Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, սա հնարավոր է դարձել, որովհետեւ մենք հանդուրժում ենք այս բոլորը, ոչ ոք չի ընդվզում, ոչ ոք սոցիալական բողոքի ցույցեր չի անում. «Ազգ»

Նոյեմբեր 20,2026 09:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Բա որ ասում եք՝ նոր Սահմանադրությունն ընդունվի-չընդունվի՝ հեռանալու ենք, բա որ հեռանալու եք, ինչո՞ւ եք ձեր պատկերացրած Սահմանադրությունը փաթաթում ժողովրդի վզին, ասենք մի քանի տարի հետո եթե Գյուլիստանի պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը հետ պահանջի Արցախը, մենք մի կողմ ենք քաշվելու ու մեր պահանջը չե՞նք ներկայացնելու առ այն, որ Արցախը հազարավոր տարիների հայկական հող է եղել, մեզ չե՞ն ասի՝ դուք եք ձեր Սահմանադրությունից հեռացրել հայերին նրա պատկանելությունը, կամ նվազագույնը՝ այնտեղ հայերի ապրելու իրավունքը։ Որեւէ իշխանություն իրավունք ունի՞ պահի շահով սերունդներին զրկելու ժառանգորդությունից։

Մի բանում է ճիշտ իշխանությունը՝ Սահմանադրության նոր նախագիծը հանրային դարձնելուց հետո պետք է լայնորեն քննարկվի, ընդդիմությունը հենց դրանով պետք է զբաղվի՝ հնարավոր դարձնելով նոր նախագծի առաջարկների վերաբերյալ ալտերնատիվ առաջարկների գեներացումը։ Ըստ ամենայնի՝ նոր նախագծի ոչ միայն անկախության հռչակագրին հղումը հանելն է քննարկելի, այլեւ տարբեր կառույցների նոր լիազորությունների սահմանումը կամ կրճատումը, պետական կառույցների կառուցվածքային փոփոխությունները։ Ընդդիմությունը փակ աչքերով որ «Ոչի» շարժում է սկսում, լավ կանի նախագծին ծանոթանալուց հետո մասնագիտորեն վեր հանի նոր նախագծի թերն ու դեմը։

Մինչ մեր քաղաքականները կենտրոնացել են Սահմանադրության՝ ալիեւյան-հայկականի, այն է՝ իշխանություն լինել-չլինելու վրա, եւ դա վերջին տարիների մշտական օրակարգն է, լոկալ շրջանակներն առիթից օգտվելով՝ մեզ փաթեթավորում են այնպիսի օրենքներով ու որոշումներով, որոնք բարդացնում են մեր կյանքը, թաղում մեզ նոր հարկերի մեջ, նոր բյուրոկրատական քաշքշուկների սուբյեկտ դարձնում։ Իշխանության եւ ընդդիմությունների միջեւ մշտական պայքարը թույլ չի տալիս, որ ընդդիմությունն արդյունավետ պաշտպանի անպաշտպան շերտերի շահերը։

Մենք թանկ վճարում ենք երթեւեկության դժոխքի համար, շուտով մեզ կդասակարգեն ըստ ունեցվածքի՝ ոչ միայն քաղաքի կենտրոնում ունեցած պապական տներին տեր լինելը աստղաբաշխական գույքահարկի պատճառով անհնարին դարձրած, այլեւ քաղաքի կենտրոն կամ այլ վարչական շրջաններ թույլ չեն տա մուտք գործել՝ եթե այնքան հարուստ չենք եւ Եվրո 4 ստանդարտի մեքենա չունենք։ Մտքի գիգանտներով մտմտում են՝ թույլ տա՞լ մեր աշխատավայրից բացի մեր մեքենան այլ երթուղով քշել, ինչպես նաեւ մեր վարչական շրջանից այլ վարչական շրջան գնալու համար լրացուցիչ ինչ հարկ քերել մեզանից։

Էկզոտիկ այլ որոշումները քիչ են՝ Երեւանի մուտքերի մոտ պետք է կանգնեցնենք մեր մեքենան եւ մեկ ժամ խցանվենք տրանսպորտում, օրվա կեսին հասնենք աշխատավայր կամ մեր գործին եւ օրվա վերջում նորից կրկնենք այդ ողջ դժոխքը։ Ճանապարհներն իբր հարմարավետ, անխցան դարձնելու համար տուգանքների նոր թվեր են կրակում, թե բա՝ միայն տուգանքները կարող են կարգուկանոնի բերել։ Իրո՞ք, չապահովված մարդկանց կյանքը դժո՞խք եք դարձնում, որ Երեւանի կենտրոնն անպատիժ դարձնեք միայն ապահովված մարդկանց հասանելի, սորտավորեք երեւանցիներին ու կողոպտեք մի կերպ ծայրը ծայրին հասցնողներին։

Այո, սա հնարավոր է դարձել, որովհետեւ մենք հանդուրժում ենք այս բոլորը, ոչ ոք չի ընդվզում, ոչ ոք սոցիալական բողոքի ցույցեր չի անում, ոչ ոք հաշիվ չի պահանջում այն բանի համար, որ Երեւանի քաղաքի ճիշտ կառավարելու փոխարեն՝ գետո են ուզում սարքել։ Այդպես է շատ ու շատ ոլորտներում, շատուշատ հարցերում, այդ հարցերը կորել են քաղաքական այն աղմուկի մեջ, որն ամեն օր իրար մեջ խաղարկում են մեր իշխանությունն ու ընդդիմությունը, թե բա՝ Ալիեւյան Սահմանադրություն, դավաճան-հայրենասեր, եվրոպամետ ու ռուսամետ։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30