Երեկ երեկոյան լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում․ մեծ թվով ոստիկաններ ու քաղաքացիներ էին հավաքվել, երթևեկությունը մի պահ կաթվածահար էր եղել, ազդանշաններ էին միացված, իրարանցում էր, տարածված տեսանյութերից երևում էր, որ քաղաքացիներից մեկը թեժ զրույցի մեջ էր ոստիկանության պարեկային ծառայողների հետ։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ քաղաքացիներից մեկը մեքենան այնպես է կայանել, որ խանգարել է տվյալ վայրում կայանած շտապօգնության մեքենային։ Քաղաքացին եղել է իր կնոջ հետ, պարեկները մոտենալով նրան, զգուշացրել են՝ մեքենան նորմալ կայանել։ Քաղաքացին ներողություն է խնդրել՝ պատասխանելով․ «Հենց հիմա»։
Եվ մինչ նա փորձել է նստել մեքենան, որ նորմալ կայանի, այդ պահին զրույցին խառնվել է անծանոթ մի տղամարդ՝ նկատողություն տալով նրան ու վիճաբանություն հրահրելով։ Մեքենայատերը, որը ոստիկանության աշխատակիցների բնութագրմամբ՝ շնորհքով անձնավորություն է, արձագանքել է․ «Տեսել եմ, պարեկները զգուշացրել են, հասկացել եմ, ինչո՞ւ ես ավել-պակաս խոսում»։
Կարդացեք նաև
Վիճաբանության շրջանակը ընդլայնվել է, ոստիկանները փորձել են հարթել, մեծ թվով մարդիկ են հավաքվել, երեք հոգու տարել են ոստիկանության «Կումայրի» բաժին, սակայն, մեր տեղեկություններով, ձերբակալվածներ չկան, բարեբախտաբար տուժածներ ևս չկան։ Մամուլում կան հրապարակումներ, թե դանակահարություն է տեղի ունեցել, սակայն Գյումրի բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ դանակահարված որևէ մեկը բուժօգնության չի դիմել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ ոստիկանությունը տարածեց հետեւյալ պարզաբանումը. «Հուլիսի 16-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։
Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն»։




















































