Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏՔԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

Հունիս 16,1998 22:36
Vasak Darbinyan

«Եթե չենք ուզում Հայաստանում կուտակված խնդիրները լուծել հեղափոխության ճանապարհով, առնվազն պետք է մտքի հեղափոխություն տեղի ունենա։ Պետք է հրաժարվել այն մտքերից, թե կարելի է Հայաստանը փոխել, ամեն ինչ նույնը թողնելով»։

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԻՄ նախագահ, «Հայոց աշխարհ», 13 հունիսի

Քանի որ Հրանտ Խաչատրյանից բացի ոչ ոք չի հավակնում «Կարելի է Հայաստանը փոխել՝ ամեն ինչ նույնը թողնելով» մտքի հեղինակային իրավունքին, եւ նա էլ, կարծես, մերժում է իր իսկ միտքը, ուստի մտքի հեղափոխությունը համարենք կատարված։
Այսպիսով, Հրանտ Խաչատրյանն արժանի է «Մտքի հեղափոխական» պատվավոր կոչման, եւ ՍԻՄ-ն էլ, ըստ երեւույթին, առաջիկայում կվերանվանվի «Հայ Յեղափոխական Միտք» կուսակցություն։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

«ԱԺ-ում այս քննարկումներն (ընտրական օրենսգրքի- Վ. Դ.) ավելի շատ, կարծես, ժողովրդի համար են, քան պատգամավորների… Այս քննարկումները լրիվ անիմաստ են եւ ժամանակի կորուստ»։

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր,  «Հայոց աշխարհ», 13 հունիսի

Ժողովուրդն ԱԺ-ին շա՜տ շնորհակալ եւ երախտապարտ է, որ պատգամավորներն իր համար այդքան անիմաստ բաներ են խոսում եւ իր համար այդքան անտեղի ժամանակ են վատնում։

«ԼԱՎ ՉԵՆՔ ԱՊՐԻ, ՎԱՀՐԱՄ ՋԱՆ»,- ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Հայաստանի… ժողովուրդը շատ համբերատար է, իսկ բարեփոխումների անցումային փուլում, դժվարությունների պահին ուրիշ երկրներում ժողովուրդը շատ է ըմբոստանում»։

ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆՑ ՀԲ արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ, «Ազգ», 13 հունիսի

Իհարկե, հո ուրիշների թայը չենք՝ վեր կենանք ու ըմբոստանանք… Որպեսզի միշտ համբերատար մնանք, որպեսզի մեր համբերության բաժակը չլցվի՝ պետք է հնարավորին չափ երկարաձգել անցումային փուլը եւ ավելացնել դժվարությունները, միշտ դժվար ապրել։

ԱԺ-Ն՝ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑ, ՈՐԸ ԿԲՆԱԿԵՑՎԻ ԳԱԶԱՆՆԵՐԻՆ ՆՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՈՎ

«Հովհաննես Շիրազին հարցնում են՝ ինչո՞ւ ես միայնակ ման գալիս, իսկ նա պատասխանում է. «Առյուծները միայնակ են ման գալիս, իսկ գայլերը՝ ոհմակով»։ Ես ընտրում եմ առյուծային սկզբունքը։ Ես ընտրում եմ առյուծների ճանապարհը եւ ուզում եմ ստեղծել առյուծների միություն»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԺ ՆԳ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Առավոտ», 12 հունիսի

Մի խումբ պատգամավորներ Ռազմիկ Մարտիրոսյանին վստահեցրել են, որ առյուծները վատ կենդանիներ են, կատվազգիներն առհասարակ ճանկռող, ծույլ, նենգ արարածներ են, հատկապես՝ որձերը, որոնք այնքան ծույլ են, որ էգերին են որսի ուղարկում։ Պրն Մարտիրոսյանին նրանք խորհուրդ են տվել հրաժարվել իր գաղափարից։
Մեր կողմից ավելացնենք, որ կուլիսներում քննարկվում է Ազգային ժողովը Խոսրովի արգելոց վերանվանելու հնարավորությունը, որտեղ միմյանց հետ խաղաղ կգոյակցեն առյուծների, գայլերի, այլեւայլ գիշատիչ եւ ոչ գիշատիչ կենդանիների անուններով պատգամավորական խմբերն ու անհատ պատգամավորները։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930