Լրահոս
Օրվա լրահոսը

Անանձնական նամականի. Նահանջ… հարձակումներո՞վ

Նոյեմբեր 11,1995 17:23

ՀՀ էներգետիկայի նախարար պարոն Գագիկ Մարտիրոսյանին

Միայն Ձեզ ու մենակ ես պիտի չհիշեցնեմ մեր անցկացրած նորագույն ժամանակները, երբ էներգետիկ ճգնաժամում հայտնված ժողովրդի

օրինապաշտ, ազնվաբարո եւ պարկեշտ զանգվածները գիտակցաբար

զերծ մնացին էլեկտրական «ձախ գծեր» անցկացնելու, բնական եւ ձեռատունկ անտառ-պուրակներն անխղճորեն հատելու մոլագարությունից եւ պարզապես «բավարարվեցին» լուսնի շողերով, աստղացոլքով ու Լուսավորչի կանթեղով։

Այնուհանդերձ նրանք մութին ու ցրտին մինչ այսօր դիմակայում են հույս–հավատով։ Մանավանդ այն բանից հետո, երբ «Հանրապետություն» միավորումը, որի կազմում եք նաեւ դուք ու «Հայէներգո» պետական կոնցեռնի տնօրենը, Պրոմեթեւսի նվիրվածությանը վայել հանդիսավորությամբ նախընտրական պայքարում հրապարակեց 1995-ի օգոստոս- նոյեմբերին բնակչությանն օրական 18, ձմռանը՝ 10 ժամ հոսանք տալու, ապա եւ «լույսի թագավորություն» ստեղծելու հեռանկարային իր ծրագրերը։ Դրանից հետո, ինչպես հայտնի է միայն բարի լուրեր են եղել այն մասին, թե Ձեր համակարգում տիտանական ինչ ջանքեր են գործադրվում Մեծամորյան ատոմի խաղաղ վերաճառագումն արագացնելու, ամերիկյան օգնության մազութը մեր ՋԷԿ-երին հասցնելու, բարոյական մաշվածքի կամ էլ վթարի ենթարկված հիդրոէելեկտրակայանների օգտակար գործողության գործակիցները նախագծայիններին մոտեցնելու ուղղությամբ։ Բայց ահա նահանջում եք խոսքով նվաճած բնագծերից։ Եվ, ցավո՛ք, խորամանկելի անընդունելի եղանակով: Մեզ ծանոթ ահավոր խառնափնթորության մեջ Դուք «կարողացաք» ջրբաժան գիծ անցկացնել օգտագործած էլեկտրաէներգիայի վարձը բարեխղճորեն մուծողների եւ համառորեն չմուծողների միջեւ՝ ինչը հիշեցնում էր ամբողջատիրության ժամանակներում շատ կիրառում ունեցող «կարմիր ու սեւ տախտակները»։ Հաջորդ քայլում հիմնականում իրականացրիք չարաբաստիկ «երկու հազարական դրամ կանխավճարի» օպերացիան, որի ընթացքում ի հայտ եկան բարեխիղճ ու ոչ բարեխիղճ՝ պարզապես դատ–դատաստանի արժանի բնակիչներ, ովքեր չեն մուծում անգամ օգտագործված հոսանքի դիմաց։ Թե ինչպե՛ս, ի՜նչ կախարդանքով «Հայէներգո» պետական կոնցեռնին այս անգամ էլ հաջողվեց այդ դասակարգումն իրականացնել նույն թաղամասերում, նույն շենքերում ու հաճախ էլ դուռ-դրկից հարուստների ու հարյուրապատիկ շատ անվճարունակ աղքատների միջեւ, առայժմ մնում է առեղծված։ Երեւացողն այն է, որ այդ օպերացիայի հետեւանքով էլ ավելի հստակ են գծագրվել լույսի ու մութի երեւանյան սեկտորները։ Եվ ահա՝ նահանջի նոր քայլ՝ դարձյալ հարձակողական մարտավարությամբ։ Հաշվել ու հայտարարել եք. որ, ասենք, անբարեխիղճ երեւանցիներն ու 2000-ից ավելի հիմնարկ-ձեռնարկություններն, ընդհանուր առմամբ, պետությանը պարտք են 15 մլրդ դրամ։ Գլխավոր մեղավորն այստեղ, իհարկե, ուրիշների շուրջօրյայի փոխարեն օրական ամենաշատը մեկ ժամ հոսանք ստացող անվճարունակներն են՝ հացի փողը հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդիկ, փոստատների առաջ օրնիբուն կենսաթոշակի հերթի կանգնած ծերերն ու անկյալները, «մի նշխարով ու մի կում ջրով» գոյատեւողները։

