Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում է, բայց չի կարող

Սեպտեմբեր 07,1995 12:02

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը է՛լ ավելի սրեց կոնֆլիկտային իրավիճակը, որը ստեղծվել էր նախորդ օրը եւ որի արդյունքն էր դատական կոլեգիայի որոշումը՝ շարունակել հետաքննությունը, հիմնվելով ամբաստանյալ Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների վրա։ Արծրունու դատապաշտպան Վ. Ավագյանը հայտարարեց, որ այդ որոշման մեջ խեղաթյուրված են փաստերը, նրա պաշտպանյալը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող ցուցմունք տալ առանց պահանջվող օրագրի։ Սակայն փաստաբանի պահանջը՝ փոխել ձեւակերպումը, կոլեգիան մերժեց, որով եւ առաջացրեց պաշտպանության մեծ դժգոհությունը։

Առաջինը սկսեց բողոքել փաստաբան Սահակյանը, սակայն դատավորը, որը տրամադրված էր շարունակել նիստը, նրան ձայն չտվեց, իսկ դատապաշտպանի հակաճառելուց հետո նրան հայտարարեց նախազգուշացում։ Այդ պահից նախագահողի բոլոր փորձերը՝ շարունակել դատական նիստը, հանդիպում էին փաստաբանների բացահայտ դիմադրությանը։ Մեկը մյուսի հետեւից խոսք էին խնդրում դատապաշտպանները, բացարկ կամ բողոք հայտարարելու նպատակով, սակայն ամեն անգամ մերժում էին ստանում։

Շուտով դահլիճը սկսեց նմանվել միտինգային հարթակի։ Նիստին ներկա ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բարձրաձայն մեղադրեց դատարանին օրենքի խախտման մեջ, ինչով, պետք է ասել, ինքը խախտեց կարգը, որը թույլ չի տալիս դիտորդներին խառնվել դատական պրոցեսին։ Սակայն նրան չկարողացան դուրս հրավիրել դահլիճից, ինչպես պահանջում էր դատավորը։ Ամբաստանյալները սատար կանգնեցին կուսակցական ընկերոջը եւ իրենց երաժշտական բողոքն արտահայտեցին՝ կազմելով յուրահատուկ երգչախումբ եւ կատարելով Հայաստանի պետական հիմնը։ Դահլիճը այլեւս չէր վերահսկվում, հանդիսատեսները ձայնակցում էին երգչախմբին, մայրերը լաց էին լինում։

Ընդմիջումից  հետո  կրքերը  չհանդարտվեցին։ Դատապաշտպանները պնդում էին ելույթ ունենալու իրենց իրավունքը, վկայակոչելով Քրդատօրի թիվ 237 հոդվածը, որտեղ ասված է. «Երբ դատական նիստին մասնակցող անձերից որեւէ մեկը առարկություններ է անում նախագահողի գործողությունների դեմ, այդ առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ»։ Իսկ նախագահողը ի հակադրություն նրանց, մեջ էր բերում թիվ 253 հոդվածը, որի համաձայն՝ «դատավարության բոլոր մասնակիցները, ինչպես նաեւ դատական դահլիճում ներկա գտնվող բոլոր քաղաքացիները, պետք է անառարկելի ենթարկվեն նախագահողի կարգադրություններին եւ պահպանեն դատական նիստի սահմանված կարգը»։

Դատավորը արեց նիստը շարունակելու վերջին հուսահատ ճիգը եւ սկսեց հրապարակել Արծրունու ցուցմունքների արձանագրությունը։ Սակայն շուտով պարզվեց, որ դատապաշտպան Սահակյանը սրտի տագնապ ունի, որի հետեւանքով ընթերցումն ընդհատվեց եւ հայտարարվեց կեսժամանոց ընդմիջում։ Այդ ընթացքում փաստաբանները հայտնեցին լրագրողներին, որ վաղն առավոտյան մտադիր են մամուլի ասուլիս անցկացնել։ Կես ժամից պարզվեց, որ Սահակյանը դեռեւս չի առողջացել, եւ նիստը հետաձգվեց։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930