Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին եւ արտաքին «պացիֆիզմը»

Հունվար 28,2015 10:04

Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին: Մեր հարեւան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, եւ երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին` որքան շատ, այնքան լավ: Այլ ելք չկա` հակառակ դեպքում նրանք մեզ կվերացնեն: Դրա համար ունենք պետություն եւ բանակ, որի տոնն ենք այսօր նշում: Այստեղ ավելորդ «պացիֆիզմը» տեղին չէ` թղթե շերեփով ոչ մի ապուր չես վերցնի: Ուզո՞ւմ են հարեւանները խաղաղ ապրել մեր կողքին` սիրով եւ հարգանքով լինենք նրանց նկատմամբ: Ուզո՞ւմ են նվաճել մեր հողը` իրենց պատասխանը կստանան:

Սակայն կարծում եմ, որ ներքին կյանքում պետք է գործեն բոլորովին այլ կանոններ: Երբ դու մի բան գրում կամ ասում ես այնպես, որ դիմացինդ ստիպված է ակտիվորեն պաշտպանվել, դրանով դու չես լուծում այն խնդիրը, որով մտահոգված ես: Այստեղ պետք է վերապահում անել` եթե իսկապես մտահոգված ես, ոչ թե տարված ես ինչ-որ անձնական կամ խմբակային հարցերով: Ընդ որում, «անձնականը» կարող է նյութական կամ քաղաքական նկատառումների հետ կապ չունենալ` դա կարող է լինել պարզապես նեղվածություն ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, ներքին խռովություն, ցանկություն ինչ-որ մեկի երեսին ինչ-որ մեղադրանք շպրտելու: Ահա այդպիսի հարձակման արդյունքում այդ հարձակման հասցեատիրոջ մոտ նույն ոճով պաշտպանվելու գայթակղություն է առաջանում, եւ խնդիրը ցանկալի ձեւով չի լուծվում:

Բերեմ երկու օրինակ: Բոլորս նկատում ենք, որ մեր հոգեւոր սպասավորներից շատերը (հատկապես բարձրաստիճան) բավականաչափ համեստ, զուսպ եւ ժուժկալ չեն: Արժե՞ դրա մասին խոսել: Իհարկե՝ արժե: Հարցն այն է, թե ինչպես: Եթե դու այդ արատը տարածում ես բոլոր հոգեւորականների վրա, եթե անվայել բառեր ես օգտագործում, ապա նրանք սկսում են «պաշտպանվել»` մեղադրելով քեզ, որ դու անհավատ ես կամ աղանդավոր ես, կամ ուզում ես վարկաբեկել Մայր եկեղեցին: Նրանք, ովքեր ցոփ ու շվայտ կյանք էին վարում, շարունակում են դա անել: Ավելի արդյունավետ կլինի, կարծում եմ, խրախուսել նրանց, որ փոխվեն: Ասում եք՝ ոչինչ չի՞ ստացվի: Այսօր` գուցե: Իսկ վաղը, 5, 10 տարի հետո՞:

Կամ` Գյումրիի դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսական կողմը մեզ` հայաստանցիներիս, նայում է վերեւից, արհամարհում է, գուցե ինչ-որ բան է ուզում թաքցնել եւ հաշվի չի առնում կատարված ոճրագործությանը մեր շատ բնական ռեակցիան: Բնականաբար, մեր պահանջները պետք է ուղղված լինեն մեր իշխանությանը, մեր պետությանը: Կրկին հարց է, թե ինչպես պետք է ձեւակերպել այդ պահանջները: Հայհոյանքների, վիրավորանքների դեպքում նրանք սկսում են պաշտպանվել` դուք ուզում եք խաթարել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, հանձնել Հայաստանը թուրքին, դուք գրանտակերներ եք եւ ամերիկյան գործակալներ: Նման լեզվակռիվը հանգեցնո՞ւմ է մեր իշխանության ավելի արժանապատիվ կեցվածքի՞ն: Կարծում եմ՝ ոչ: Արժանապատվությունը պետք է արժանապատվորեն պահանջել:
Այնպես որ՝ ներքին կյանքում «պացիֆիզմը» միանգամայն տեղին է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Karen says:

