր հայրիկի պատմությունը, նրանց ընտանիքի գաղթը, տառապանքները և թուրքական իշխանությունների վայրագությունները։ Նրա հայրը ծնվել է 1905 կամ 1906 թվականներին Թուրքիայի Բուրսա նահանգի Մեծ Նոր գյուղում․ «Հայրիկս պատմում էր, որ գյուղում իրենք լավ էին ապրում մինչև 1914-ը, երբ թուրքական կառավարության հրամանով հայ տղամարդկանց հավաքեցին, իբր թե զորակոչեցին, բայց բոլորին գնդակահարեցին։ Այդ թվում էր նաև իմ պապիկը։ Հայրս ասում էր՝ այդ պահից հետո իրենց կյանքը դարձել է մղձավանջ։ Ամբողջ գյուղը տեղահանել են»։

Էմիլյա Օհանյանը ցավով պատմեց՝ իր հայրը ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես է տառապել․ «Հայրս հայ ժողովրդի 20-րդ դարի բոլոր ողբերգություններին մասնակից է եղել․ Եգիպտոսից հայրենադարձվել է, հետո 10 տարի աքսորվել Սիբիր, Սիբիրի բոլոր բանտերում եղել է։ Ցեղասպանության հետ կապված՝ հայրիկիս հուշերը ոչ միայն իր վրա էին ազդել, այլև մեզ վրա։ Հիշում եմ՝ պատմում էր, որ թուրքերը մտնում էին որբանոց, գեղեցիկ երեխաներին ընտրում, ասում՝ մերն են։ Շատ երեխաներ այդպես մոռացան իրենց ազգությունը։ Իսկ մենք դպրոցում նախանձով էինք նայում այն երեխաներին, որոնք ամառը գնացել էին գյուղ՝ տատիկ պապիկի մոտ․ ես հորս կողմից ոչ մի հարազատ չունեի։ Դպրոցում չէինք համարձակվում խոսել ջարդի մասին։ Մի անգամ ռուսերենի ուսուցիչը դեմքիս շպրտեց՝ պետք է ձեզ կոտորեին, ոչ թե ձեր հետևից կարմիր խնձոր ուղարկեին, որ հետ գայիք։ Մեր ընտանիքը հայրենադարձվել էր»։

«Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30