Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձքառյակային հարցերը Նիկոլ Փաշինյանին չեն հետաքրքրում. նա չի՞ մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին

Սեպտեմբեր 19,2014 17:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր մեկնարկած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին մասնակցում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Aravot.am-ի և Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք մասնակցելո՞ւ է հոկտեմբերի 10-ին եռյակի հրավիրած հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագրում այդ հարցը չենք քննարկել»:

Հետաքրքրվեցինք` կարծիքներ կան, թե ՀԱԿ-ի «փաշինյանական» թևը չի մասնակցելու հանրահավաքին, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը և արդյոք հարցն էական չէ՝ դրա՞ համար չեն քննարկել, պարոն Փաշինյանն արձագանքեց. «Այսօր ամսի քանի՞սն է… կարող է պարզվի, որ նույնիսկ քննարկելու անհրաժեշտություն չկա»: Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կմեկնաբանի դաշնակցականների քայլը`չմասնակցելու հանրահավաքին, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Մերձքառյակային հարաբերությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում ու ցանկություն էլ չունեմ»:

Հարցին` հավանական համարո՞ւմ է, որ 2018-ի նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, պարոն Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանից. «Ես ասացի, որ այդ հարցերի մասին խոսել եմ հրապարակային և ավելացնելու բան չունեմ»:

Aravot.am-ի հարցին՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթ կստորագրի՞, թե՞ գործընթացը կրկին կհետաձգվի, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագիր միավորումն ունի շատ հստակ դիրքորոշում և մնում ենք այդ դիրքորոշման շրջանակներում: Իսկ թե ինչ է սպասվում հոկտեմբերի 10-ին, այդ հարցով ճիշտ կլինի դիմել ԱԳՆ, նրանք են կանխատեսումներով զբաղվում, իսկ հետո բացատրում, թե ինչու չիրականացան իրենց կանխատեսումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930