Լրահոս
Օրվա լրահոսը

Հարեւանների՞ն էլ մեզ հետ վերցնենք

Նոյեմբեր 01,1995 10:15

Ժամանակին հանրաճանաչ եւ շատ սիրելի դերասաններից մեկը մի պատմություն էր անում: Թատրոնը, որտեղ նա աշխատում էր, հյուրախաղերով գտնվում էր Բեյրութում։ Տեղի հայության ներկայացուցիչները, ինչպես եւ ընդունված է, հրավիրեցին հայրենական մուսայի ծառաներին «մի կտոր հաց ուտելու»։ Բնականաբար, սեղանի շուրջ խոսակցությունը շեղվեց ազգային խնդիրների, «հայի բախտի» թեմաների վրա: Ներկաներից ոմանք կողմնակից էին հանրահայտ մի տեսության, որի էությունը պարունակվում է մեկ նախադասության մեջ. «Էրթալը կը փրկի», որքան հեռու, այնքան լավ: Հավաքենք ամբողջ Սփյուռքից գումարներ, ասում էինք նրանք, առնենք մի մեծ եւ բերքառատ հողակտոր Ավստրալիայի կամ Հարավային Ամերիկայի կողմերը, այնտեղ բերենք ամբողջ աշխարհի հայերին եւ նոր, անհոգ կյանք սկսենք այդ նորաստեղծ պետության մեջ։ Նրանց հակաճառում էին. «Իսկ մեր Արարա՞տը, Սեւանը, Էջմիածի՞ նը։ Իսկ Գառնի– Գեղա՞րդը»։ Սակայն «էրթալու» կողմնակիցները դա էլ էին նախատեսել, եթե փող լինի, բոլոր հարցերը կլուծվեն՝ նոր Արարատ կսարքենք, նոր Սեւան կփորենք, նոր Երեւան կկառուցենք, ավելի գեղեցիկ, քան կա, իսկ տաճարներն ու բոլոր սրբությունները մաս-մաս ինքնաթիռով կտեղափոխենք։ Այս լավատեսական եզրակացությամբ վեճը, կարծես թե, ավարտվեց։ Բայց, ահա տարեց մի մարդ միջամտեց խոսակցությանը. «Այդ ամենը ճիշտ է,- ասաց նա,-եւ նոր Արարատ կարելի է սարքել, եւ տաճարները ճամպրուկներով փոխադրել։ Իսկ թուրքե՞րը։ Չէ՞ որ նրանց մենք չենք կարող մեզ հետ վերցնել։ Եվ այդ դեպքում մնացածն իմաստ չունի»։

Զրույցի մասնակիցները մտքերի մեջ ընկան եւ լռեցին։ Բանավեճը մարեց։ Բոլորն ինչ-որ ձեւով եթե ոչ հասկացան, ապա զգացին, որ թուրքերին, իսկապես, հնարավոր չէ մեզ հետ վերցնել, իսկ առանց մեր դարավոր ոսոխների՝ կյանքն այն չէ։ Կարծես թե կորչում է կյանքի իմաստը, գոյությունը դառնում է անալի։ծ

Եթե   նույնիսկ   հանրաճանաչ դերասանի  պատմությունը սովորական   անեկդոտ   էր,   այն իր  մեջ  պարունակում էր լուրջ փիլիսոփայություն։   Ի   սկզբանե մեր    ազգը    գոյություն    ուներ կարծր հակադրության պայմաններում։ Հիշենք նախահայր Հայկին, որն իրեն, իր ցեղը, իր ժողովուրդը հաստատեց Բելի հետ պայքարում։   Ոչնչացնելով  ախոյանին իր  առասպելական  աղեղով, մեր նախահայրը հիմք դրեց ազգի գենետիկական կոդին, որն է՝ ախոյանին հակադրվելը:

Հավանաբար   այդ  է   պատճառը, որ երբեք եւ ոչ մեկը չկարողացավ կոտրել մեր կամքը՝ ո՛չ խեթերը, ո՛չ ասորիները, ո՛չ արաբները, պարսիկները, թուրքերը։ Մենք չենք պատկերացնում մեր կյանքն առանց արտաքին ճնշման դեմ մշտական պայքարի: Կասեք, այդպիսին է աշխարհաքաղաքական իրողությունը, մեր տարածաշրջանը միշտ պատերազմների եւ բռնության թատերաբեմ էր։ Դա ճիշտ է, սակայն նույն աշխարհաքաղաքական պայմաններում էին հայտնվել բազմաթիվ այլ ազգեր, որոնք հանգամանքների ճնշման   տակ    անհետացել    են աշխարհի երեսից։

