Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի «Պլան B»-ն՝ «Անտարբեր Հայաստան». Արմեն Աշոտյան

Հուլիս 16,2026 13:35 Share

Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:

Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝

  1. Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է:
  2. Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար):
  3. Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը:

Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:

Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում.  երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:

Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:

Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:

Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նույնիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:

Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:

Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:

Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:

Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031