Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր պաշտոնակցին հղած ուղերձում նշել է, թե Մոսկվան և Փհենյանը «միասնական ճակատով հանդես են գալիս բազմաբևեռության, իսկական հավասարության և ազգային շահերի հաշվառման սկզբունքների վրա հիմնված նոր, արդար աշխարհակարգի ստեղծման օգտին»։
Հայրենիքի ազատագրման օրվա կապակցությամբ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուիին Լավրովի շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Մոսկվան և Փհենյանը միասնական ճակատով հանդես են գալիս բազմաբևեռության, իսկական հավասարության և ազգային շահերի հաշվառման սկզբունքների վրա հիմնված նոր, արդար աշխարհակարգի ստեղծման օգտին։
Մտադիր ենք նաև հետագայում անշեղորեն հետևել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի կողմից նախանշված՝ ռուս-կորեական համագործակցության համակողմանի խորացման ուղեգծին, ինչը բխում է մեր ժողովուրդների շահերից և նպաստում տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովմանը»։


















































