Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ-2»

Հունիս 05,1998 13:38
Vasak Darbinyan

«Մենք չենք վաճառում Կոնյակի գործարանի շենքը, սպիրտը, մենք վաճառում ենք գործարանը։ Բայց վաճառելով գործարանը, մենք, ըստ էության, վաճառում ենք Հայաստանում տվյալ ժամանակահատվածում կոնյակագործությամբ զբաղվելով շահույթ վաստակելու իրավունքը»։

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ, ՀՀ վարչապետ, «Առավոտ», 4 հունիսի

… Ո՞ւր էր՝ մի 40 տարի առաջ այսպես լիներ։ Այն ժամանակ, օրինակ, մսի կոմբինատը սեփականաշնորհելով՝ կվաճառվեր ոչ թե կոմբինատի շենքը, դրա ներսում եղած միսը, այլ կոմբինատը։ Բայց վաճառելով կոմբինատը՝ ըստ էության, Պավլեին կվաճառվեր Հայաստանում տվյալ ժամանակահատվածում Ռեւազի ոչխարները մորթելով շահույթ վաստակելու իրավունքը։

ՄԱՐՏԱԿՈՉ

«Մարդկանց մեջ բույն դրած վախը չափազանցված է։ Մենք պիտի սպանենք մեր մեջ ստրուկին։ Եվ այստեղ մեծ անելիք ունեն լրագրողները»։

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԼՂՀ նախագահ, «ՀՀ», 4 հունիսի

Սպանվելու հեռանկարից սարսափահար՝ ստրուկները մշակել են ապստամբության գաղտնի ծրագիր։
Մոտ օրերս նրանք նախահարձակ կլինեն եւ կբնաջնջեն լրագրողներին։

ԼՈԿԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

«Ոչ մի լրատվություն չի կարող փոխարինել անմիջական շփումներին»։

ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ, Լոռվա մարզպետ, «Երկիր», 2 հունիսի

Լոռվա մարզպետարանի լրատվական ծառայությունը շուտով կլուծարվի, փոխարենը կստեղծվի անմիջական շփումների կենտրոն։

ՆԱՅԵՆՔ՝ ԻՆՉԵՐ ԳՐՎԱԾ ԿԱՆ. ՀՈՆ ՑԻՆԻԶՄ ԿԱ, ՈՉ ՄԱՏՅԱՆ

Չկա պոպոք, մանդարին, (չանդրադառնանք «Նոր դարին»)

«Մեզնից հետո, Արեւշատ, նոր սերունդ է եկել, մեզնից տաղանդավոր, մեզնից լավը, հարկավոր չի նրանց մեր խարդավանքների, մեր ցինիզմի, մեր կարիերիզմի ու աղբի մեջ նորից մտցնել»։

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ, արձակագիր, «Առավոտ», 4 հունիսի

Նոր սերնդի մի տաղանդավոր ներկայացուցիչ, ըստ ամենայնի՝ ընթերցող, թախանձագին խնդրանքով դիմել է Ալվարդ Պետրոսյանին եւ Արեւշատ Ավագյանին.
Ինչո՞ւ ապշած են, Ալվարդ,
Ու չեն խայտար խարդավանք,
Մի՞թե հայլվույդ մեջ անձկավ
Նախարար մը նայեցավ…
Մելամաղձոտ Արեւշատ,
Ցինիզմը թող լինի շատ,
Սիրենք քեզի պես մենք շատ
Լիտֆոնդ, չամիչ ու փշատ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930