Ներկա էին նոր համարի հոդվածագիրները
Հուլիսի 9-ին ԱԵԳՄՄ-ի գրասենյակում կայացավ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2026 թ. 1-ին (27-րդ) համարի շնորհանդեսը, որին ներկա էին նոր համարի հոդվածագիրները:
Պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոդվածագիրներին արժեքավոր հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքները պարբերականին վստահելու համար, նշել, որ նման հանդիպումները նպատակ ունեն ձևավորել մասնագիտական համագործակցություն (գիտական նեթվորքինգ) հենց հոդվածագիրների միջև:
Պարբերականի 27-րդ համարում տպագրվել է 26 հեղինակի 24 հոդված: Հեղինակներից 10-ը գիտությունների թեկնածու է, իսկ 16-ը՝ ասպիրանտ և հայցորդ: Հոդվածներից 21-ը հայերեն է, իսկ 3-ը՝ անգլերեն: Ընթացիկ համարում կարող եք կարդալ անչափ հետաքրքիր ուսումնասիրությունների կողքին մասնավորապես հետևյալները. Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (ք. Երևան) «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» վերտառությամբ գիտական հոդվածը, որով փորձ էր արվել բացահայտել, թե ինչ բովանդակության հեռուստասերիալներ են դիտում երիտասարդները, և ինչ արժեքներ են կրում դրանք՝ «իրակա՞ն», թե՞ «սինթետիկ»։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու ՌԵՆԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ (ք. Երևան) «ԳԻՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐ» ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ» ԵՐԿՈՒՄ» վերտառությամբ գիտական հոդվածում (հայերեն) սովորողը կճանաչի գիտական տեքստը, նրա կառուցվածքային և լեզվական առանձնահատկությունները, ձեռք կբերի գիտական վերլուծություն կատարելու, իր մտքերը գիտական ոճով շարադրելու, համապատասխան տերմիններ ճիշտ օգտագործելու կարողություններ: Աշխատանքի նպատակն է ներկայացնել «Գիտական տեքստեր» թեմայի ուսուցման եղանակ, որը կնպաստի ուսանողների ակադեմիական գրագիտության զարգացմանը։ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի հայցորդ, «Յուզտեխ» ԲԲԸ (2025թ.) Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի ղեկավար ՌՈՒԶԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (ք. Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ) «GR-ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԻՊԱՐՏԻԶՄԻ ԽԱՂԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ գիտական հետազոտության գիտական նորույթը GR-հաղորդակցության դերակատարների՝ որպես սոցիալական պատասխանատուների դիտարկումն է, որի շրջանակներում ներկայացված է տրիպարտիզմի եռակողմ խաղային մոդելի համակարգային կառուցումը։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ ՆԱԻՐԱ ԵՐԿԱՆՅԱՆԻ (ք․ Երևան) «ԴՊՐՈՑԻ ԴԵՐԸ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ․ ՀՈԳԵՏՐԱՎՄԱ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ գիտական հոդվածը (հայերեն)։
Կարդացեք նաև
Հոդվածագիրը վերլուծել է 2023թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավագ դպրոցականների (15-18 տարեկան) հոգեբանական և հոգետրավմատիկ ապրումները ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային արդի մանկավարժահոգեբանության մեթոդաբանության և տեսության լույսի ներքո: Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի հայցորդ, Արմհոլդինգ ընկերությունների խմբի վերլուծական բաժնի ղեկավար ՌԱՖԻԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ (ք․ Երևան) «ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ» վերտառությամբ գիտական հոդվածում վերլուծվել է թվայնացման ազդեցությունը ընկերությունների խմբում աշխատակիցների աշխատանքի բավարարվածության, լոյալության, մոտիվացիայի և burnout-ի վրա։ Հետազոտությունը հիմնված է 214 վավեր հարցաթերթիկների վրա։ Տվյալները մշակվել են նկարագրական վիճակագրության, միջին գնահատականների, տոկոսային բաշխումների և խմբային տարբերությունների համեմատության միջոցով։
Նոր համարի տպագրությանն աջակցել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը:
«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲԿԳԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և РИНЦ (Российский Индекс Научного Цитирования) միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2026


















































