Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պաշտոնական էկոտուրիզմը Կաննի կինոշուկայում

Հունիս 12,2017 11:45

Մայիսի 28-ին ավարտվեց Կաննի 70-րդ կինոփառատոնը: Փառատոնի շրջանակում կազմակերպված կինոշուկային մասնակցում էր նաև մեր երկիրը: Հայաստանը տաղավար էր վարձակալել շուկայի պաշտոնական հատվածում: Տաղավարի վրա ծածանվում էր ՀՀ պետական դրոշը: Պետական պատվիրակությունը Կանն էր մեկնել՝ հուսալով, որ պետության կողմից պաշտոնական՝ թանկարժեք տաղավար վարձակալելը կփոխհատուցվի կինոփոփոխություններով, որոնք տեղի կունենան Հայաստանում Կաննից հետո: Պետական պատվիրակությունը Կաննի կինոշուկայում եղել է մայիսի 18-25-ը:

«Առավոտը» զրուցել է Կաննի կինոշուկային մասնակցած ՀՀ պետական պատվիրակության անդամ, հայկական տաղավարի համակարգող, «Պարալլելս» ֆիլմպրոդաքշընի և ՍԻՆԵՄԱ կենտրոնի տնօրեն Հովհաննես Գալստյանի, Կաննի շուկա մեկնելու՝ նախարարության հայտարարած մրցույթում հաղթած երեք նախագծերից մեկի հեղինակ Արթուր Սուքիասյանի և պետական պատվիրակության կազմից անկախ Կաննի շուկա մեկնած պրոդյուսեր Մելիք Կարապետյանի ու Կաննի փառատոնում ֆիլմի պրեմիերա ունեցած երիտասարդ ռեժիսոր Նարեկ Սարգսյանի հետ:

Մելիք Կարապետյան. «Մեծ տաղավար չի նշանակում ավելի մեծ հնարավորություն, եթե դուք պատրաստված չեք»

Պարոն Կարապետյան, Դուք Կաննի շուկա մեկնել եք սեփական նախաձեռնությամբ, այցելե՞լ եք Հայաստանի տաղավար, ինչպե՞ս կգնահատեք այս տարի Կաննի կինոշուկային մասնակցելու՝ Մշակույթի նախարարության նոր մոտեցումը

– Ի՞նչ էր տվել մեծ, պաշտոնական տաղավարը Հայաստանին: Իմ կարծիքով՝ ոչինչ:

Մեծ տաղավար չի նշանակում ավելի մեծ հնարավորություն, եթե դուք պատրաստված չեք: Այս տարի թվում է՝ նոր մոտեցում էր ցուցաբերվել, Մշակույթի նախարարությունը կինոշուկային մասնակցելու համար հայտարարել էր մրցույթ:

Իմ հարցը հետևյալն է՝ ո՞րն է եղել կոնցեպտը, ինչի՞ն էր ծառայելու այդ տաղավարը: Եթե այն ծառայելու էր հայկական կինոարտադրությունը միջազգային շուկա դուրս բերելուն, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ որ նախագիծը կամ ֆիլմը կգնար, ո՞վ է որոշում՝ կինոն լավն է, թե՞ վատը, Կաննի շուկայի մակարդակին համապատասխանում է, թե՞ ոչ: Պետության խնդիրը կինոարտադրողին հնարավորություն տալն է, որ նա կարողանա վաճառել իր արտադրանքը և գործարար կապեր ստեղծել: Շատ տաղավարներում ավելի թույլ ֆիլմեր կային, քան մենք կարող էինք տանել, և բոլոր ֆիլմերն էլ լավ ներկայացված էին:

Այնպես որ՝ մրցույթի գաղափարը սխալ էր ընդհանրապես: Եվ ո՞վ էր կազմակերպում մրցույթը, ինչո՞ւ պետք է մասնավոր միավորը, այս դեպքում՝ «Պարալլեսը», բոլորի համար մրցույթ հայտարարի: Շուկայում մի արտադրողը չպետք է մյուսին ներկայացնի, ամեն մեկը պետք է իրեն ներկայացնի:

