Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկահավաքություն՝ կոոպերատիվ սկզբունքով

Հոկտեմբեր 10,1995 11:13

Թեեւ «Հանրապետություն» միավորումը ժողովրդին հղած իր նախընտրական զեկույցներում լավատեսորեն խոստանում էր բնակչությանը օրական 18 ժամանոց լուսավոր բարեկեցություն՝ սկսած սույն տարվա օգոստոսից մինչեւ նոյեմբեր, այդ վիթխարի ծրագիրը, մեղմ ասած, դեռեւս հեռու է իր իրագործումից։ Էներգետիկների փորձարարական խանդավառությունը՝ կապված 2000 դրամ նախավճարի հետ, հետզհետե հանգում է։ Հավանաբար, պատճառներից մեկը բնակչության անվճարունակությունն է։ Արդյունքում նախընտրական խոստումը չկատարելու հոյակապ պատրվակ կա. լո՞ւյս եք ուզում, կտանք, բայց սկզբից փողերը հավաքեք։ Բոլոր մեղադրանքներն ու բողոքները ունեն հստակ հասցեատեր. մեղավորը մենք ենք, մեր տհասությունն ու ծուլությունը, որոնք խանգարում են ակտիվություն ցուցաբերեի կապիտալիստական դրախտի բարիքներին հաղորդակցվելու նպատակով։

Այս խնդրում, սակայն կան անհասկանալի եւ տարօրինակ հանգամանքներ։ Ինչպես է պատահում, որ մի թաղամասում, որտեղ բնակչությունը առավել կամ պակաս հաջողությամբ հավաքում է այդ չարաբաստիկ 2000 դրամները, այնուամենայնիվ լույս չի լինում, իսկ մի այլ թաղամասում, որն իր բարեկեցությամբ ամենեւին չի գերազանցում նախորդին, էլեկտրականություն կա, այն էլ ոչ թե 18, այլ 24 ժամ։ Ամեն ինչ կախված է «հարկահավաքներից» եւ այն հանգամանքից, թե մեր տված գումարի որ մասն է «նստվածք տալիս» նրանց գրպաններում։

Որոշ տեղեկություններով, էներգետիկայի նախարարության ընդերքում հասունանում է մի նոր հանճարեղ գաղափար՝ զարգացնել եւ լայնացնել «2000 դրամանոց» հեղափոխական մեթոդիկան, ստեղծելով «հարկահավաքների» կոոպերատիվներ, որոնց նպատակը կլինի մեզանից գումար հավաքելը։ Պետք է կարծել, որ այդ կառույցները չեն աշխատելու հասարակական հիմունքներով եւ չեն ֆինանսավորվելու բյուջեից։ Այնպես որ, սիրելի համաքաղաքացիներ, պատրաստվեք, շուտով մենք վճարելու ենք ոչ միայն բուն էլեկտրականության համար, այլեւ այն մարդկանց, որոնք կոոպերատիվներ են ստեղծելու՝ պետական էլեկտրաէներգիան մեզ մասնավոր ձեւով ծախելու համար։

Այդ դեպքում ամեն ինչ, ըստ երեւույթին, իր տեղը կընկնի։ Մարդիկ գտնում են փող աշխատելու նորանոր ձեւեր: Իսկ 18 ժամանոց լույսը, հաշվի առնելով մեր էներգահամակարգում ստեղծված վիճակը, անկախ նրանից, հավաքվում են 2000 դրամները, թե ոչ, սնամեջ պատրանք է։ Այլ կերպ ասած, նախընտրական խոստում։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031