Հայերը ոչ միայն չեն անհետացել, այլեւ պահպանվել են, առաջին հերթին, հենց այդ նույն արտաքին հանգամանքների ճնշման շնորհիվ՝ հանգամանքներ, որոնք արտահայտվել են, որպես օրենք, ռազմատենչ հարեւանների գոյության փաստով։ Ազգային ոգու եւ բնավորության ամենաբարձր դրսեւորումները կապված են հենց այդ հանգամանքների հետ: Մենք ապրել ենք, կառուցել ենք տաճարներ եւ քաղաքներ, ստեղծել ենք գրականության անմահ կոթողներ՝ ոչ թե «շնորհիվ», այլ միշտ «ի հեճուկս»: Եվ մենք սովորել ենք ապրել «ի հեճուկս»: Որքան ուժեղ էր արտաքին ճնշումը, այնքան կարծր էր «հայկական պատասխանը»։ Պատահական չէ, որ ազգային զարթոնքի շրջանները սկսվում էին որպես հակազդեցություն՝ հերթական մարտահրավերին։ Այդպես էր, օրինակ, արաբական ասպատակություններից կամ 19915-ի եղեռնից հետո։ Այդպես է նաեւ այսօր: Արցախում հայկական զենքի վերջին հաղթանակները

որոշ իմաստով արդյունք էին այն իրադարձությունների, որոնք մինչ այդ տեղի էին ունեցել Սումգայիթում, Բաքվում, Գանձակում։ Եվ թվում է, թե Հայաստանը կարողացավ ամրապնդել իր պետական անկախությունը հենց այն պատճառով, որ պայմանները դրա համար շատ ավելի անբարենպաստ էին, քան ԱՊՀ մնացյալ երկրներում։

Այս առումով պարզ է պատասխանն այն հարցի, թե ինչ է իրենից ներկայացնելու հայկական պետական կազմավորումը, որը (թեկուզ եւ տեսականորեն) զրկված կլինի այդ անբարենպաստ պայմաններից։ Շատ հնարավոր է, որ այն կլինի անկենսունակ, ինչպես ջերմոցային ծաղիկը ոչնչանում է բաց երկնքի տակ, այդպես էլ կենսունակ բույսը թոշնում է ջերմոցում։ Նրան կյանքի համար անհրաժեշտ է կարծր եւ թշնամական շրջապատ։

Այնպես որ, մեկընդմիշտ հրաժարվենք մեր հայրենիքը այլ, ավելի բարենպաստ հողի վրա տեղափոխելու ցնորական մտքից, նոր Մասիս սարքելու, նոր Սեւան փորելու սնամեջ գաղափարից։ Միեւնույն է, ոչինչ չի ստացվի, քանի որ մեր հարեւանները, որոնք վաղուց արդեն դարձել են մեր ազգային գոյակերպի կարեւորագույն գործոնը, մեզ հետ ոչ մի տեղ չեն գա:

Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք դատապարտված ենք մշտական ուժային հակադրության այն ժողովուրդների հետ, որոնց Աստված մեզ ուղարկել է որպես հարեւան։ Արդյո՞ք մենք պետք է երազենք այն մասին, որ մեզ համար որքան հնարավոր է վատ լինի, որպեսզի հնարավորին չափ մեզ լավ զգանք։ Մի՞թե ճիշտ էր ադրբեջանցի գրող Անարը, որը սումգայիթյան իրադարձություններից հետո մեզ «մազոխիստ» անվանեց: Կարծում եմ, ոչ։ Եվ այդ նույն Անարը ոչինչ չհասկացավ կատարված իրադարձություններից, հետեւաբար՝ նաեւ կյանքից։ Ավելի շուտ նրանք՝ հարեւանները, մազոխիստաբար փորձում էին արհամարհել այն իրողությունը, որ ոչ միայն մենք չենք կարող ապրել առանց նրանց, այլեւ նրանց կյանքն է անիմաստ դառնալու առանց մեզ։

Իհարկե, մենք այսուհետ նույնպես կարող ենք հիշել հին վիրավորանքները եւ փորձել ինքնահաստատվել դրանց շնորհիվ։ Բայց պատմական առումով այդ ճանապարհը տանում է փակուղի։ Աշխարհը փոխվել է, եւ ամենեւին բացառված չէ, որ մեր հարեւանները ցանկություն չեն ունենա պատերազմել մեզ հետ։ Այսօր ընդունված է ոչ թե պատերազմել, այլ առեւտուր անել։

Վերջին հանգամանքը կարող է դառնալ պատմության կողմից առաջադրված ամենամեծ մարտահրավերը: Սակայն լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ հակադրությունը, մրցակցությունը միշտ էլ գոյություն կունենան։ Եվ մենք, անշուշտ, նորից ու նորից հաղթելու ենք, եթե մեր պատմական ախոյանների հետ մտնենք նոր մրցակցության մեջ՝ հակադրելով նրանց մեր ինտելեկտը, տեխնոլոգիաները, բնածին ձեռներեցությունը եւ այն ամենը, ինչով մենք միշտ էլ պարծենում էինք պատերազմների միջեւ ընդմիջումների ժամանակ։ Հայտնի է, որ բանականությունն ու կարգապահությունը հաղթում են ցանկացած ուժի: Հավանաբար, դա է մեր հույսն ու իրական հեռանկարը։ Գերմանիայի միավորման օրինակը դրա վառ վկայությունն է։ Հետեւենք այդ օրինակին։

Ա. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930