Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարանը դուրս է եկել փակուղուց

Հոկտեմբեր 10,1995 18:42

«Նաիրիտը» փակելուց հետո ծանր կացության մեջ ընկավ Ջերմուկի հանքային ջրի գործարանը։ Չէ՞ որ ածխաթթու գազը ստանում էին «Նաիրիտից», իսկ առանց ածխաթթու գազի անհնար է պատկերացնել հանքային ջրի արտադրությունը։ Ստիպված ածխաթթու գազը պետք է բերեին Կիրովականի քիմիական կոմբինատից։ Բայց հույսի ու հնարավորության այդ ճանապարհն էլ փակվեց։ Հարցը շատ էր մտահոգում գործարանի ղեկավարությանը, հնարավոր չէ՞ տեղում, հենց Ջերմուկում, որեւէ ձեւով ածխաթթու գազ ստանալ։ Գործարանի գլխավոր ինժեներ Սպարտակ Հակոբյանի պրպտումները հաջողությամբ ավարտվեցին։ Նա վաղուց նկատել էր, որ ակունքում հանքային ջուրը մեծ քանակությամբ պղպջակներ է արձակում։ Հնարավոր է, ուրեմն, ածխաթթու գազը կորզել հանքային ջրից, հետո այն օգտագործել ջրի արտադրության մեջ։ 1987–1988թթ. սկսվեց ածխաթթու գազ կորզող արտադրամասի սարքավորումների տեղադրումը։ Լաբորատոր եղանակով դա արդեն ստացվել էր, մնում էր անցնել ընդլայնված արտադրությանը։ 1988թ. վերջերին Ջերմուկի հանքային ջրի գործարանը կանոնավորել էր իր արտադրությունը, թվում է, թե գործարանը դուրս կգա փակուղուց, բայց հազիվ էր տրոփում արտադրամասի զարկերակը։ Ադմինիստրացիայի առաջ ծառացան նոր պրոբլեմներ, անհրաժեշտ քանակությամբ շիշ չկար, էլեկտրաէներգիա չկար, հեռավոր երթուղիների համար հուսալի մեքենաներ չուներ, իսկ Ջերմուկը գտնվում էր մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա։ Ջրի սպառման ամենամեծ շուկան մայրաքաղաքն է եւ մայրաքաղաքից սպասարկվող առեւտրական կազմակերպությունները։ Եվ ցավալին այն էր, որ այս դժվարությունները նվազելու փոխարեն՝ ավելանում էին…

1993թ. հուլիսին գործարանի նոր տնօրեն նշանակվեց Աշոտ Արսենյանը։ Երիտասարդ տնօրենին չվախեցրին այս դժվարությունները։ Նա աշխատանքի անցավ նոր ծրագրով։

Դիսպետչերական թռուցկաժողովները, խորհրդակցությունները տեւում էին շատ կարճ, տնօրենը լսում էր արտադրական խորհրդակցությանը հրավիրված ընկերների հակիրճ հաղորդումները եւ ինքը հրահանգավորում, հանձնարարություններ էր տալիս նրանց։

Մի օր նա իր մոտ կանչեց գործարանի գլխավոր ինժեներ Սպարտակ Հակոբյանին: Ինչպես միշտ, այս անգամ էլ տնօրենը սկսեց գործնական հարցումներով.

– Մինչեւ իմ աշխատանքի անցնելը ինչո՞ւ է ընդհատվել նոր արտադրամասի մոնտաժումը, միջնապատերի շինարարությունը։

Պատճառը հայտնի է. միջոցներ չկան։ Բանվորներն էլ առաջվա ռոմանտիկայով չեն աշխատում, կորցրել են հույսն ու հավատը վաղվա օրվա նկատմամբ։

– Ես կտամ միջոցներ,- ասաց նորընծա տնօրենը,- Իտալիայից մասնագետներ են հրավիրվել։ Նրանք մեզ կօգնեն արտադրամասի կահավորմանը եւ հոսքագծերի ջերմային ագրեգատների մոնտաժմանը։ Ընտրիր ձեռնահաս, գործունյա վարպետներ եւ վաղվանից սկսիր աշխատանքը, իսկ հին հոսքագծով մենք հանքային ջրի արտադրությունը պետք է հասցնենք 5-6 հարյուր հազարի, որ ավելացնենք բանվորների աշխատավարձը եւ բարելավենք նրանց կենսապայմանները։

Զրույցը պաշտոնական հարցումներից ու հրահանգից վերածվեց սրտացավ մտահոգության՝ գործարանը փակուղուց դուրս բերելու հուսալի հեռանկարով։

Հաջորդ օրը սկսվեց նոր արտադրամասի եզրապատերի երեսապատումը՝ ձեւավոր ու շքեղ զարդանախշերով սալիկներով, միաժամանակ սկսվեց կախովի առաստաղի մետաղական կարկասի ու հավաքովի ծածկի տեղադրումը։ Արտադրամասը ունի 1300 քմ տարածք, այդտեղ էլ տեղադրվեցին նոր հոսքագծերի ու պոլիէթիլային շշերի ջերմամշակման սարքավորումները։ Մոնտաժման աշխատանքները կատարում էին գլխավոր ինժեներ Սպարտակ Հակոբյանը, վարպետներ Մարտիկ Բաբաջանյանը, Արմեն Մարգարյանը. Գեւորգ Թադեւոսյանը, որոնք կարճ ժամանակում մասնագիտացան եւ հիմա այդ արտադրամասում աշխատում են որպես հոսքային հսկիչներ։ «Հին» հոսքագծով հանքային ջրի արտադրությունը ամսական հասավ 600 հազար դեկալիտրի։ Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին շահագործման հանձնվեց նաեւ նոր արտադրամասը, որը օրական արտադրում է 15-20 հազար պոլիէթիլային շիշ ջերմուկ։ Բանվորական կոլեկտիվը աշխատում է մեծ եռանդով ու ոգեւորությամբ։ Կահավորվել է բանվորական ճաշարանը, օրական երկու անգամ ճաշում են ձրի։

Գործարանի տարածքում կառուցվում է հացի փուռ, որ սպասարկելու է գործարանի բոլոր աշխատողներին։ Նախատեսված է կառուցել նոր կաթսայատուն, որպեսզի արտադրամասերի եւ վարչական շենքի ջերմամատակարարումը կատարվի սեփական կաթսայատնով։

Ջերմուկի հանքային ջրի գործարանը դուրս է եկել փակուղուց, եւ համարձակ քայլերով գնում է առաջ՝ բարձրացնելով ըմպելաջրի որակը եւ մատչելի դարձնելով վաճառքի գները։

Հայկազ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031