Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս հետագա հապաղումն անընդունելի է»

Հունիս 12,1998 20:50

Նման տագնապալի եզրակացության է հանգել ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ Արտաշես Բախշյանը՝ ընթերցելով հունիսի 5-ի «Առավոտում» Ժասմեն Վիլյանի «Ахмед, разберись с таможней» հոդվածը։

Իսկ վերոնշյալ հանճարեղ եզրակացությունը պարոն Բախշյանն արել է՝ նյութը մանրամասն ուսումնասիրելով։ Եզրակացությունը վեր է ածվել ՀՀ ՄՎ պետ  Մ. Մակարյանին ուղղված զեկուցագրի, ուր մասնավորապես ասված է. «ՀՀ ՄՎ լրատվական ծառայության պետ Ս. Սիմոնյանը, որակավորման քննությունը չատեստավորվելուց հետո, ակտիվ աշխատանքներ է սկսել ՀՀ զանգվածային լրատվության միջոցներում ՀՀ մաքսային համակարգի շուրջը սխալ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվական դաշտ ստեղծելու ուղղությամբ։ Այլեւս հետագա հապաղումն անընդունելի է։ Պետք է շտապ կասեցնել Ս. Սիմոնյանի գործունեությունը. ստորագրություն (Ա. Բախշյան) 5.06.98թ․»  (Զեկուցագիրը տպված է առանց խմբագրման)։

Դարիս երեսնական թվականներին հատուկ ոճով գրված այս զեկուցագրի ձախ անկյունում պարոն Մակարյանը նույն օրը մակագրել է. «Եսայան (ազգանվան տակ գիծ է քաշված – Լ. Ա.) հիմք ընդունելով զեկուցագրերը` հեռացնել համակարգից (այստեղ էլ խմբագրական գրիչ չի դիպել – Լ. Ա.)»։ Մինչ այդ, նախորդ օրը (հունիսի 4-ին) ՄՎ պետ Մ. Մակարյանը հրաման էր արձակել Ս. Սիմոնյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին. «Իր վրա դրված ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ մակարդակով կատարելու, առանց նախօրոք ստուգելու Ժ. Վիլյանի «Республика Армения» թերթի թղթակից լինելու եւ «Республика Армения» թերթի նոր խմբագիր Շ. Աղամբեկյանի կողմից հարցազրույց վարելու վերաբերյալ հանձնարարականի առկայության փաստը՝ նրան հարցազրույց վերցնելու նպատակով ՀՀ ՄՎ պետի տեղակալ Ա. Բախշյանին ներկայացնելու համար ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ ՀՀ մաքսային վարչության լրատվական ծառայության պետ Սուսաննա Սիմոնյանին ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Հիմք. – «ՄՎ մաքսային վերահսկողության բաժնի պետ Ս. Գրիգորյանի զեկուցագիրը»։

Մի խոսքով, աշխատանքից փորձում են ազատել իր պարտականություններում, ըստ էության, չթերացած, լրագրողի իր իրավունքներից օգտվել փորձող Սյուզան Սիմոնյանին։

«Ես զգում էի, որ լրատվության տարածման առջեւ պատնեշներ էին դրվում։ Մի քանի անգամ պաշտոնապես դիմել եմ ՄՎ պետ Միքայել Մակարյանին, որպեսզի նա ինձ տրամադրի իր գործունեության հիմնական ուղղությունների մասին ինֆորմացիա, ինձ պաշտոնապես տա Գուգարքի տարածաշրջանի մաքսատանը տիրող իրավիճակի մասին ինֆորմացիա, նոր աշխատանքի ընդունված ղեկավար պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխատանքային կենսագրությունները. ովքե՞ր են նրանք։ Ղեկավար պաշտոնների են առաջադրվում տվյալ գործի հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ։ Ներսում գտնվելով՝ զգում էի, որ փակվում են պաշտոնական տեղեկատվության աղբյուրները,- ասաց ՀՀ ՄՎ լրատվական ծառայության պետ Սյուզան Սիմոնյանը,- անգամ իր պաշտոնավարության 100-րդ օրը պրն Մակարյանը չփորձեց հանդիպել լրագրողների հետ»։

Ինչ վերաբերում է ատեստավորմանը, ապա ատեստավորում՝ որպես այդպիսին, չի եղել։ Սա մի հերթական փորձ էր ազատվելու անցանկալի մարդկանցից։ Անգամ ատեստացիոն թերթիկի վրա պարբերաբար փոխվում էր հանձնաժողովի անդամների թիվը։ Բնութագիրը պետք է տար ՄՎ պետի տեղակալը։ Սակայն նա աշխատում էր ընդամենը մեկ ամիս եւ Ս. Սիմոնյանին այդ կարճ ժամկետում բնութագրելու իրավունք օրենքով չուներ։ Չորս օր անց ներկայացվեց վարկաբեկող մի բնութագիր, որը Ս. Սիմոնյանը չի ստորագրել։ Փաստորեն, որեւէ իրավական հիմք չի ստեղծվել Սյուզան Սիմոնյանին աշխատանքից ազատելու, ուստի ՄՎ պետը դիմել է վերոնշյալ միջոցին։

Լրագրողը դիմել է Արաբկիրի ժողդատարան՝ իրեն աշխատանքի վերականգնելու հայցով։ «Կարծում եմ, կապացուցեմ, որ, այնուամենայնիվ, օրենք կա, որ այսօր լրագրողների իրավունքների դեմ ոտնձգությունները աբսուրդի եզրին են։ Թող պետությունը մտածի լավ լրագրողներին, լավ մասնագետներին պաշտպանելու մասին։ Պետք չէ, որ մասնագետը խնդրի պետությանը, որ իրեն պահի, պաշտպանի։ ՄՎ-ն ունի այսպիսի պրոբլեմ. մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցը, որը հեռացվել է համակարգից ապօրինաբար, արդեն պոտենցիալ մաքսանենգ է։ Ի՞նչ է նշանակում այն փաստը, որ Արարատյան տարածաշրջանային մաքսատանը 3 ամսվա ընթացքում 4 պետ է փոխում։ Իսկ այդ մաքսատանը ձեւակերպվում է Հայաստանի ապրանքաշրջանառության 80%-ը։ Այս համակարգը գաղտնիության թավ վարագույրով հասարակությունից փակելու մաքսայինների տրամաբանությունը հասկանալի է»։

Անպատժելիության այս մթնոլորտում լրագրողը փորձել է իրականության մի քանի դրվագ միայն ներկայացնել, եւ նրան հեռացնելու հրաման է տրվել։ Արաբկիրի ժողդատարանը հայցը կամ կբավարարի, կամ կմերժի։ Նայած դատավորի ու մաքսայինների արհեստավարժությանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930