Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարը գործի կեսն է

Դեկտեմբեր 16,1995 20:00
eritasrdner

Այո, իսկապես, Արեւմուտքում ընդունված է, որ երիտասարդները բավականին վաղ տարիքից պետք է աշխատեն եւ նույնիսկ սկսեն իրենց սեփական գործը։ Ու քանի որ հայտնի հանգամանքների բերումով մենք էլ հայտնվել ենք շուկայական կոչվող հարաբերությունների այս բարդ հորձանուտում, ուզած-չուզած պիտի ընդօրինակենք այդ երեւույթը։ Իսկապե՛ս, ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ երիտասարդը փորձում է օգնել իր ծնողներին (գուցե ինքն իրեն): Բնա՛վ, ոչ մի վատ բան, ընդհակառակը՝ գովելի է։ Պարզապես, ինձ մտահոգում է այն հարցը, թե ինչո՞ւ մեր ձեռներեց երիտասարդների մեծամասնության մտքի թռիչքը, երբ նրանք երազում են սեփական գործի մասին, ավելի հեռու չի ճախրում, քան «սեղանիկ» կամ էլ չափազանց ճարպիկ լինելու դեպքում «չենջ» (տարադրամի փոխանակման կետ) դնելը։ Էդ ինչո՞ւ, չեմ հասկանում, «պանծալի» Արեւմուտքի շուկայական հարաբերությունները մեզ մոտ անմիջապես ասոցացվում են բազառավաշխառուական չարչիության հետ, հը՞… Թե՞ գույնզգույն փալաս-փուլուսների կամ սննդի տուփերի ՝ հետեւից գնորդների ուրախ, երբեմն էլ թթված դեմքերին նայելն արդեն դարձել է հայ երիտասարդի նկարագիրը։ Չե՛մ հավատում։ Ուղղակի, ինչպես ժողովուրդն է ասում, «թամբալացել» են՝ հեշտ փող աշխատելու համն է ընկել բերանը… Իսկ փողը հեշտ չեն աշխատում ո՛չ Արեւմուտքում, ո՛չ էլ՝ Արեւելքում։

Ի դեպ, լուսանկարի այս հաճելի անգլիացին Ռոջեր Սոլն է, որն իր 21-ամյակի առթիվ ծնողներից 500 ֆունթ ստանալով, դրանք ամենեւին էլ չծախսեց իր հաճույքի համար, այլ օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ իրենց տան բակի հին ցախատանը կազմակերպեց կաշվի մի փոքրիկ արտադրամաս, որն այժմ վերաճել է «Մալբըրի Քոմփընի» կոչվող հսկայական ֆաբրիկայի, որը տարեկան 30 մլն ֆունթ սթեռլինգի արտադրանք է վաճառում աշխարհի չորս անկյուններում… Եվ այս ամենը միմիայն անդուլ աշխատանքի, այլ ոչ թե ամիսներով «դախլի» հետեւում նստելու արդյունք է։

Շատերը, սակայն, պնդում են, որ Հայաստանում անհնարին է գործ սկսել, քանի որ «խեղդում» են ձեռներեցներին, եւ առավել եւս՝ չեն աջակցում երիտասարդներին։ Անշուշտ, այս հարցը առավել լուրջ քննարկման կարիք ունի, բայց մի բան ակնհայտ է, որ մեզանում պակասում են նոր, թարմ

գաղափարները, որոնք կյանքի կկոչեն սեփական ուժերով ու ռեսուրսներով հիմնավորված մտահղացումները… Հո պատահական չի ասված՝ «Գաղափարը գործի կեսն է…»։

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031