Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՆ ԸՆԿԵՐ, ԻՄ ԱԶՆԻՎ ԸՆԿԵՐ, ՆՈՐ ՏԵՐԵՐԸ ՔԵԶ ՉԵ՞Ն …-ԵԼ»

Հունիս 02,1998 12:55
Nairi kino

Մայիսի 27-ին զանազան գործիչների մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու արարողությունից հետո սկսեցին համառ լուրեր պտտվել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սուրեն Աբրահամյանը Ռուբեն Հախվերդյանին խոստացել են «Նաիրի» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը։

Ավելի ուշ Մովսես Խորենացու անվան շքանշանակիր գուսանի (ինչպես պարոն Հախվերդյանն է սիրում իրեն անվանել) հետ միասին այս խնդրի առնչությամբ սկսեցին շոշափել հանրահայտ ջազմեն Մալխասի՝ Լեւոն Մալխասյանի անունը։ Նրան էլ խոստացվել է սեպտեմբերի 21-ին ոչ միայն որեւէ շքանշան տալ, այլ նաեւ մինչ այդ դարձյալ «Նաիրի» կինոթատրոնում «Ջազ-ակումբ» բացելու հնարավորություն։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ռուբեն Հախվերդյանն էլ մտադիր է կինո «Նաիրիում» պոետի դպրոց բացել։

Եվ եթե այս ամենն իրականություն դառնա, ուրեմն ոչ եւս կլինե՞ն «Նաիրիի» ներկա տնօրենի բոլոր նախաձեռնությունները՝ բացօթյա կինոդիտումները ուրբաթից-կիրակի, մշակույթի գործիչների մեծարումները, ի վերջո այն, որ այստեղ դարձյալ սկսեցին (միաժամանակ երեք դահլիճներում) ֆիլմեր ցուցադրել, եւ ոչ թե «Հերբալայֆ» վաճառել կամ զանազան կասկածելի վիճակախաղեր կազմակերպել։

Այս եւ չթվարկված այլ բաները հաշվի չեն առնվում, քանի որ, ինչպես նշում են՝ խնդիր է դիտվում այս կինոթատրոնը «Վանոյի ձեռից» վերցնելը։ Կարծես թե խոսքը կազինոյի կամ եկամտաբեր որեւէ «օբյեկտի» մասին է։ Կարծես թե բարձրաստիճանների ամենակարեւոր գործն այժմ հենց կինոթատրոնների ղեկավարներին փոխելն ու իրենց ավելի հաճո մարդկանց նշանակելն է։ Ի դեպ, խոսվում է նաեւ այն մասին, որ կինոթատրոնի դահլիճը համերգասրահ են դարձնում նաեւ Երգի թատրոնից հեռացած եւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք երգիչ-երգչուհիներին այսպիսով պարգեւատրելու համար։

Զարմանալի է, այնուամենայնիվ, որ երկու հայտնի արվեստագետներն էլ հաճույքով համաձայնել են քաղաքական այս խնդիրներում գործիքի ոչ այնքան պատվաբեր դերին։ Կարծես թե նրանց առջեւ փակ էին «Նաիրիի» դռները՝ իրենց այդ գաղափարները գործող կինոթատրոնում իրականություն դարձնելու համար։ Եվ կարծես ջազ-ակումբի, պոետի դպրոցի, «Զինվորին ուժ, մայրերին՝ հույս» երգելու կամ չգիտես էլ ինչի համար ուրիշ տեղ չկա, քան այն քիչ կինոթատրոններից մեկի շենքը, որը չի դարձել շուկա (կինո «Արագածի» պես), տոնավաճառ (կինո «Այրարատի» պես), ավտոսալոն (կինո «Կոմիտասի» պես) եւ առայժմ էլ բացառապես էրոտիկ ֆիլմեր չի ցուցադրում (կինո «Երեւանի» պես)։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

02.06.1998թ.

Հ. Գ. Մենք չենք կարծում, թե այս հրապարակումը զորավոր թուղթ է եւ կանխելու է որեւէ «թարմ մտահղացում»՝ կապված «Նաիրի» կինոթատրոնը «բարեփոխելու» հետ։ Նաեւ՝ չենք պնդում, թե առայժմ լուրերի եւ խոսակցությունների մակարդակում գտնվող վերոշարադրյալը վերաճել է փաստի։ Շատ ուրախ կլինենք, եթե Լեւոն Մալխասյանի, Ռուբեն Հախվերդյանի եւ այլոց մտահղացումներն իրականություն դառնան այլ կենտրոնական ու գեղատեսիլ վայրում, իսկ «Նաիրին» շարունակի կինոթատրոն մնալ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930