Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ

Մայիս 29,2018 17:21

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) ու Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) շնորհավորել են քաղաքական բոլոր ուժերին և առաջին հերթին հայ ժողովրդին՝ զսպվածության և քաղաքական հասունության համար, որոնք դրսևորվել են վերջին ցույցերի և հետագա իշխանափոխության ընթացքում, որը տեղի ունեցավ խաղաղ պայմաններում՝ համաձայն սահմանադրական դրույթների և սկզբունքների:

Համազեկուցողների խոսքով՝ տեղի ունեցած իշխանափոխության ձևը, որին հաջորդեց կառավարության ձևավորումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդգծում են քաղաքական համակարգի հասունությունը, ինչպես նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերը հակված են երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

Միևնույն ժամանակ համազեկուցողները նշել են, որ հայ ժողովուրդը նոր իշխանություններից ակնկալում է խորը և արագ բարեփոխումներ: Այս կապակցությամբ նրանք ընդգծել են, որ վարչապետի կողմից ձևավորված կառավարությունը, կայուն և ժողովրդավար միջավայր ստեղծելու Նիկոլ Փաշինյանի հստակ մտադրությունը ստեղծել են անհրաժեշտ պայմաններ՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու և երկրի ազգային անվտանգության համար:

«Բացի այդ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական համախոհների կողմից տրված ազդանշաններն առ այն, որ արդարադատության համակարգը  լինելու է լիովին անկախ,  հրահանգներից և քաղաքական միջամտությունից զերծ, ցրում են քաղաքական հաշվեհարդարի մտավախությունը, որի մասին լսել ենք մեր այցի ընթացքում»,-հայտարարել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ քաղաքական գործիչների հանցավոր  գործողությունները չպետք է անպատիժ մնան՝ անկախ քաղաքական երանգավորումից:

Գալատին և Լովոչկինան իրենց մտահոգությունն են հայտնել սոցցանցերում նախկին իշխանությունների հասցեին ուղղված «ատելության խոսքի» դրսևորումների կապակցությամբ:

Հայաստան կատարած այցի ընթացքում համազեկուցողները  շեշտել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Բացի այդ նրանք ողջունել են նոր իշխանությունների՝  մարդու իրավունքներին վերաբերող օրենսդրությունը խորացնելու հանձնառությունը: Այս համատեքստում նրանք հույս են հայտնել, որ Ազգային ժողովը շուտով կվավերացնի Լանզարոտի կոնվենցիան (Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա-խմբ.), ինչպես նաև Ստամբուլի կոնվենցիան (Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա-խմբ):

Համազեկուցողներն ընդգծել են, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարության  հաստատման ճանապարհին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Դե պարզ ա, ոնց որ իրանց երկրներում ա խոսքի ազատությունը ճնշվում որ մարդ ֆեյսբուքում քոմենթ գրելու համար գնում տարիներով նստում ա էնպես էլ ուզում են Հայաստանում նույն ֆաշիստական political correctness կոչվածը մտցնեն։ Չեն ուզում որ մարդիկ տարիներով երկիրը թալանողների հասցեին վատ բան ասեն, որ հանկարծ էդ քնքուշ նուրբ սրտով մարդիկ իրանց վատ չզագան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031