Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի դատախազն ու ոստիկանությունը՝ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին

Մայիս 12,2017 12:04

Այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը (լուսանկարում), իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին։ Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել է երիտասարդ մի աշխատակից, որի աչքը կուրանալու վտանգի առաջ է։ Նրա քեռին էլ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում այդ բովանդակությամբ օպերատիվ տեղեկություններ ստացվել են մայիսի 10-ին, և դրանք հստակեցվում են։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, 10 օր առաջ Գյումրու «Մուշ» թաղամասում՝ երեկոյան ժամի, այն գազալցակայանում, որը Ղուկասյան ընտանիքը վարձով է տվել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանին։ Նշենք, որ Ղուկասյաններին պատկանող 3 գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է այս պաշտոնյան։

Գազալցակայան այցելած երիտասարդների քեֆը լավ է եղել, նրանք վիճաբանել են աշխատակիցների հետ, բարձր հայհոյանքներ հնչեցրել, իսկ Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը տեղում զանգահարելով Սերգեյ Ամիրբեկյանին՝ նրանից պահանջել է իրեն նշանակել գազի առաջին տեղամասի պետ։

Մենք զրուցեցինք Սիրանույշ Ջանոյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ վիճակում է իր որդին։ Ի պատասխան մեր հարցի՝ տիկին Սիրանույշն ասաց․ «Ես մամուլից իմացա այս մասին, չգիտեմ որտեղի՞ց այդ տեղեկատվությունը, Ջանոյաններն ու Ղուկասյանները բավականին հին մտերմություն ունեն, հո՞ այս քաղաքը փշով ծածկած չէ, որ ոչ մեկը չիմացավ, ես տան մեջ նստած չիմացա, իրենք իմացա՞ն։ Թող որևէ մեկը ցույց տա, որ իմ տղան գրանցված է ու աշխատում է գազալցակայանում։ Հայրը դրսում է աշխատում, ինչո՞ւ պիտի իմ ուսանող տղան գնա գիշերով գազալցակայանում աշխատի։ Իհարկե, եթե դրա կարիք լիներ, ամոթալի ոչինչ չկար, որ աշխատեր, բայց չի աշխատում։ Նա ամեն օր դասի է, այսօր էլ քույրիկների հետ համերգ է գնալու Երևան»։

Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ այդ դեպքի մասին, Սիրանույշ Ջանոյանն ասաց․ «Ես բան չեմ ասում, դա իմ գործը չէ, ինձ չի վերաբերում, բայց իմ երեխայի հետ կապված խնդիր չկա»։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանության «Մուշ» բաժնում ամիս 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գազալցակայանում Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել գազալցակայանի աշխատակիցների հետ, սկսվել են ստուգողական աշխատանքներ, բացատրություններ են վերցվել աշխատակիցներից, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ մամուլի հրապարակումը ուղարկվել է ոստիկանություն՝ նշված հանգամանքները ստուգելու։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Մեր հարցին ի պատասխան, թե Սիրանույշ Ջանոյանը հերքում է իր որդու ծեծի ենթարկվելն ու ընդհանրապես գազալցակայանում աշխատելը, Շիրակի դատախազը նշեց, որ Արտաշես Ջանոյանի մարմնական վնասվածք ստանալ-չստանալը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պեպո says:

    Էլի սկսվեց սրանց բեսպրեդելը։Ընդդիմադիր Վարդանիկին Սերժը կրկին մեյդան վերեց,որ հանցանքներ գործեն,որ ինքն էլ մի լավ փող աշխատի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031