Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալու. Խոսրով Հարությունյան

Օգոստոս 18,2026 16:23 Share

«Այսօր TRIPP-ի մասին միայն ծույլը չի խոսում: Իսկ ես ուզում եմ արձանագրել մի քանի շատ կարևոր հանգամանք. առաջինը՝ թվում էր, թե (համենայն դեպս իշխանություններն ամեն կերպ այդպես էին ներկայացնում հանրությանը) TRIPP-ը ապաշրջափակման միակ և լավագույն տարբերակն է, այսինքն՝ Հայաստանը ապաշրջափակման կապանքներից դուրս բերելու լավագույն հնարավորությունը: Ես դեռևս 2021թ. հոկտեմբերին արձանագրել եմ, որ այդ տարբերակը չաշխատող է, TRIPP-ն, ըստ էության, ոչ միայն չի նպաստում ապաշրջափակմանը, այլև նպաստում է, որ Հայաստանը, ինչպես նստած էր տարածաշրջանի մայթեզրին, այդպես էլ շարունակի նստած մնալ»,- «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

Նա վկայակոչեց թուրք վերլուծաբան Մելիք Քեյլանի այն արտահայտությունը, որ էներգետիկայից բացի, ժամանակակից աշխարհում լոգիստիկան աշխարհում այլևս աշխարհաքաղաքականություն է. «Շատ երկրներ լոգիստիկան օգտագործում են ոչ թե որպես տնտեսական ռեսուրս, այլ այս կամ այն երկրի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն»: Քանի որ այն ժամանակ դեռ TRIPP-ը չկար, երբ Քեյլանը հոդված էր հրապարակում «Ֆորբսում», նա օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը: «Ինքն ասում է՝ ինչ է տալիս այն երկրներին, ապա արձանագրում է՝ Թուրքիան Զանգեզուրի միջանցքի գործարկման արդյունքում իր արտահանման ծավալները կավելացնի 310 տոկոսով՝ 150 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 500 միլիարդ դոլարի, Ադրբեջանն իր տարեկան ռազմական ՀՆԱ-ն կավելացնի 2 տոկոսով, ինչին կնպաստի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը: Կենտրոնական Ասիայի երկրների պարագայում հավաքական արտահանման ծավալը կավելանա շուրջ 100 միլիարդ դոլարով»,-ասաց Խ. Հարությունյանը:

Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը: Այս մասին էլ Խոսրով Հարությունյանը նշեց. «Ես բառացիորեն Քեյլանին եմ ցիտում՝ Հայաստանին մենք կխոստանանք լուրջ ներդրումներ, ֆինանսական աջակցություն: Նրանք գետնի վրա ստանալու են արդյունքներ… Կայա Կալլասը կամ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կխոստանան… Այս մտքերի հեղինակը թուրք վերլուծաբան է: Ավելին ասեմ՝ այսօր TRIPP-ն այնպես է ներկայացվում, որ Արևելքը Արևմուտքին կապող միջին միջանցքի վրա հայտնվելով՝ այլ տարբերակ Հայաստանը չունի…

Քաղաքականության մեջ ամենամեծ վտանգը ճշմարտանման կեղծիքն է: Եվ պնդել, որ եթե TRIPP-ով չանցնի, ապա բեռնափոխադրումների այլընտրանքն Իրանով անցնելն է, նշանակում է ուղղակիորեն կեղծել իրականությունը: TRIPP-ը, Զանգեզուրի միջանցքով անցնող հաղորդակցության հնարավորությունները Հայաստանին ոչինչ չեն տալիս: Եթե Հայաստանը մտահոգ է իր երկարաժամկետ անվտանգությամբ, անշրջելի անվտանգության նախադրյալներով, ապա իր աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պոտենցիալ դարձնելու միակ տարբերակը Ղազախ-Իջևան երկաթգծի գործարկումն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31