Հայ կինոարտադրողները Կաննի շուկա կարող էին գնալ պետական պատվիրակությունից անկախ, ինչպես դա արել եք Դուք: Նախարարությունը պաշտոնական տաղավար էր վարձակալել ոչ միայն մրցույթում հաղթած երեք նախագծերը, այլև՝ հայ կինոյի նոր հայեցակարգը ներկայացնելու համար, ինչպե՞ս եք գնահատում պետական ծրագիրը

– Պետք չէ որևէ ռեժիսոր կամ պրոդյուսեր սպասի, որ իրեն պետությունը օգնի: Եթե դու հասունացել ես այնքան, որ կարող ես դուրս գալ միջազգային շուկա, կարող ես գնալ և արդյունավետ աշխատել, ինչպես, օրինակ, դա արեց Ջիվան Ավետիսյանը, որ բոլոր ծախսերն ինքն էր հոգացել: Բայց եթե պետությունը որոշում է աջակցել կինոարտադրողներին, մեծ գումարներ է ծախսում, տաղավար է վարձում և այլն, պետք է արդյունավետ և արդարացված լինի այդ ձեռնարկը: Մինչդեռ մեր տաղավարը բավական տխուր ներքին հարդարանքով էր, 2 օր կահույք չկար: Երրորդ օրը նոր բերվեց:

Մայիսի 21-ին ներկայացվում էին հաղթած նախագծերը, հանդիպումներ կային: Հաջորդ այցիս ժամանակ տաղավարը դատարկ էր, մի աղջիկ էր նստած: Գուցե մեր պատվիրակության անդամները այլ վայրերում հանդիպումների էին, պարզ է, բայց միևնույն է, երկրի պաշտոնական տաղավարը դատարկ չպետք է լինի:

Այդ տաղավարը վարձելը թանկ հաճույք է, և պետության կողմից դա մեծ օգնություն է, բայց մրցույթ հայտարարելը սահմանափակել էր կինոարտադրողների մասնակցությունը և այդ ծախսը դարձել էր ինքնանպատակ: Կարծում եմ, նախարարությունը հետագայում համակողմանի կքննի իրեն ներկայացված առաջարկների արդյունավետությունը:

Այս տարի Կաննում բավական լավ էր աշխատում մեր մեդիան, փորձում էր ինտեգրվել միջազգային մամուլին, փառատոնի մամլո ասուլիսին հայկական կողմից հարցեր կային, դա արդեն առաջընթաց է:

Իհարկե, Կաննի կինոշուկան կարևոր միջավայր է, կինոարտադրության բոլոր խաղացողները հավաքվում են մեկ տեղում, և եթե նախնական աշխատանք տարվի, այդ հնարավորությունը կարելի է շատ լավ օգտագործել:

Հովհաննես Գալստյան. «Ինձ մեղադրում են, որ ես իմ նախագծերի առաջխաղացմամբ եմ զբաղված»

-Պարոն Գալստյան, Դուք հայկական տաղավարի համակարգողն էիք, ի՞նչ արդյունքներ տվեց Կաննի կինոշուկային Հայաստանի մասնակցության նոր մոտեցումը

-Կաննի կինոշուկային մասնակցելու ստրատեգիան, նախարարին համոզելը, որ պետք է մեծ տաղավար վերցնել, մրցույթ հայտարարել իմ և Շուշանիկ Միրզախանյանի /«Հայկ» կինոստուդիայի տնօրեն/ համատեղ ջանքերի արդյունքում էր: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով պետական պատվիրակության ղեկավարության պատասխանատվությունը դրվեց կինոյի հանձնակատար Արսեն Բաղդասարյանի վրա: Այդպես որոշվեց Կաննի կինոշուկա մեկնելու նախօրեին:

Այս տարի մենք հայտարարել էինք մրցույթ, որպեսզի կինոարտադրողները ներկայացնեն նոր ավարտած ֆիլմեր, բայց դրանք չեն ներկայացվել: Հետո հայտարարեցինք, որ անկախ մրցույթի արդյունքներից, տվեք ֆիլմերը, տանենք տաղավարում ցուցադրության: Ոչ մի ֆիլմ չտրվեց: Հիմա Կաննից հետո հետին թվով ասում են՝ ինչու մեր ֆիլմերը ներկայացված չեն եղել և կինոշուկային մասնակցելու էֆեկտիվությունը փոքր է եղել:

