Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկոս քահանա Մանգասարյան. եկեղեցական կյանքում բարենորոգությունը կաթողիկոսին առանց կանոնական հիմքերի գահընկեց անելով և մեկ այլ՝ նոր հայրապետ բերելով չի լինում և երբեք էլ չի եղել

Հունիս 06,2018 14:19

Երեկ ԶԼՄ-ներին է ուղարկվել հետեւյալ հաղորդագրությունը. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումը, հայ ժողովրդի միասնական ոգու դրսևորմամբ լուսավոր նոր էջ պիտի բացի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում: Հայ եկեղեցին հայ ազգի հոգևոր և ազգային հարստությունն է: Շարժումը հավատում է, որ ժողովրդի ձայնն անհնար է անտեսել:

Հայ եկեղեցու մի շարք հավատացյալներ,մտահոգ լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխմամբ, պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարում հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում նոր Հայաստանում:

Շարժումը կոչ է անում համախմբվածության՝ Հայ եկեղեցու համար ճակատագրական այս պահին»:

Նրանք այսօր հավաք են կազմակերպել, որը տեղի կունենա Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում. «Հավաքի ընթացքում բարձրաձայնվելու է Հայ եկեղեցու նվիրյալ հոգևորականների և  հավատացյալների արդար պահանջը»:

Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Մարկոս քահանա Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրում է. «Նոր Հայաստանում նոր հայրապետ պահանջող իմ սիրելի հոգևոր քույրեր ու եղբայրներ, խորապես մտահոգված եմ ներկա իրադրությամբ։ Սակայն այս պահին նոր հայրապետ պահանջելու անմտության կամ նման գործողությունների ինձ համար կատարելապես անընդունելի լինելու մասին չէ, որ պիտի խոսեմ։

Նախ՝ խնդրում եմ հասկացեք, որ քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում, ավելին՝ դրանք միայն և միայն կարող են վնաս բերել Եկեղեցուն։ Օրինակ՝ Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնության կարգախոսի տրամաբանությամբ ամեն նոր Հայաստանի կամ ամեն իշխանափոխության հետ նոր Հայրապետ ենք ուզելու։ Իսկ սա, մեղմ ասած ճիշտ չէ։

Երկրորդ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում չկա այնպիսի պառակտում և բևեռացում, որը համեմատելի կլիներ մեր ներքաղաքական իրավիճակի հետ։ Մենք չունենք ՀՀԿ ի և Ելքի նման իրար հակադիր ուժեր, որ մեկի տապալմամբ և մյուսի իշխանության գալով բոլոր հարցերը հնարավոր լիներ լուծել։

Երրորդ՝ եկեղեցական կյանքում բարենորոգությունը կաթողիկոսին առանց կանոնական հիմքերի գահընկեց անելով և մեկ այլ՝ նոր հայրապետ բերելով չի լինում և երբեք էլ չի եղել։

Այո, ես չեմ մերժում այսօր էլ Հայ Եկեղեցում բազում խնդիրներ կան, բայց յուրաքանչյուր ոք ազատ է այդ խնդիրների մասին բարձրաձայնելու և լուծման իր տարբերակներն առաջարկելու ամենատարբեր հարթություններում։

Հարց՝ արդյոք սպառվա՞ծ են բոլոր այդ հնարավորությունները, արդյոք այդ խնդիրների մասին մեր ծառայակից եղբայրները բարձրաձայնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև և արդյոք նոր հայրապետի միջոցով լուծում պիտի ստանան այդ հարցերը, իհարկե՝ ոչ։ Որովհետև ոչ միայն սպառված չեն բոլոր շիտակ և պարզ ճանապարհները՝ խնդիրները ներկայացնելու և լուծելու, այլ նույնիսկ համարժեք փորձ չկա արված այդ խնդիրների բարձրաձայնման։

Խնդիրները բարձրաձայնվում են ոչ թե միայն խորաններից քարոզելով կամ համացանցում տեսաուղերձով հանդես գալով կամ եղբայրական զրույցների միջոցով, այլ առավելաբար եկեղեցական ամենատարբեր ատյանների առաջ դրանք ներկայացնելով. սկսած միաբանական ժողովներից, առաջնորդների հետ հանդիպումներից, վերջացրած եպիսկոպոսաց և Գերագույն հոգևոր Խորհուրդի ժողովներով։

Այնպես որ սիրելիներս, իմ կոչն ու հորդորն է՝ հետ կանգնել ներեկեղեցական և համայնքային կյանքը խարխլող այս նախաձեռնությունից և գալ երկխոսության եղբայրների ու հայրերի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930