ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ խմբակցության կողմից առաջադրված Լուսինե Բադալյանի թեկնածությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց՝ Դուք Բժշկական համալսարանի ուսանո՞ղ եք, թե՝ ոչ․ Վիքիպեդիայում նման տվյալ կա։ Նա պատասխանեց․ «Բուժհաստատությունների կառավարում executive MBA մագիստրոսական ծրագիրն եմ ավարտել։ Սիրով կուզեի ավարտել օրդինատուրան, բայց դրա հնարավորությունը չեմ ունեցել»։
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները մտահոգություն հայտնեցին, թե ինչպես Լուսինե Բադալյանը պետք է ղեկավարի մասնագիտացված հանձնաժողովը, եթե չունի բժշկական կրթություն։
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Լուսինե Բադալյանն այցելել էր Արցախ ու հարցրեց․ «Չնայած երկրում ռազմական դրություն էր հայտարարված, որպես ԱԺ պատգամավոր՝ չպետք է լքեիք Երևանը, բայց հավանաբար հայրենասիրական մեծ մղումներն էին Ձեզ տարել Արցախ։ Հիմա, քանի որ ինչպես դուք եք հայտարարում, խաղաղություն է հաստատվել, մտադի՞ր եք խաղաղության պայմաններում առաջիկայում այցելել Ստեփանակերտ»։
Լուսինե Բադալյանն արձագանքեց․ «Անցնելով Ձեր հեգնանքի ու քամահրանքի վրայով՝ նշեմ, որ այո, հայրենասիրական մղումներով էի գնացել․ օգնող ձեռքի կարիք կար։ ԱԺ-ն նիստ չի գումարել, գումարելու դեպքում էլ այդ բացակաները դեր չէին խաղա»։ Էդգար Ղազարյանն էլ նշեց․ «Չհասկացա, թե Դուք ինչու մտածեցիք, որ Ձեր հայրենասիրական մղումների մասին իմ պատկերացումները պետք է հեգնանքի տիրույթում ընկալվի։ Պաշտպանական ո՞ր շրջանում եք իրականացրել սննդամթերքի մատակարարում»։
Լուսինե Բադալյանն այս հարցին չպատասխանեց ու ասաց․ «Այն հարցին, որ այսօր արդեն խաղաղության պայմաններում կրկին կգնա՞ք Արցախ, թե՝ ոչ, պատասխանեմ, որ հնարավորության դեպքում, բնականաբար, չեմ բացառում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