-Դուք նույնպե՞ս այդպես եք կարծում, որո՞նք են եղել Ձեր հաջողությունները Կաննի շուկայում

– Մայիսի 21-ին կազմակերպեցինք հաղթած նախագծերի պրեզենտացիա: Ես շատ հետաքրքրված եմ, որ այդ նախագծերը առաջ գնան: Հեղինակները առաջին անգամ էին Կաննում, առաջին անգամ ավելի շատ Կանն գնում են սովորելու:

Բացի այդ, ես ներկայացրել եմ, որ Հայաստանը բացվում է նկարահանումների համար, նոր կինոնախագծերի, ՍԻՆԵՄԱ դպրոցի և «Պարալլելս» պրոդաքշնի նախագծերի հետ կապված ունեցել եմ 47 հանդիպում՝ World Cinema fund, Euroimages, CNC, EAVE և այլն: EAVE -ն համաձայնության է եկել աշխատարան անցկացնել մեր դպրոցում:

«Պարալլելս» ֆիլմ պրոդաքշընը տարել էր «Տատիկիս վարսերը», «Մետամարֆոզներ» ֆիլմերի և ՍԻՆԵՄԱ դպրոցի նախագծերը:

«Մետամարֆոզների» համար Լանգեդոկում /Ֆրանսիա/ նկարահանումներ ունենք, հանդիպել եմ Լանգեդոկի կինոյի հանձնակատարի հետ: Երբ պայմանագիր կունենանք, կխոսեմ այդ մասին:

«Տատիկիս վարսերը» ֆիլմի վերաբերյալ ունենք համաձայնություն Բուլղարական «Ժելֆիլմ» ընկերության հետ, որի հետ ունենք համարտադրության պայմանագիր , սպասում ենք, որ Բուլղարիայի կինոկենտրոնը ֆինանսավորի: Կաննում պետք է հանդիպեինք, բայց իրենք չեկան Կանն:

Ես Մշակույթի նախարարությանը առաջարկել էի Կաննի կինոշուկային մասնակցելու ծրագիրը երեք տարով տալ «Պարալլելս» պրոդաքշընին, բայց հիմա հրաժարվել եմ այդ մտքից, նեգատիվը տեղի կինոգործիչների կողմից շատ է: Ինձ մեղադրում են, որ ես իմ նախագծերի առաջխաղացմամբ եմ զբաղված:

– Ամեն դեպքում, Դուք ի պաշտոնե ՀՀ տաղավարի համակարգողն էիք և պետական պատվիրակության անդամ, ի՞նչ էր տեղի ունենում հայկական տաղավարում

– Հայկական տաղավարում ներկայացվել է մեր ցուցանակը, որի վրա գրված էր՝ Հայաստանի ֆիլմ կոմիսիա: Հանձնակատարը ներկայացրել է, որ Հայաստանում կարող են ֆիլմեր նկարահանել դրսի արտադրողները, մյուս կողմից՝ վաճառվեն հայկական ֆիլմերը: Այս տարի առաջին անգամ մենք օգնություն ունեցանք բիզնես սեկտորի կողմից՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց TSD կազմակերպությունը: Մնացած ինֆորմացիան Արսենը թող ասի:

Իհարկե, տեխնիկական խնդիրներ կային՝ կապված հեռուստացույցի ձևաչափի, կահույքի հետ և այլն: Կաննի աշխատակազմում մի հայ աղջիկ կար՝ Անահիտ Օրդյանը, ինքնակամ օգնեց մեզ կահույքի, դրոշի հարցում, նույնիսկ ջուրը բերելու հարցով էլ էր ինքը զբաղվում:

Կաննում շոշափելի արդյունք ունենալը հետևողական երկար աշխատանք է: Եթե քսանհինգ տարի մենք ինտեգրված չենք եղել, մեկ տարում ինչպե՞ս պետք է ինտեգրվեինք: Ես հույս ունեմ, որ հաջորդ անգամ շուկայից ամիսներ առաջ՝ նոյեմբերին կհայտարարվի մրցույթը և բոլորը կհասցնեն մասնակցել:

Մյուս անգամ կարելի է այդ նույն գումարով տանել տասը պրոդյուսեր:

