Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրական Հայաստանը տեսնեին, չէի՞ն ասի՝ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք»․Վահան Թումասյանը՝ «Ավրորայի» մասին. (Տեսանյութ)

Մայիս 29,2017 17:51

«Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում արդեն երկրորդ տարին անցկացվող «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ այն թեև լավ իմաստ ունի, սակայն հազար ու մի խնդիրներ ունեցող Հայաստանում դեռ շուտ է նման խնդրով զբաղվելը։

«Ցույց ենք տալիս, որ գնահատում ենք աֆրիկյան կամ այլ ժողովուրդներին մեծ օգնություն բերող անհատներին, բայց մի հատ հայացք սևեռենք, թե Հայաստանի ներսում ինչ է կատարվում, հայ ժողովրդի հետ ինչ է կատարվում, սահմանին զոհվող երեխաների ընտանիքներում ինչ է կատարվում։ Այդ միջոցները, էներգիան ծախսենք Հայաստանի ներսում, մի քիչ մեր վիճակը շտկվի, թշվառությունը, թերսնվածությունը մի քիչ նվազի, հետո գնահատենք աշխարհին», – ասում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա, թեև լավ երևույթ է բարություն սերմանող, մարդասիրական գործեր անող անհատներին գնահատելը, սակայն չպետք է հարկ եղածից շատ ուշադրություն սևեռենք այդ մրցանակաբաշխությանը, որը Հայաստանի սահմաններից դուրս մեծ ճանաչում չունի։

«Քանի որ Հայաստանում աղքատությունը և ոչ միայն սոցիալական, այլ մշակութային աղքատությունն այնքան է, որ կոպիտ ասած՝ պարապ ենք, ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, քան իմաստ ունի։ Առհասարակ պետք է մի բան հասկանանք, որ սովորական երևույթ է։ Լավ բան է, բայց շատ սովորական երևույթ է այդ մրցանակաբաշխությունը։ Ամբողջ ազգով ապրելու երևույթ չէ, բայց քանի որ ամբողջ ազգով քիչ անելիք ունենք, տնտեսություն չի զարգանում, աղքատություն է, մշակույթ չի զարգանում, չգիտեմ՝ սպորտը տեղում դոփում է, մարդիկ մեծամասամբ հեռուստասերիալների վրա են նստած և կարծես կայարանում սպասում են իրենց գնացքին․․․Ամբողջ ազգով ինչ-որ բանի ենք սպասում, տա Աստված՝ լավ բանի սպասենք։ Այդ պատճառով էլ՝ կարծում եմ ավելի շատ ուշադրություն դարձրեցինք, քան պետք էր»,- ասում է Վահան Թումասյանը։

Նա ասաց, որ չի նայել մրցանակաբաշխությունն ամբողջությամբ, քանի որ գործով է զբաղված եղել, տնակ էր քանդում, որոշակի դրվագների հետևել է համացանցով։ «Ես սիրում եմ, որ գործողություն արվի Հայաստանում, ոչ միայն դահլիճներում կամ նախագահականում մրցանակներ չշնորհվեն, է հետո՞։ Ամեն դեպքում հովանավորները իրենք են որոշում, թե իրենց գումարը որտեղ ծախսեն, հիմա իրենք մտածել են, որ ․․․ Չչափազանցնեմ, չեմ կարծում Հայաստանից դուրս այդ մրցանակաբաշխությունն ուշադրության կենտրոնում է։Եթե այդ մրցանակաբաշխությունը հնարավոր լիներ ունենար համաշխարհային ազդեցություն, ինչպես ասենք Նոբելյան մրցանակը, ապա ուրիշ ազգեր էլ կանեին, մեզ հաստատ հերթ չէր հասնի։ Ես ինքս այդ գումարները, միջոցները, էդ էներգիան, էդ աշխատանքը ավելի արդյունավետ վայրում կծախսեի։ Երկրի ներսում տնտեսություն կզարգացնեի, որովհետև էդ մարդիկ, որոնք հյուր են եկել և իրականում եթե Հայաստանը տեսնեին, չէ՞ին ասի պարգևատրող կամ օգնող եք, ձեր ժողովրդին օգնեք․ 47-48 տոկոս թշվառություն, աղքատություն, թերսնվածություն է»։

Վահան Թումասյանի կարծիքով, ավելի տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի ու հայ ժողովրդի համար առանձնահատուկ օգնություն ցուցաբերող անձին կամ անձանց պարգևատրեին։ «Այդ մրցանակաբաշխությամբ ոչ մի սոված երեխա կուշտ չդարձավ, ոչ մի դպրոց չհաճախող երեխա գրենական պիտույք չստացավ ու դպրոց չվերադարձավ, ոչ մի անտուն տուն չունեցավ, ոչ մի աղբ չմաքրվեց, ոչ մի գործազուրկ աշխատանք չունեցավ։ Եթե այդ էներգիան ու միջոցները ծախսվեին այդ ուղղությամբ, ես ինքս կողջունեի։ Դրա համար ինձ համար ինչ-որ միջոցառում է․ ժամանակ ունենայի, կհետևեի, բայց թող չչափազանցնեն։Առավել ևս այդ դահլիճում, երբ որ ընչազուրկ մարդկանց օգնելու համար առանձնահատուկ ինչ-որ անձերի պարգևատրում էր, բայց էդ դահլիճում կա՞ր մեկը ընչազուրկ նստած, չկար չէ՞ հաստատ։ Հավաքվել են այսպես կոչված էլիտան և իրենք իրենց որոշել են պարգևատրել, պարգևատրում եք, մի չափազանցրեք, լավ եք անում, դուք որոշել եք ձեր գումարը, ձեր էներգիան ծախսել էդ ուղղությամբ, ծախսեք, բայց լավ կանեք ամեն ինչ չափի մեջ անել»։

Մեր զրուցակցի ասելով՝ կոնկրետ Գյումրին մեռնող քաղաք է, այստեղ մեռել է նաև մարդկանց երազանքը, և եթե իշխանավորները համարձակություն ունենային խոսել երկրում տիրող սովից, թշվառությունից, մեռնող քաղաքներից, քննարկեին լուծման ճանապարհները, ապա կարելի էր նրանց բարեսեր անվանել, ոչ թե շոու անողներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031