«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը վստահեցնում է, որ դաշինքում չեն քննարկել՝ զբաղեցնելո՞ւ են ԱԺ ղեկավար պաշտոնները, թե՝ ոչ:
– Ձեր 29 անցողիկ թեկնածուներից մեկը՝ Արթուր Դանիելյանն էլ է երեկ բացարկ հայտնել։
– Հնարավոր է, դա կարող է լինել խիստ մասնավոր եւ պայմանավորված անձնական հանգամանքներով, որովհետեւ ցուցակում կարող են լինել տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող մարդիկ, որոնք նախընտրել են մնալ իրենց հիմիկվա աշխատանքի ծանրաբեռնվածության մեջ, որովհետեւ պատգամավորի աշխատանքն անհամատեղելի է այլ աշխատանքի հետ՝ բացի գիտական, մանկավարժական։
– Արդյոք խոսքը քաղաքական, գաղափարական տարաձայնությունների մասին չէ՞, գուցե համաձա՞յն չեն խորհրդարան գնալու թիմի որոշման հետ։
Կարդացեք նաև
– Չկա նման բան, մեր թիմում գաղափարական տարակարծությունների խնդիր գոյություն չունի, եթե կան ինքնաբացարկի դիմումներ, դրանք՝ բոլորը, համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են։
– Այսինքն, բոլորը կողմ էին մանդատները վերցնելուն։
– Այդ հարցով մեզ մոտ եղել են լայնամասշտաբ քննարկումներ, որոշումը կայացրել ենք ընտրություններից մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում ե՛ւ ներքին, ե՛ւ հանրային, ե՛ւ մասնագիտական քննարկումներ ենք ունեցել քաղաքագետների, սահմանադրագետների հետ եւ բոլոր գործոնները հաշվի առնելով ենք այդ որոշումը կայացրել։
– Դուք է՞լ էիք կողմ, որովհետեւ հատկապես Ձեր մասով կային շահարկումներ, տեսանյութեր էին պտտվում՝ ինչպես էիք նախկինում ընդդիմադիրներին հորդորում դուրս գալ խորհրդարանից, որ անիմաստ է մնալը։ Ձեր այս որոշման վրա ի՞նչ գործոններ ազդեցին։
– Նախկին տեսանյութ ասվածը` կա 2021 թվականի մի տեսանյութ, որտեղ ես դրա մասին խոսել եմ, այդ ռիսկը մեր ներկայիս քննարկումների ժամանակ էլ ենք քննարկել, խոսքը վերաբերում էր պատգամավորների թվաքանակը 101-ից պակաս լինելու հանգամանքին։ Ես 21-ին էլ էի ասում, հիմա էլ։ Մեր Սահմանադրության մեջ գրված է, չէ՞, որ ԱԺ-ն պետք է կազմված լինի 101 պատգամավորից։ Իմ հիմնական մոտեցումն այն է եղել, որ ոչ թե մանդատները չվերցնեն` խորհրդարան չգնան, այլ եղած մանդատները ռացիոնալ եւ ճիշտ օգտագործեն։ Այո, մանդատներից հրաժարվելու տարբերակը նույնպես դիտարկել եմ, հիմա էլ եմ դիտարկում` այն տրամաբանությամբ, որ Սահմանադրությամբ ասվում է՝ պատգամավորների քանակը պետք է լինի 101-ից ոչ պակաս, Սահմանադրությունը ենթադրում է, որ ցանկացած պահի դա պետք է այդպես լինի, հիմա եթե ընդդիմությունն իր 41 պատգամավորից հրաժարվի, ԱԺ-ն կազմված կլինի 64 պատգամավորից, 64-ը 101-ից պակաս է, հետեւաբար, առաջանալու է սահմանադրական ճգնաժամ. ես ասում եմ՝ եթե այդ ճգնաժամն իրավական ճգնաժամ է լինելու եւ կարող է հանգեցնել արտահերթ ընտրության, ուրեմն միանշանակ պետք է հրաժարվել մանդատներից, բայց սահմանադրագետները մեզ ասում են, որ ԿԸՀ-ն հիմա՝ ամսի 21-ին մանդատները բաշխելու որոշումը կայացնելու է՝ 105 պատգամավոր է լինելու, ուրեմն ԱԺ-ն ձեւավորվելու է, դրանից հետո ով ինչ անհատական որոշում կայացնի, դա չի կարող ազդել։
– Ժամանակին իմպիչմենտի գործընթաց էիք նախաձեռնում, հորդորում էիք վայր դնել մանդատները` բոքսի տանձիկ չդառնալ․․․
– Այդ ձեւակերպումներն ինձ համար ընկալելի չեն, ես «բոքսի տանձիկ» եզրույթն իմ կյանքում երբեք չեմ օգտագործել, Նարեկ Մալյանը շատ եմ լսել, որ օգտագործած լինի, բայց ես չեմ օգտագործել։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