Արթուր Սուքիասյան. «Նույնիսկ կասկածում եմ՝ պատվիրակության ղեկավարը տեղյա՞կ էր իմ նախագծից որևէ բան»

 -Արթուր, Ձեր «Վիրավոր քաղաքը» կինոնախագիծը պետական աջակցությամբ ներկայացվեց Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում: Որպես հայկական պատվիրակության մասնակից, ինչպե՞ս եք գնահատում պատվիրակության աշխատանքը և Ձեզ տրամադրված պետական աջակցությունը

– «Վիրավոր քաղաքը» իմ երկրորդ լիամետրաժ վավերագրական ֆիլմի նախագիծն է: Կենտրոնացած է հինգ հերոսների վրա՝ երկրաշարժից 29 տարի անց: Ուզում եմ հասկանալ՝ ճի՞շտ են այն միֆերը, որ սովետական ժամանակ մարդիկ երջանիկ և ուրախ են եղել, ի՞նչ է տեղի ունեցել մեզ հետ անկախությունից հետո: Ուզում եմ Հայաստանի անկախությունից քսանհինգ տարի հետո ֆիլմում մենք տեսնենք մեզ՝ այդ հինգ պերսոնաժների միջոցով: Արտադրողը իմ կազմակերպությունն է՝ «Գյումրիդոկը»: Ֆրանսիացի համարտադրող ունեմ՝ «Քուիլիմբոն»: Կաննից հետո կա նաև միջազգային վաճառքով հետաքրքրված ընկերություն:

Կանն մեկնելուց առաջ պետական պատվիրակության ղեկավարությունն ասաց, որ այնտեղ պայմանավորվածությունների հարցում կօգնի, բայց բոլոր նախնական պայմանավորվածությունները ես եմ արել, որևէ գործնական աջակցություն չեմ տեսել, նույնիսկ կասկածում եմ՝ պատվիրակության ղեկավարը տեղյա՞կ էր իմ նախագծից որևէ բան: Նախարարությունը գնել էր ինքնաթիռի տոմսերը, բայց ակրեդիտացիայի գումար չկար, արված չէր իմ ակրեդիտացիան, անհեթեթ իրավիճակ էր ստացվում, ես ստիպված գումար հայթայթեցի և ինքս կազմակերպեցի հավաստագրումը, հակառակ դեպքում տուրիստ էի գնալու Կանն:

-Եվ ի՞նչ գործնական արդյունքներ եղան Ձեր հավաստագրման և մասնակցության շնորհիվ, ինչպե՞ս էր ներկայացված հայկական տաղավարը

Մեր տաղավարում քիչ ժամանակ եմ անցկացրել, հանդիպումներս դրսում էին:

«Պրոդյուսերս նեթվորք» հարթակում շատ արդյունավետ էր աշխատանքը, ամեն օր երկու ժամ հավաքվում էին հինգ հարյուր պրոդյուսեր, շատ լավ հարթակ էր ֆիլմերն ու նախագծերը ներկայացնելու, հանդիպելու միջազգային հեղինակավոր փառատոնների կազմակերպիչների հետ: Մեկ անգամ էի մեր տաղավարում հանդիպում նշանակել՝ «Քիքստարտերի» վավերագրական ծրագրի ղեկավարն էր, բայց ստիպված գնացինք իր տաղավար, քանի որ մեր տաղավարում աթոռներ չկային: Առաջին երկու օրը տաղավարը չէր աշխատում, դուռը, իհարկե, բաց էր, բայց որևէ աշխատանք չկար: Եվ չի աշխատել վերջին օրը:

Լավ կլիներ, Կաննի կինոշուկային որպես երկիր լուրջ առաջարկով ներկայանայինք, ոչ թե երեք նախագծով: Տաղավարը ՀՀ-ն էր, բայց հայկական կինոն այդ տաղավարում չէր ներկայացված, չէ որ քսանհինգ տարի, լավ, թե վատ, Հայաստանում ֆիլմեր նկարվել են: «Կոդբուս» փառատոնի ղեկավարն այնտեղ էր, փնտրում էր կարճամետրաժ, լիամետրաժ ֆիլմեր և նախագծեր: Իհարկե, Հովհաննեսը խոսեց, ներկայացրեց իր դպրոցը, բայց արդյոք լավ չէ՞ր լինի պատվիրակությունը տարած լիներ և ներկայացներ հայկական ֆիլմերը, մանավանդ, որ այս տարիներին իրոք ունեցել ենք ֆիլմեր՝ Լևոն Մինասյանի «Բրավո Վիրտուոզը», Աննա Արևշատյանի «Բարի լույսը» և շատ այլ ֆիլմեր կարելի է թվարկել:

