Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տոնավաճառ Սևանում, որ կրում էր «Գտնված երազ» անվանումը (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 27,2017 16:31

Ամանորի շեմին հերթական նախաձեռնությամբ հանդես եկան Սևանում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկության երիտասարդները: Ընդամենը 5-ամսյա կենսագրություն ունեցող «Բոհեմ»-ը հասցրել է դառնալ սիրելի ու սպասված վայր ոչ միայն սևանցիների, այլ նաև քաղաքի հյուրերի համար: Բոհեմականների հեղինակած հետաքրքիր, ինքնատիպ նախաձեռնություններն ու երեկոներն էլ  սպասված են ու միշտ ցանկալի:

Հերթականն էլ «Գտնված երազ» ամանորյա տոնավաճառի կազմակերպումն ու անցկացումն էր:

Ինչպես նշեց «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, «Բոհեմ»-ի տիրուհի Գոհար Մնացականյանը, գլոբալ առումով տոնավաճառի անցկացման նպատակը հատկապես արվեստի ու թեյի ոլորտում արտադրողների համար հարթակ ստեղծելն է: «Սա հնարավորություն է, որ արտադրողը հանդիպի իր սևանյան գնորդներին, լայնացնի շուկան, գնորդներն իրենց համար հաճելի պրոդուկտներ գտնեն, իսկ մենք էլ դառնանք կապող օղակ: Միաժամանակ խնդիր ունենք հատկապես արտ պրոդուկտի նկատմամբ վերաբերմունքի քարոզման»,- ասում է Գոհարը:

Նպատակին համահունչ տոնավաճառին իրենց արտադրանքն էին ներկայացրել սոցիալական ձեռնարկություններից Վարդենիկի «Սարերի Բարիք»-ը, Ճամբարակի «Քլեյ Հաուս»-ը, Վանաձորի «Լոռի Արտ»-ը ու «Աբրիկոտ»-ը, Հրազդանից` «My Book Store» ու «My Corner», Միջմշակութային հաղորդակցությունների կենտրոն, «Այլ կերպ» ապրանքանիշը, «Սևան» թեյը, թեյ «Նազանի»-ին: Սրա կողքին սևանցի ու ոչ սևանցի անհատ ստեղծագործողների աշխատանքներն էին:

Տոնավաճառի խորհրդանիշը` «Գտնված երազ» մուլտֆիլմի աղջնակն էլ իր պայծառ հայացքով ու մեծ աչուկներով ուղեկցում էր տոնավաճառի մասնակիցներին:

Իհարկե, եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով նախապես հայտարարված բացօթյա տոնավաճառն անցկացվեց «Բոհեմ»-ի հյուրընկալ հարկի տակ, սակայն դա բնավ չխանգարեց, որ նախաձեռնությունը ծառայի իր նպատակին:

Տոնավաճառի կազմակերպիչները վստահ էին, որ այցելուները հնարավորություն կունենան ամենօրյա խանութներից ու շաբլոն դարձած ապրանքներից (ինչից բոլորն ունեն) տարբեր բաներ տեսնել ու ցանկության դեպքում գնել դրանք. տոնածառի խաղալիքներ ու աքսեսուարներ, գլխարկ ու ձեռնոց, գրքեր ու թեյ, հուշանվերներ ու բիժուտերիա` մեկը մյուսից ինքնատիպ ու չկրկնվող։ Այս ամենի կողքին մասնակիցներն էլ հնարավորություն ունեցան իրենց ապրանքը ներկայացնելու ու վաճառելու։

«Գտնված երազ» ամանորյա տոնավաճառը նպատակ ունի աշխարհում այնքան ընդունված  տոնավաճառների մշակույթը նաև մեր քաղաք բերելու, որի առաջին քայլերն արդեն հաջողված են:

Գնումներին զուգահեռ կազմակերպիչները հոգացել էին, որպեսզի մասնակիցները վայելեն նաև հետաքրքիր և հաճելի ժամանց` համերգային ծրագրի տեսքով: Ամանորյա սիրված ու բազմալեզու երգերը շուտով իրենց օղակի մեջ առան նաև ներկաներին` անմոռանալի դարձնելով օրվա տպավորությունները:

Ավարտվեց հերթական նախաձեռնությունը, սակայն «Բոհեմ»-ի հարկի տակ շարունակվում են տոնական միջոցառումներն ու շոուները:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031