Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի գործ. Զեկույցներ գրում էր, բայց «Քերոբին» չգիտեր

Հոկտեմբեր 10,1995 12:15

Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանի ցուցմունքների քննարկումը։ Երեքօրյա ընդմիջումը, որը հայտարարվել էր Սիմոնյանի վատառողջության պատճառով, ակնհայտորեն օգտակար էր ամբաստանյալի համար։ Նիստի սկզբում նրա տրամադրությունը մարտական էր: Է.Սիմոնյանը հրաժարվում էր պատասխանել դատախազի հարցերին եւ մերժում էր նախնական քննությանը տված իր ցուցմունքները։ «Ճիշտ չէ»,- հակիրճ եզրակացնում էր նա հերթական արձանագրության ընթերցումից հետո։

Դատավոր Է. Մանուկյանը, սակայն, առաջարկեց ամբաստանյալին փոխել ձեւակերպումը, քանի որ ե՛ւ նախնական քննության, ե՛ւ դատավարության նիստի ժամանակ տված նրա ցուցմունքները մասամբ համընկնում էին։ ՄԵղադրյալը համաձայնեց ընդունել մասամբ համընկնող հատվածը, սակայն շարունակում էր մերժել մնացածը: Բայց այստեղ էլ հայտնվեցին որոշ հակասություններ: Այսպես՝ Է. Սիմոնյանը կեղծ համարեց նախնական քննությունների ժամանակ արձանագրված այն ինֆորմացիան, թե ինքը հետին թվով լրացնում էր իր զեկույցները՝ Արմենակ Զաքարյանի թելադրանքով։ Նախնական քննության ցուցմունքի մեջ ասված է նաեւ, որ Զաքարյանը հրահանգում էր ամբաստանյալին, թե ինչպես է պետք լրացնել զեկույցները:

Ի պատասխան այդ մերժումի, դատավոր Մանուկյանը կարդաց Սիմոնյանի զեկույցներից մեկը, որը կազմված էր կոնկրետ հարցումների պատասխանի

ձեւով։ Նույն փաստաթղթում Է. Սիմոնյանի ձեռքով Աշոտ անվան փոխարեն օգտագործված էր «Քերոբ» ծածկանունը։ Այնինչ դատարանում Սիմոնյանը պնդում էր, որ կիրառում էր միայն «02» ծածկանունը, իսկ «Քերոբի» մասին առաջին անգամ լսեց միայն քննության ժամանակ։ Այդ հակասությունը Սիմոնյանը կարողացավ բացատրել միայն նրանով, որ վատ է հիշում, թե ինչ է գրել երեք տարի առաջ։

Նիստի վերջին դատարանը լսեց Թաթուլ Գաբրիելյանի ցուցմունքները, որը նույնպես հրաժարվեց ընդունել իր մեղքը։ Գործի էությամբ նա հայտնեց, որ 1994 թվականի հունվարին ընդունեց Արմենակ Գրիգորյանի եւ Արմենակ Մնջոյանի առաջարկը՝ աշխատել փայտամշակման գործարանում՝ Ղարաբաղում կռվելու հեռանկարով: Այդ նպատակով նա լրացրեց Մնջոյանի կողմից առաջարկված հարցաթերթիկը, սակայն շուտով նրա ծրագրերը փոխվեցին եւ այլեւս նշված մարդկանց հետ գործ չուներ: Գաբրիելյանի ցուցմունքների մեծ մասը նվիրված է նրան, թե ինչպես են նրա վրա ճնշում գործադրել ԱԱՊՎ մեկուսարանում, ճիշտ է, այդ ճնշումը զուտ հոգեբանական է եղել: Օրինակ, քննության սկզբում նա հրաժարվել է փաստաբանի օգնությունից, սարսափելով քննիչի այն հայտարարությունից, թե ստիպված կլինի դատապաշտպանին վճարել ամիսը 100 դոլար: Նախնական քննության ժամանակ նա, բնականաբար, ամեն ինչ գրում էր քննիչի թելադրանքով, քանի որ հակառակ դեպքում, ինչպես նրան բացատրեցին, կմեղադրվի սպանության մեջ:

Գաբրիելյանի ցուցմունքների քննարկումը կշարունակվի այսօր:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031