Պաթոսն ու հավակնությունը մեծ էր, դրա փոխարեն լավ կլիներ շատ ռեժիսորներ, մասնակիցներ, ֆիլմեր ու նախագծեր լինեին: Ինձ համար շատ տարօրինակ էր, որ ընդամենը տասներկու նախագիծ էր դիմել նախարարության հայտարարած մրցույթին: Դա էլ մտածելու բան է, ինչո՞ւ մարդիկ չեն դիմել, ինչու մարդիկ չեն վստահել ֆիլմեր ու նախագծեր տալ: Շատ մեծ շռայլություն է տաղավար բացել, աղքատիկ միջավայրում երեք նախագիծ տանել ու ասել՝ մենք եկել ենք, բացեք ձեր բոլոր դռները: Եթե պատվիրակությունը մեծ չէր, գոնե պետք է շատ արտադրանք տարվեր:

Ինձ համար հետաքրքիր էր, շատ հանդիպումներ եմ ունեցել, թե՛ իմ նախագծի համար, թե՛ ներկայացնելու համար մեր երկիրը, և իսկապես հետաքրքրություն կար օտարների կողմից: Լավ կլիներ, որ պետական պատվիրակությունը մշակված ստրատեգիա ունենար ներկայացնելու Հայաստանը՝ որպես կինոյի երկիր, նոր կինոինդուստրիա ստեղծող երկիր:

Ինձ համար կարևոր է հասկանալ՝ կինոն պետության համար կարևոր է, թե՞ ոչ:

Նարեկ Սարգսյան. «Էսքան տարի Կանն ենք գնում, ոչինչ չենք սովորել»

-Նարեկ, Ձեր «Մասնիկ» ֆիլմն ընտրվել էր Կաննի փառատոնի «Շորթ կորներ» հարթակում: Փաստորեն, Ձեր դեբյուտային աշխատանքի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի փառատոնում: Ինչպե՞ս մեկնեցիք Կանն

-Ինձ հրավեր եկավ փառատոնից և հավաստագրում: Դիմեցի Մշակույթի նախարարությանը՝ խնդրանքով, որ աջակցեն ճանապարհածախսի հարցում, քանի որ հրավերը և ակրեդիտացիան ունեի: Տպավորություն էր, որ սովետական ԺԵԿ էի զանգել, նամակը ուղարկել չէր լինում էլ. փոստով, ասացին՝ չի աշխատում, ֆիզիկապես բերեք:

Վերջապես, գրավոր դիմում ներկայացրի ու գրավոր մերժում ստացա. ինձ ասացին, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, երեք նախագծերը, որոնք պիտի պատվիրակությունը տանի Կանն, արդեն ընտրվել են: Ես ապշեցի: Այդպես էլ չհասկացան, ես ինչ եմ ասում, չէ՞ որ ես գնում էի փառատոնի մասնակցելու, ի՞նչ կապ ուներ կինոշուկայի մրցույթը, հանձնաժողովը, նախագիծը և հայկական պատվիրակության կողմից ֆիլմը տանելը, իմ ֆիլմն արդեն ցուցադրման հրավեր էր ստացել:

Մեկ ամիս տանել-բերելուց հետո ինձ երկրորդ ապշեցուցիչ հարցը տվեցին՝ ինչո՞ւ ես դիմել հենց Մշակույթի նախարարություն: Պատասխանեցի՝ մշակութային միջոցառմանը մասնակցելու եմ գնում, հո չէի՞ դիմելու Գյուղատնտեսության կամ Էներգետիկայի նախարարություն: Ի վերջո, նախարարությունը ինձ գրավոր մերժեց: Մեր տաղավարի պատասխանատու Հ. Գալստյանը ասաց՝ առաջարկում եմ ֆիլմի նյութերը տաս, տանենք մեր տաղավարում պրեզենտացիա անենք: Ասում եմ՝ ի՞նչ պրեզենտացիա, իմ ֆիլմը պրեմիերա է ունենալու փառատոնում:

