«Մեզ հաջողվել է Գյումրիից կանխել 500 ուղեղների արտահոսքը»․ Ամալյա Եղոյան  (Տեսանյութ)

«Մեզ հաջողվել է Գյումրիից կանխել 500 ուղեղների արտահոսքը»․ Ամալյա Եղոյան  (Տեսանյութ)

Այսօր մեծ շուքով, տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ մտավորականների ու պաշտոնյաների մասնակցությամբ նշվեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները։ Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։

Միջոցառման ընթացքում  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Գյումրու թվով 10 դպրոցների 150 աշակերտներ «Ինֆորմատիկա» առարկայի դասընթացները կանցկացնեն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում։ Ինչպես իր ելույթում նշեց Հայ Օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանգուլյանը, 12 տարի առաջ ոչ մեկը չէր հավատում, որ Գյումրիում այս գաղափարը կաշխատի։ Սակայն դարձավ այն կենտրոններից մեկը, որտեղ ոտք դնելով՝ մինչև վերջ առաջ են գնում։ Իսկ տեղեկատվական կենտրոնում հարյուրավոր երեիտասարդներ են կրթվել՝ դառնալով տեղեկատվական ոլորտի բարձր մասնագետներ, ու նրանց 99,9 տոկոսը ապահովվել է աշխատանքով։ Կենտրոնը գրավել է նաև օտարեկրյա ներդրողներին․ այս պահին  25 հայտնի միջազգային կազմակերպություններ են ակտիվ գործունություն ծավալում այնտեղ։

Aravot.am-ը ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանից հետաքրքրվեց, թե 12 տարիների ընթացքում ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը։ «Մեր քաղաքի, ինչպես նաև մեր երկրի խնդիրը միշտ էլ եղել է աշխատատեղը, որովհետև մեր տաղանդաշատ երիտասարդներն, ավարտելով ինստիտուտը, չգտնելով համապատասխան աշխատանք համապատասխան մասնագիտությամբ, մեկնել են արտերկիր, Երևան, և Գյումրիից տեղի է ունեցել մեծ արտագաղթ, ուղեղների արտահոսք։ Այսօր ոչ մեծ չափով, այնքանով, որքանով կենտրոնն ունի հնարավորություն, կանխում է այդ արտագաղթը, ու դա ստացվում է, քանի որ այսօր 500-ից ավելի տեղացի մասնագետ աշխատում է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում Գյումրիում, 25 ընկերություններ հենց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում են։ Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակը մեր պատվիրատուն է, ամեն օր բանակցում ենք գրեթե ամբողջ աշխարհի բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի ներդրումներ կատարեն Գյումրիում։ Կենտրոնը ներդրողի մոտ հավատ է ներշնչում, որ այստեղ հնարավոր է բիզենսը զարգանա ու առաջ գնա։  Իսկ ցանկացած մուտք աշխատատեղ է ստեղծում, կանխում է արտագաղթը քաղաքից ու ազդում է մի ամբողջ երկրի հզորացման վրա», -ասաց Ամալյա Եղոյանը։

Նա նշում է, որ անգամ ներգաղթ է նկատվում դեպի Գյումրի. երեք երիտասարդներ, որոնք 4 տարի առաջ գնացել և աշխատում էին Երևանի տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ընկերություններում, այսօր վերադարձել են Գյումրի՝ հենց Գյումրիում ստեղծելով իրենց ընկերությունները ու աշխատանքի վերցնելով տարբեր ուսանողների։

Մենք Ամալյա Եղոյանից հետաքրքվեցինք նաև, թե ունե՞ն շրջանավարտներ, որոնց հրավիրում են արտերկիր, ամենահայտնի ընկերություններում աշխատելու։ Նշենք, որ կան որոշակի տվյալներ, որ Նյու- Յորքում մեծ թվով հայ ծրագրավորողներ են աշխատում, նրանցից շատերը անլեգալ են ապրում ԱՄՆ-ում, սակայն այդ մասնագետների կարիքն այնքան մեծ է, որ թեկուզ այդպես համաձայնել են նրանց աշխատանքի ընդունել։ «Եվ Սիլիկոնյան հովտում և Նյու Յորքում շատ հայ տաղանդներ են աշխատում, IT ոլորտից արտագաղթը ի նպաստ է մեր երկրին, ճիշտ է՝ լավ չէ, որ նրանք ֆիզիկապես բացակայում են, բայց IT ոլոտը, երբ որ գնում է դուրս,աշխատում է գուգլում կամ ֆեյսբուքում, մեր երկիրն է գովազդում, և մենք բոլոր կառույցների հետ ստանում ենք համագործակցության հնարավորություն»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք