Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորավար Օհանյանը վախենալու ոչ մի բան չունի»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նրան ձերբակալելու մասին խոսակցություններին (Տեսանյութ)

Մարտ 24,2017 16:23

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր, Արցախի առաջին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո մամուլում շրջանառվեցին լուրեր առ այն, որ հաջորդ ձերբակալվողը կլինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով այս լուրերին, ասել էր․«Թող ռիսկ անեն»:

Այսօր Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թող ռիսկ անեն», ՕՐՕ-ի ներկայացուցիչները ի՞նչ քայլերի կդիմեն, եթե ռիսկ անեն։

«Սեյրան Օհանյանը պատգամավորության թեկնածու է, առաջին փաստն է։ Երկրորդը՝ ինքը վախենալու ոչ մի բան չունի։ Ինքը եղել է մեր պետության բարձրագույն ծառաներից մեկը, հանրային ծառայող, զորավար, ռազմավար։ Ժամանակին արժանացել է նաև իմ քննադատությանը, այդ հարցերը ես բարձրացրել եմ իր առջև, ինքը բավարարող պատասխաններ տվել է ինձ։ Տեսնում եք, որ այսօր արդեն իր մոտեցման մեջ կա ընդգծված ժողովրդական, հասարակական ընդդիմադիր մոտեցում։ «Թող ռիսկ անեն» նշանակում է , որ եթե փորձեն ժողովրդին մենակ թողնել առանց, ղեկավար չասեմ, ուղեկցող թեկնածուների, ուղեկցող հանրային ծառայողների, ապագա իշխանության մաս կազմող ուժի, եթե ժողովուրդը մենակ մնաց, ուրեմն ժողովուրդը ինքը պիտի որոշի, թե հետ պիտի քաշվի իր անտարբեր վիճակով տները, հանդուրժի հին տարիները, թե՞ ժայթքում պիտի տեղի ունենա։ Եվ այդ ժայթքումն արդեն նախանշում է այս իշխանությունը, և այդ ժայթքումը տեղի կունենա, եթե այս անկարգությունների, այս բռնությունների շարանը շարունակվի։ Եվ եթե, ի վերջո, կեղծվեն ընտրությունների գործընթացը կամ վերջնական արդյունքները։ Եվ ռիսկ անեն, նշանակում է՝ ես, որ թույլ չեմ տվել ոչ մի հայի արյան կաթիլ հոսի իմ հսկողության տակ՝ այն համարելով ավելի կարևոր, թանկարժեք, սրբազան, քան ցանկացած աթոռ, այս անգամ ասում եմ, որ դանակը հասել է ժողովրդի ամենավերջին ոսկորին, համբերության բաժակը լցվել է։

Եվ մենք կտեսնենք, եթե ռիսկ անի կուսակցապետությունը, մեր ժողովուրդը ինչպես կպատասխանի՝ անտարբերությա՞մբ, թե՞ ժայթքումով, որը կուտակվում է, կուտակվում է և մի տեղից դուրս պիտի գա։ Չեմ բանավիճի, բայց շատերս զգում ենք, որ այսպես շարունակել չի կարելի և շատ դժվար է»,-մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031