Հետո նախարարության մի աշխատակցուհի զանգեց, ասաց՝ նոր եմ հասկացել ինչն է խնդիրը, ես իմ կապերով կփորձեմ քեզ օգնել: Արմենուհի Ղազարյան էր անունը:

Ի վերջո, կապվեցին ինձ հետ, մարդ ուղարկեցին ֆիլմը նայելու, տեսնելու, թե ֆիլմում հակահայկական բան կա, թե՞ ոչ: Հանդիպում կազմակերպեցին, որտեղ ներկա էր Մշ. նախարարության ներկայացուցիչ Գուժ Թադևոսյանը, տաղավարի համակարգող Հ. Գալստյանը և տաղավարի հովանավոր Վահան Շաքարյանը:

Հանդիպմանը հովանավորին մանրամասն ներկայացրի, որ իմ ֆիլմը կինոշուկայի մրցույթի հետ կապ չունի, ես արդեն Կաննից պաշտոնական հրավեր ունեմ, ակրեդիտացիա ունեմ, ինձ պետք էր ընդամենը աջակցել ճանապարհածախսի և կեցության հարցում: Վ. Շաքարյանը շրջվում էր ու ներկաներին ասում՝ տեսնու՞մ եք: Ես նույնիսկ վատ զգացի իրենց նվաստացման համար: Թեև ինձ հրավիրել էին 6 օրով, «Շորթ Կորները» մայիսի 22-28-ն էր, բայց ես պատրաստ էի մեկ օրով գնալ, գոնե իմ ֆիլմի պրեմիերային ներկա լինել: Հովանավորը շատ լավ տպավորություն թողեց իհարկե, բայց արդյունք չեղավ:

Հետո ինձ նախարարությունից զանգում, ասում էին՝ գիտե՞ք՝ պարոն Նարեկ, մեր բաժինը ամենալավն է աշխատում: Կարծես իմ նպատակը իրենց լավ ու վատը բարձրաձայնելն էր, իմ նպատակը ընդամենը նախարարությունից աջակցություն ստանալն էր ֆիլմիս պրեմիերային ներկա լինելու համար: Եթե ինձ պատասխանեին՝ պետությունը գումար չունի ձեզ աջակցելու համար, ես էլի նորմալ կընդունեի ու կհամարեի ռեալ պատասխան, բայց ինչ-որ իռացիոնալ իրավիճակ էր ստեղծվել: Ես նույնիսկ ասացի՝ գումարն էլ ես կճարեմ, դուք ուղղակի անունս ընդգրկեք պետական պատվիրակության կազմում, դեսպանատան քաշքշուկներից խուսափելու համար: Դա էլ չարեցին: Ստիպված բոլոր ծախսերը հոգացի ինքս: Կինոշուկայում մեր տաղավար մեկ օր եմ գնացել, մայիսի 25-ն էր, փակ էր տաղավարը: Կողքի երկրների տաղավարի աշխատակիցներին հարցրի՝ մերոնք ո՞ւր են, ասացին՝ էս երկու օր է՝ չկան:

Էսքան տարի Կանն ենք գնում, ոչինչ չենք սովորել: Էդ գումարը, որ ծախսվել է պետական դրոշով տաղավար վերցնելու վրա, ավելի լավ կլիներ հինգ սկսնակ ռեժիսորի տրվեր, պատվիրակության անդամ պրոդյուսերն ու ռեժիսորն էլ համակարգեին նրանց աշխատանքը և հինգ ֆիլմ նկարվեր, քան էդպիսի բան ձեռնարկել՝ ունենալ դատարկ տաղավար, որի մեջ մի հատ անանաս էր դրված:

«Առավոտը» առաջիկայում կզրուցի Կաննի կինոշուկայում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ կինոյի հանձնակատար Արսեն Բաղդասարյանի հետ՝ Կաննում ներկայացված հայկական կինոյի նոր ռազմավարության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Ամիրյանն ավիրում է ամեն ինչ, ափսոս…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930