Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը փողը չէ, այլ սկզբունքը

Նոյեմբեր 24,1995 12:56

Աշխարհում մի քանի ավտոբուս կա։ Չէ, մի քանիսը միայն 18-ի գծի վրա են, աշխարհում շատ ավտոբուս կա՝ սկսած անձնականներից՝ վերջացրած միջմայրցամաքայիններով։ Կարծում եք չափազանցնում եմ։ Ոչ, ոչ, հազար անգամ ոչ։ Որքան էլ տարօրինակ հնչի, հատկապես միջմայրցամաքային երթուղիներն են, որ ամենակարճլիկներն են լինում։ Օրինակ՝ Եվրոպան ու Ասիան միմյանց միացնող կամուրջներով երթեւեկող ռուսաստանյան քաղաքների ավտոբուսներինը։ Դրանք, սովորաբար, ավելի սահմանափակ տարածություններ են ընդգրկում, քան, ասենք, Երեւանից Ապարան հասնելու համար գռդոնչի Գառնիկի հանրակառքին է հարկավոր հաղթահարել։ Բայց սա, ամենեւին էլ դժբախտություն չէ, դեռ ակցիզային հարկը չի հասցրել գումարելի ցուցիչով բարձրացնել բենզինի գինը, ուստի բոլ-բոլ ու էժան բենզինի էսօրվա մեր պայմաններում, ոչինչ, թող մերոնք էլ մի քիչ երկար քշեն, մի քիչ ավել քշեն, դրանից ոչ իրենք կտուժեն եւ ոչ էլ մանավանդ ուղեւորները, որոնք վաղուց ընտելացել են ամենաքոսոտ ավտոբուսներով մեկ կանգառ երթեւեկելու դեպքում անգամ, առանց իսկ աչք թարթելու, 50 դրամ վճարել։ Անհարմարության դեպքում էլ, երբ անհասկանալիորեն խախտվում են երթուղիները, վարորդները սրտները ուզածին չափ կանգառ են անում սիգարետ գնելու, աղջիկ խոսեցնելու, չէ, էդ մեկը չէ, կամ էլ բենզին լցնելու համար, ոչ ոք չի տրտնջում, թե, ախր, փող ենք տալիս՝ ժամանակին ու ուղիդ ճամփով տեղ հասցրու։ Դե, մեր մեջ ասած, որ հայը իրեն նման բան թույլ

կտա։ Հաստատ ոչ ոք, որովհետեւ բոլորն էլ դպրոցական տարիներից դաստիարակվելով «Շուն ու կատվի» ոգով, գիտեն, որ փողի մասին ավելորդ է՝ դրա մասին խոսելն էլ ամոթ։ Համ էլ 50 կամ 100 դրամը ինչ է որ։ Բա դա հային սազական բան է։ Ուրիշ բան է, որ ռուսական կինոնկարներում 20 կոպեկի համար վայնասուն են բարձրացնում, որը հիմա մեր փողով ըսկի 0,02 դրամ էլ չի անում, ու սկզբից մինչեւ վերջ աղաղակում՝ թե ետ տվեք մեր փողերը։ Էդ կինոն էլ, թարսի պես, էնքան շատ ցույց տվեցին, որ դա թեւավոր խոսք դարձավ։ Բա դա ըսկի հային ցույց տալու բան էր։ Հայը երբ է փողի համար ծպտուն հանել, որ դաժե կամակոր հիմարի դեր է ստանձնել, տեսնելով  նույնիսկ,  որ  իրեն խաբում են։

Այ ուրիշ բան է, որ հայը հանուն իր սկզբունքների բարձրաձայն բողոքի ու էդպիսի տեսարան ամեն օր, եթե ոչ ուրիշ տեղ, հնարավոր է տեսնել թիվ 18 երթուղու ավտոբուսներում։ Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որովհետեւ ուղեւորը, դոլար ստուգելու սկզբունքով, նախ պարտավոր է պարզել, իր նստած ավտոբուսը գյուղական է, ներողություն, պետական է թե վաղ պետական (հասկացիր՝ հիմա մասնավոր՝ սեփականացված չնչին գներով)՝ համապատասխանաբար սահմանված ՝ ուղետոմսի արժեքը վճարելու համար։ Սա մեկ բարդություն, եւ երկրորդ՝ 18 համարի ավտոբուսի ուղեւորների ճաշակները երթուղու հարցում միշտ էլ տարբեր են լինում։ Բանն այն է, որ ուղեւորների զգալի մասը նախընտրում է Մալաթիայի շուկա հասնել Սեբաստիայի փողոցով, դա ավելի կարճ է, իսկ մի չնչին տոկոսն էլ, Արարատյան զանգվածի ճանապարհներով, ինչն անհամեմատ երկար է։ Միջուղեւորական հակասությունների հիմքը, ինչպես տեսնում եք, հանգում է կարճ ու երկարի սկզբունքին, ինչը ուղեւորների շրջանում տարակերպ մեկնաբանությունների է արժանանում։ Այստեղ ամեն ինչ վճռվում է այն հողի վրա, թե ում կողմը կբռնի տոմսավաճառը։ Եթե անգամ նրա նախնական բացատրություններից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, իսկ այդպես հաճախ է պատահում, որովհետեւ մենք ասող-խոսող ժողովուրդ ենք, տոմսավաճառը բարձրաձայնում է իր հերթապահ խոսքը.

– Վերեւներն են էս մարշրուտը ընտրել, գնացեք վերեւ բողոքեք։

Սակայն պարզվում է, որ նա էլ չգիտեր, թե ով եւ որտեղ է այդ վերեւը, քանզի երբեմն նաեւ, իրոք, վերեւներին բողոքելու ցանկություն ունեցող ուղեւորներ էլ են պատահում։ Այդ դեպքերում, սովորաբար, կշտամբանքի փոխարեն ակտիվ ուղեւորները տոմսավաճառների անսահման մեծահոգությանն են արժանանում, որոնց սրբագրված պատասխանը հնչում է մոտավորապես այսպես.

– Գնացեք, ուր ուզում եք բողոքեք։

Ամենասկզբունքային ուղեւորներն անգամ այդ դեպքում ընդամենը մեկ պատասխան ունեն.

– Շնորհակալություն, դու մենակ թե մեզ տուն հասցրու…

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930