Չեն տա՝ չեն ստանա: Կտուգանվեն։ Դատ ու դատաստանի առաջ կկանգնեն։ Կազատազրկվեն (երբեք չեն մոռացվի Ձեր հեռուստաելույթները): Ժողովուրդն սպասում էր, որ Դուք, ի վերջո, պիտի սկսեիք մատ թափ տալ ոչ թե իր, այլ բուն մեղավորների՝ Ձեր իսկ գերատեսչության համապատասխան պաշտոնատարների ու շարքայինների վրա, ովքեր Սեւանի «կապույտ արյունն» աճուրդի հանելու նպատակով քաղաքացիական իրավունք տվեցին «ձախ լարանցումներին», որոնք այսօր էլ մայրաքաղաքի վրա փռված սարդոստայն են հիշեցնում։ Այ, թե ում պետք է ծնկի բերել։ Ի դեպ, նման կոշտ, ընչազուրկների շահերն արհամարհող վերաբերմունքով, հարցերը հեշտ ու հանգիստ լուծելու նախապատվություն Դուք դրսեւորեցիք նաեւ պետական նախարար եղած ժամանակ, երբ մեկ քմ բնակտարածության ջեռուցման արժեքը ներկայացրիք 1000 դրամով ու սառնասրտորեն հայտարարեցիք՝ չեն տա, չենք ջեռուցի: Կարծես Ձեր զբաղեցրած պաշտոնները ստեղծված են հենց չտալու, ծառայություններն ըստ նպատակահարմարության եւ ոչ նպատակահարմարության դասակարգելու համար։ Նման վերաբերմունքով Դուք ոչ միայն բարդացնում եք կենսաապահովման խնդրի լուծումն, այլեւ պարզապես ավելացնում եք նավթի, չոր սպիրտի, անտառազրկված Հայաստանի փայտի «անսպառ» պաշարների վաճառքի գներն անընդհատ բարձրացնողների առանց այն էլ շատ բանուկ ջրաղացի ջուրը։

Դառնանք Ձեր պաշտոնեական դիրքորոշման սահմանադրական կողմին։

Ազգային ժողովում մասնակցելով մեզանում իրավական պետության նախադրյալների ստեղծմանը, գործնական աշխատանքներում շրջանցում եք արդեն մշակված որոշ սկզբունքներ։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հավանությանը, ապա եւ հանրության մեծամասնության ԱՅՈ-ին արժանացած մեր Սահմանադրությունը պատկանում է ժողովրդին ու իրականացվում նաեւ «պաշտոնական անձանց միջոցով», մինչդեռ Դուք ահաբեկում եք ժողովրդին՝ իշխանության տիրոջը: Դուք հաշվի չեք նստում ժողովրդի մեծամասնության ծանր կենսապայմանների հետ, մինչդեռ մեր Սահմանադրությունը հռչակում է, որ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում֊, կենսապայմանների բարելավման իրավունք»։ Մեր հանրապետության հիմնական օրենքը հռչակում է, որ «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ», որ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է… հարգել այլոց արժանապատվությունը», մինչդեռ Դուք, փաստորեն, ներկայանում եք «երրորդ իշխանությանը» պատշաճող պահանջներով։

Խոստում կատարել– չկատարելը կարողության ու ազնվության խնդիր է: Սակայն անհանդուրժելի է դրանից բարձրաստիճան պաշտոնյայի նահանջը, այն էլ հարձակողական ոճով։

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930