    “Ավելի արդյունավետ կլինի, կարծում եմ, խրախուսել նրանց, որ փոխվեն: Ասում եք՝ ոչինչ չի՞ ստացվի: Այսօր` գուցե: Իսկ վաղը, 5, 10 տարի հետո՞:

    Մի թէ Դուք իսկապես համոզված եք, որ ժամանակը կփոխի բենտլի սամոյին կամ Կաթողիկոսը կհրաժարվի հաստավիզ ախռանիկների բանակից ու շքեղ ավտոմեքենաներից և այդ գումարը կհատկացնի իր հոտի կարիքներին: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

  2. Արթուր Ղազարեան says:

    Մի օրինակ էլ ես աւելացնեմ 🙂

    Բոլորս նկատում ենք, որ մեր լրագրողներից շատերը (այդ թւում՝ Արամ Աբրահամեանը) օտար բառերի գայթակղութեանը չեն դիմանում: Արժէ՞ դրա մասին խօսել: Ի հարկէ՝ արժէ: Հարցն այն է, թէ ինչպէս:

    Եթէ ես անվայել արտայայտութիւններ գրեմ խմբրագրապետի հասցէին, նա բնականօրէն կը փորձի պաշտպանուել՝ ինձ անուանելով հայ-ռուսական յարաբերութիւններում սեպ խրող (կատակ էր 🙂 ): Արդիւնքում կողմերից ոչ մէկը չի շահի եւ ցանկալի արդիւնք չենք ունենայ:

    Դրա համար պէտք է համբերատար բացատրել,,
    Ասում էք՝ ոչինչ չի՞ ստացուի: Այսօր` գուցէ: Իսկ վա՞ղը, 5, 10 տարի յետո՞յ:

    – – –

    պացիֆիզմ = ԽԱՂԱՂԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ
    պացիֆիստ = ԽԱՂԱՂԱՊԱՇՏ

    Ծագում է լատիներէն pācificus (պացիֆիկուս), որն իր հերթին կազմուած է pāx (պաքս, ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ) եւ faciō (ֆացիօ, ԱՆՈՒՄ ԵՄ, ԿԱՏԱՐՈՒՄ ԵՄ) բառերից:

    pax բառի սեռական հոլովն է pācis (պացիս):

    Յայտնի բառերից անգլերէնում ունենք՝

    Pacific ocean – ԽԱՂԱՂ ՈՎԿԻԱՆՈՍ
    Peace – ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

    Յ.Գ. Մի՞թէ “Pacific ocean”-ն ասում էք «պացիֆիկ օցեան»: Վստահ եմ՝ ոչ: Ուստի այդ բառը նոյնիսկ չակերտներում գրելը արդարացում չէ:

    Լատինական ծագման բառերի գերակշիռ մասը հայերէն թարգմանւում է մեծ յաջողութեամբ:

  3. Արթուր Ղազարեան says:

    Համեմատում եմ մեր ու լատին բառերը ու հիանում մեր բառով:

    Լատինն ասում է «խաղաղութիւն անող», իսկ մենք ասում ենք «խաղաղութիւն պաշտող»:

    Յիրաւի, խաղաղութիւնը, ազատութիւնը պէտք է ՊԱՇՏԵԼ:

  4. Ջիվան Նադարյան says:

    Հարց.
    Պարոն Աբրահամյան, եթե կարելի է մեկ- երկու օրինակ բերեք թե իչպես խրախուսելով փոխել հոգևորականներին, և մեկ-երկու օրինակ էլ թե ինչպես արժանապատվությունը արժանապատվորեն պահանջել իշխանությունից: Ձեր առաջարկած մտքերը շատ հետաքրքիր են, պարզապես օրինակները պետք են, որ դրանք ավելի պատկերավոր և ընկալելի լինեն :

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Ջիվան, 88 թվականին հրապարակում արժանապատվորեն կանգնած 100 հազարավոր մարդիկ ստիպեցին կոնունիստական իշխանությանը եւ մասնավորապես Գերագույն Խորհրրդին ընդունել համապատասխան որոշումները Ղարաբաղի եւ Հայաստանում բազրակուսակցական համակարգ ընդունելու մասին: Հոգեւորականների հարցն ավելի բարդ է, բայց ոչ ոք կորած չէ Աստծո համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031