Լրահոս
Օրվա լրահոսը

Պրագմատիզմը եւ քաղաքական իրատեսությունը

Դեկտեմբեր 12,1995 17:11

Ոչ աշխատանքային շաբաթ-կիրակի օրերը Համազգային թատրոնի բեմահարթակում եւ դահլիճում քաղաքական երկխոսություններ էին ու կրքեր։ ԱԺՄ-ն գումարել էր իր հերթական 6-րդ համագումարը՝ հրավիրելով այսօր ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, անկախ մտավորականների եւ հասարակական գործիչների։ Շուրջ 500 կուսակցականներից ընտրված էին 158 պատգամավորներ։ Համագումարը բացվեց ճերմակ մեխակների փնջով, իսկ գործնական աշխատանքը բաժանված էր երեք մասի.

ա) ներքաղաքական իրավիճակը՝ զեկուցումներ եւ քաղաքական քննարկումներ, բ) ԱԺՄ նախագահի եւ վարչության հաշվետվությունը, գ) ընտրություններ:

ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթը՝ «ՀՀ-ում առկա քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին» հանգեց հիմնահարցերի բովանդակային եւ ձեւային կողմերի տարանջատմանը։ Ձեւի տեսանկյունից՝ Հայաստանում լուծված են Շարժման բոլոր գլխադաս նպատակները. 1) Անկախությունը, 2) Ղարաբաղի Ինքնուրույն Հանրապետության ստեղծումը, 3) անցումը պլանային տնտեսությունից դեպի շուկայականի, 4) միջկուսակցական ավտորիտար քաղաքական համակարգի փոխարինումը բազմակուսակցական, ժողովրդավարություն հռչակող կառուցվածքով։

Բայց, «Մեր ժողովուրդը երբեք այսքան դառնություն չի ապրել, որքան այսօր, երբեք այսքան հուսահատ չի եղել»: Հասարակության իշխանական շրջանակներից դուրս երեք կարծիք կա այս խզումի վերաբերյալ. Ա) Մեղավորը Շարժումն է, ուստի հակասությունը հաղթահարելու համար պետք է վերականգնել եթե ոչ քաղաքական, ապա նախկինում իշխող տնտեսական հարաբերությունները՝ հույսը միանշանակ կապելով Ռուսաստանի հետ, Բ) Շարժման նպատակները ճիշտ էին, ծագած դժվարությունները՝ օբյեկտիվ, անխուսափելի, ուշ թե շուտ իշխանությունները կկշտանան եւ երկիրը կզարգանա, պետք է համբերել։ Գ) Իշխանությունն ընկավ այն մարդկանց ձեռքը, որոնց համար Շարժումը լոկ միջոց էր սեփական շահերի հաստատման։ Վերադարձը դեպի ազգային նպատակները հնարավոր է միայն քաղաքական կուրսի փոփոխմամբ։ ՀՀՇ-ում սերնդափոխություն կատարվեց, այնտեղ այսօր երկու շերտ կա՝ Շարժման ծնունդ «Ղարաբաղ» կոմիտե եւ երկրորդ ալիքին իշխանության եկած մարդիկ, որոնք ի սկզբանե զուրկ էին ազգության եւ բարոյականության գաղափարներից, մաքուր պրագմատիկներ: ԱԺՄ-ի դիրքորոշումը միանշանակ հանգում է երրորդին. Վազգեն Մանուկյանը մի անգամ եւս հավաստեց համաշխարհային քաղաքակրթության մեջ ազգերի մրցակցության եւ առաքելության գաղափարը։ Մեր ժողովուրդն ունակ է ստեղծելու ազգային եւ միաժամանակ համամարդկային արժեքների վրա հիմնված պետություն՝ դառնալով համաշխարհային ազգ:

Հայաստանի անկախությանն այսօր ոչինչ չի սպառնում՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը։ Ինչպիսին էլ լինեն Ռուսաստանի ընտրությունների արդյունքները, նախկին Խորհրդային Միությունը վերականգնող իրավիճակը չի կարող ստեղծվել։ Սակայն անկախության գաղափարը փոփոխվում է, մրցակցությունն արդեն ընթանում է ոչ թե անհատ պետությունների, այլ խմբերի միջեւ։ Վ Մանուկյանի համոզմամբ, մեր տեղը պետք է լինի նախկին Խորհրդային Միության պետությունների շարքում, սակայն այդ նոր միությունը կկայանա, եթե մասնակից անդամները լինեն հավասար սոցիալ-տնտեսական պայմաններում, բացառվեն կայսերական շահերը:

Արտաքին քաղաքական ասպարեզում իշխանության որդեգրած ուղին՝ Արեւմուտք–Ռուսաստան հավասարակշիռ հարաբերություններով համահունչ է ԱԺՄ-ի դիրքորոշմանը։ Զուգահեռաբար պետք է առավել խորացնել կապերը Իրանի հետ. մենք մահմեդական ժողովուրդների հետ համագործակցությամբ ամենաշահագրգռված ազգն ենք, բայց դա պետք է կատարվի՝ առանց Արեւմուտքից օտարանալու։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է տարբերել ռազմավարական եւ մարտավարական շահերը: Ցեղասպանության եւ Հայ Դատի խնդիրը չի կարող համարվել անցյալի տեսական վեճ. սրանք այն հիմնային գաղափարներն են, որոնց շուրջ համախմբվում է ողջ հայությունը։ Համաշխարհային հոսանքը, որն այսօր հաղթանակում է՝ լիբերալիզմի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, շարունակում է մնալ ԱԺՄ-ի հենակետը, սակայն Հայոց պետությունը կարող է զարգանալ, եթե հիմքում ունենա ազգային գաղափարներ, ընդսմին այդ գաղափարներից հրաժարումը չի կարող ունենալ ոչ մի պրագմատիկ հիմնավորում։ Դրանք են Արցախը, Ցեղասպանությունը եւ Հայ Դատը: Զիջելով Արցախը, մեր ժողովուրդը այնպիսի հիասթափություն

կապրի իրենից, որ չի կարողանա զարգացնել պետությունը, եւ ընդհանրապես կկորցնի իր տեղն աշխարհում. «Ոչ մի իրատեսություն մեզ չի կարող ապացուցել, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում կամ Հայ Դատը պետք է մոռացվի, չնայած շեշտում եմ՝ դա չի նշանակում, որ պետությունը, դրոշը վերցրած պետք է առաջ գնա։ Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունի Սփյուռքի հետ հարաբերությունների ճշտումը եւ միասնականության հիմնավորումը»։

Ներքաղաքական կյանքում վճռաբեկ համարվեց 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեն։ Վազգեն Մանուկյանը կարծես երկխոսության մեջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ազգային գաղափարը եւ միասնությունը ՀՀ նախագահը բնորոշել էր որպես կեղծ կատեգորիա: Այդ կտրվածքում Սահմանադրությունը պիտի լիներ ազգի տարբեր շերտերի միջեւ կնքված համաձայնագիրը, բայց «Մենք հիմա ապրում ենք կեղծ պայմանագրով»։ Տնտեսության ոլորտում հաստատվել է Դարվինիզմի մոդել՝ վայրագ շուկա եւ աֆրիկյան կլանային կառուցվածք: Միայն այս կետերն իրար միացնող հատվածից դուրս գալով՝ մենք կարող ենք զարգանալ կամ դեպի աջ կամ ձախ։ Այս բոլոր խնդիրների լուծման հենակետը ժողովրդի ակտիվությունն է:

Երկօրյա մտքերի փոխանակությունից հետո հաստատվեցին ԱԺՄ բանաձեւերը. 1. ՀՀ ներքաղաքական իրավիճակի, 2.Հայաստան–Սփյռւռք հարաբերությունների եւ 3. ՀՀ-ում առաջացած սոցիալ-տնտեսական կացության եւ կուսակցության դիրքորոշման մասին:

Միով բանիվ. «ԱԺՄ համագումարն արձանագրում է, որ Հայաստանի ներկա իշխանությունների գործունեությունն անհարիր է հայ ժողովրդի ձգտումներին, հակամետ է նրա արմատական շահերին, խոչընդոտում է մեր պետության հզորացմանն ու բարգավաճմանը, խաթարում է ազգային միասնությանը, անհնար է դարձնում անհատի համար արժանի տեղ գրավել հասարակության մեջ»։

Ընտրությունների արդյունքում զանգվածային կուսակցություն դառնալու ուղին բռնած ԱԺՄ-ն ընտրեց 19 հոգուց բաղկացած վարչություն, որը բնականաբար առաջնորդելու է Վազգեն Սանուկյանը:

Ն.Դ.

Վաղվա համարում կարդացեք Դավիթ Վարդանյանի հարցազրույցը «Առավոտին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031