Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ փոխել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ Կամո Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան բանտային կալանքից ուղարկելով տնային կալանքի։
Մեր տեղեկություններով, երեք օրից՝ ամսի 20-ին, լրանում է նրա երկամսյա կալանքի ժամկետը, նոր խափանման միջոցի համաձայն՝ նա երեք օրից կգտնվի տանը։
Հետաքրքրական այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, օրերս կալանավորելով ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, նրան տեղափոխել էր այն նույն քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում էր նրա ավագ որդին, խոսքը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մասին է։
Հիշեցնենք, որ Կամո Գրիգորյանը մոտ մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ «Գյումրի հացատան» դիմաց տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Կարդացեք նաև
Միջադեպը ծագել էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների պատճառով․ Գրիգորյանների ընտանիքի մտերիմ, տարիներ առաջ Գյումրու կենտրոնում օրը ցերեկով սպանված Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի որդին՝ Վ․ Կարապետյանը, տեսնելով Մարտուն Գրիգորյանի որդուն՝ Կամոյին, հաշիվ էր պահանջել նրանից, թե ինչու է իր հայրը քաղաքապետ դարձրել Վարդան Ղուկասյանին, երբ թափված արյուն կա։
Վ․ Կարապետյանը վիճաբանելուց բացի, կասկածվում էր նաև կրակոցներ արձակելու մեջ, նրան ևս կալանավորել էին, ապա տնային կալանքի ենթարկել։
Մարտուն Գրիգորյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդին էլ մեկ տարի անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն․ նրան կալանավորել էին՝ սահմանափակելով նրա տեսակցություններն անգամ հարազատների հետ։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Երկամսյա կալանքի ենթարկված Մարտուն Գրիգորյանն այսօր ուղերձ էր հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից՝ նշելով, որ արդեն մեկ տարի է՝ քաղաքական հետապնդում է իրականացվում իր նկատմամբ և դրա միջով անցնում են իր ընտանիքի անդամներն ու թիմակիցները։
«Ես սպասել եմ այս օրվան, որովհետև ի սկզբանե գիտեի, որ նախ փորձեցին ընտանիքիս բոլոր տղամարդկանց՝ հորս ու որդիներիս, ինչպես նաև թիմակիցներիս նկատմամբ քրեական գործերով ու ձերբակալություններով ինձ թուլացնել, ինչը չստացվեց, ես երբեք չեմ ընկճվել, հետքայլ չեմ արել․ շարունակեցի իմ ճանապարհը, շարունակեցի նույն ձեռագրով, նույն խոսույթով։
Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց և այնպես, դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը։
Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից՝ պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել, ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում»,- գրել էր ԱԺ նախկին պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































