Լրահոս
Օրվա լրահոսը

Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում. ինչո՞վ է Հայաստանը գրավել Միլկիցա Ռադովանովիչին

Հոկտեմբեր 11,2026 20:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, որի հիմնադիրն է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ փառատոնի շրջանակում կայացավ միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը։ Եվս մեկ համերգով նա հանդես էր եկել նաև Կապանի արվեստի պետական քոլեջում։ Ճանաչված երգեհոնահարուհին բացառիկ հարցազրույց է տվել  Аravot.am-ին։

-Ձեր համերգային ծրագրում ներառված են Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Պահլավունու և այլ հայ հեղինակների ստեղծագործություններ։ Ինչպե՞ս եք ընկալում հայ միջնադարյան հոգևոր երաժշտության ռիթմն ու բնույթը, և ի՞նչ զգացողություններ է այն առաջացնում Ձեր մեջ։

-Ես ուղղափառ ավանդույթների կրող եմ, նմանատիպ երաժշտություն հնչում է նաև մեր եկեղեցիներում․ մենք այն երգում ենք և նվագում։ Այս երաժշտությունն ինձ շատ հարազատ է՝ մեր ավանդույթների շնորհիվ։ Այս երգեհոնը նվագելիս ինձ տանն եմ զգում։ Շատ հետաքրքիր զգացողություն է՝ հոգեւոր երաժշտություն նվագել հենց այս երգեհոնով․ գործիքն ինքնին և նրա հնչողությունն ինձ համար առանձնահատուկ են։

-Ի՞նչ զգացողություններ ունեիք հայ հոգևոր երաժշտությունը նվագելիս։

-Ինչպես արդեն նշեցի, այս երաժշտությունը շատ մոտ է մեր եկեղեցական ավանդույթներին, Աստծո հետ կապի և հոգևոր առումով հարազատ է ինձ։ Ինձ համար առանձնահատուկ էր այդ երաժշտությունը Նորվեգիայում նվագելու փորձառությունը, այն նորություն էր նորվեգացի ունկնդիրների համար, որտեղ և շատ ջերմ ընդունելության արժանացավ։ Կարծում եմ՝ մեծ հաճույք է այս երաժշտությունը կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ իմ բնակության երկրում՝ Նորվեգիայում, և մյուս բոլոր երկրներում, որտեղ նախատեսում եմ հանդես գալ։

-Վահագն Ստամբոլցյանը հայ երգեհոնային դպրոցի հիմնադիրներից մեկն է։ Ի՞նչ է Ձեզ համար նշանակում ելույթ ունենալը նրա անունը կրող փառատոնի շրջանակում։

-Ես շատ եմ լսել Վահագն Ստամբոլցյանի մասին, ուսումնասիրել եմ նրա գործունեությունը և ծանոթացել հայկական երգեհոնային ավանդույթներին։ Ինձ համար առանձնահատուկ փորձառություն էր նաև Կապանում նվագելը, որտեղ շատ էին խոսում նրա մասին և պատմում, թե որքան կարևոր դեր է ունեցել նա Հայաստանում երգեհոնային արվեստի ավանդույթների զարգացման գործում։

Ինձ համար իսկապես կարևոր է փառատոնի շրջանակում ելույթ ունենալ թե՛ Կապանում, թե՛ Երևանում։ Առանձնահատուկ նշանակություն ունի հենց նրա անունը կրող փառատոնին մասնակցելը, քանի որ այն իր տեսակի մեջ եզակի նախաձեռնություն է։ Միևնույն ժամանակ, տեսնում եմ, թե որքան մեծ նշանակություն են այստեղ տալիս Վահագն Ստամբոլցյանի անձին և նրա թողած ժառանգությանը։

-Ինչպե՞ս են Ձեր համերգային ծրագրում համադրվում եվրոպական, ժամանակակից նորվեգական և հայ հոգևոր երաժշտությունը, և ի՞նչ գաղափարական կապ է միավորում այդ ստեղծագործությունները։

-Ես փորձել եմ թեմատիկ առումով երաժշտական կամուրջ ստեղծել տարբեր երկրների և երաժշտական ավանդույթների միջև։ Անդրադառնում եմ Բախի ստեղծագործություններին, ինչպես նաև նորվեգացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Էդվարդ Գրիգի երաժշտությանը, որի ստեղծագործությունները հայտնի են ամբողջ աշխարհում։ Այնուհետև երաժշտական ճանապարհորդությունը շարունակվում է դեպի Գերմանիա, Իտալիա, Սերբիա և, իհարկե, Հայաստան։

-Ինչպե՞ս է ժամանակակից երգեհոնային երաժշտությունը խոսում այսօրվա ունկնդրի հետ։

-Կարծում եմ՝ երգեհոնային երաժշտության համար այս շրջանը մի փոքր բարդ է, քչերն են երգեհոն նվագում և հետաքրքրվում երգեհոնային երաժշտությամբ։ Սովորաբար կոմպոզիտորներն օգտագործում են որևէ մեղեդի կամ հոգևոր երգ և այն ներկայացնում ժամանակակից երաժշտական լեզվով։ Երգեհոնով այդ երաժշտությունը շատ գեղեցիկ է հնչում և համերգային կատարման համար շատ հարմար է։

-Ձեր կատարողական ինքնությունը կապված է և՛ Սերբիայի, և՛ Նորվեգիայի հետ։ Ինչպե՞ս են բալկանյան հարուստ ռիթմերն ու հյուսիսային հանգստությունը համադրվում Ձեր երաժշտական մտածողության մեջ։

-Ես ազգությամբ սերբ եմ, նաեւ կյանքիս մեծ մասն ապրել եմ Սերբիայում, բայց այժմ գրեթե տասը տարի է՝ ապրում եմ Նորվեգիայում։ Այս երկու երկրների ավանդույթներն ու մշակույթներն էլ միախառնվել են իմ մեջ, և երկուսն էլ հավասարաչափ կարևոր են։ Նորվեգիայում երգեհոնային երաժշտության հարուստ մշակույթ կա, յուրաքանչյուր եկեղեցում երգեհոն ունենք, այն մշակույթի ու կրոնական ավանդույթի մի մասն է։ Իսկ Սերբիայում ես երբեք երգեհոն չեմ նվագել։ Այդ պատճառով երգեհոնն ինձ համար ինչ-որ կերպ կապված է Նորվեգիայի հետ, բայց միևնույն ժամանակ ես պահպանում եմ Սերբիայից եկող զգացողություններն ու երաժշտական արտահայտչամիջոցները։ Այս ամենը միախառնվում է, և կարծում եմ՝ շատ լավ համադրություն է ստացվում։ Եվ ես երջանիկ եմ…

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031