Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում ադրբեջանցիները փորձել են ներկայացնել, թե հայերը ռմբակոծել են խաղաղ բնակչությանը

Հուլիս 05,2017 21:00

Մինսկում այսօր կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի, նրա տեղակալ Ազայ Գուլիևի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության միջև հեռակա «ռմբակոծություն» է տեղի ունեցել: Ադրբեջանցիներն անդրադարձել են հուլիսի 4-ին տեղի ունեցած սահմանային սրացումներին` ներկայացնելով, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակչությանն է ռմբակոծել. զոհեր կան:

Aravot.am-ը որոշ մանրամասներ խնդրեց ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին: Նա ասաց, որ ադրբեջանցի գործընկերները սովորույթի համաձայն`իրավիճակի միայն այն կողմն են ներկայացրել, որն իրենց շահերից է բխում և փորձել են մտցնել լարվածություն և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տպավորություն ստեղծել:

Տիկին Նաղդալյանն ասաց, թե համարժեք հակահարված է տվել. «Անմիջապես ձայն վերցրի ու պատասխանը տվեցի` անդրադառնալով և՛ նախորդ միջադեպերին`սկսած ապրիլյան պատերազմից, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին այն մասին, որ շփման գծում վաղուց պետք է տեղադրված լինեին հսկման միջոցները, որոնք Ադրբեջանի պատճառով չեն տեղադրվում, իսկ ՀՀ-ն միակողմանիորեն դրանք տեղադրել է և ամբողջ աշխարհին որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն կարող է ներկայացնել` ով սկսեց, ով առաջինը կրակեց, որտեղից է գալիս»:

Տիկին Նաղդալյանի տեղեկացմամբ` պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ անդամներին է բաժանելու Արցախի ՊՆ-ի տրամադրած տեղեկատվությունը սահմանային լարման հետ կապված, նաև տպագիր տարբերակով տրամադրելու են օրեր առաջ Մինսկի խմբի կողմից արված այն հայտարարությունը,  որ զինադադարի խախտման նախաձեռնությունը Ադրբեջանինն է և որ նա ձեռնպահ պիտի մնա նման սրացումներից:

Տիկին Նաղդալյանը պատմեց, թե ադրբեջանցիները երկու, երեք անգամ իրար հետևից ձայն վերցնելով` փորձել են իրենց տեսակետը ներկայացնել, անդրադարձել են նաև Մինսկի խմբի աշխատանքներին: Այս առիթով Հերմինե Նաղդալյանը մանրամասնեց. «Հայտարարեցին, թե Մինսկի խմբի աշխատանքները բավարար չեն, թե իրենց ընտրողները հարց են տալիս` ինչո՞ւ 20 տարուց ավելի է արդյունքներ չկան, նորից ձայն վերցրի, ու համարժեք պատասխան ստացան: ԵԱՀԿ-ի գործընկերների արձագանքներից էլ զգացի, որ շատ լավ հասկանում են: Այսինքն`բոլորի դիրքորոշումն այն է, որ վաղուց սովորել են ինչպես ասում են с больной головы на здоровую. ադրբեջանցիները նախաձեռնում են, հետո գցում հայերի վրա: Իրենք սկսում են, փորձում լարվածություն ստեղծել, մեր հաշին միավորներ հավաքել ու հետո իրենք էլ փոշմանում են»:

Տիկին Նաղդալյանն այս կապակցությամբ արձանագրեց, որ Արցախի ՊՆ-ի ներկայացրած տվյալները թույլ են տալիս հստակորեն ժամով և մնացած մանրամասներով համոզել, որ այս ամենի նախաձեռնությունը գալիս է Ադրբեջանից: Հետաքրքրվեցինք` ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանցիները շահարկե՞լ են երկու տարեկան երեխայի սպանությունը, տիկին Նաղդալյանը տեղեկացրեց, որ փորձել են մի քանի նկար տարածել և զոհերի մասին խոսել, բայց այդ ամենի պատասխանը ստացել են:

Մեր մյուս հարցին` իսկ վեհաժողովի անդամների արձագանքը համարժե՞ք էր, տիկին Նաղդալյանը պատասխանեց, որ պաշտոնական գնահատականներ չեն հնչել, բայց իրենց անհատական շփումներում մարդիկ կարծիք են հայտնում, որ Ադրբեջանը նույն կերպ է վարվում, ինչը հոգնեցուցիչ է, բոլորն էլ լավ հասկանում են, որ, որպես կանոն, նման սրացումներն արվում են միջազգային բարձրաստիճան հանդիպումներից, այցելություններից համաժողովներից առաջ և հետո` որպես ուշադրություն գրավելու միջով:

Տիկին Նաղդալյանը զրույցի ավարտին, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության`այսօրվա վարքագծին նշեց, որ երևի մտածել են, թե հայկական պատվիրակությունը նոր է, դեռ շփումներ, հարաբերություններ չունի, բայց սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ ստացել են համարժեք պատասխան: Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, «Ծառուկյան դաշինքից» Տիգրան Ուրիխանյանը եւ ԵԼՔ-ից Արարատ Միրզոյանը:

Վեհաժողովն աշխատանքային առաջիկա օրերի ընթացքում կքննարկի Ուկրաինայի, Բելառուսի, Արևելյան Եվրոպայի հետ կապված հարցեր, իսկ երեք հանձնաժողովներում քննարկման են դրված կարևոր բանաձևեր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31