Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական խոստումներին հավատալ չի կարելի

Հունիս 23,1998 00:00
zorakoch

Հայկական բանակում ծառայությունից խուսափողների մի մասն է միայն ապրում եւ թաքնվում Հայաստանում, շատերը կարողացել են դուրս գալ Հայաստանի տարածքից։ Պաշտպանության նախարարի սպառնալիքները տարբեր կերպ են ազդում, բայց հիմնականում տալիս են նույն արդյունքը՝ զորակոչային տարիքի տղաները շարունակում են փախչել։ Բանակում ինքնասպանությունների թիվը պահպանվում է՝ մի մասը ձեւակերպվում է ինքնասպանություն։ Հոգեկան տարբեր կարգի խանգարումները բանակին բնորոշ հիվանդություն են։

Հանրապետությունում նախագահական ընտրությունների ընթացքում հնչած խոստումների շարքում իր կոնկրետությամբ առանձնացավ զորակոչից խուսափողներին, ներկայանալու դեպքում, ներում շնորհելու որոշումը։ Դժվար է հասկանալ հատկապես ինչը՝ թաքնվելուց հոգնած լինե՞լը, կալանքի ենթարկվելու վա՞խը, թե՞ ծառայելու պատրաստակամությունը ստիպեց 40 հոգու ներկայանալ զինկոմիսարիատ։ Այսօր նրանք կալանված են, որովհետեւ չգործեց նախընտրական օրերին տրված խոստումը։ Այս հարցով դիմեցի նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանին։

Նախագահի խորհրդականը տեղյակ էր կատարվածին եւ հայտնեց, որ ստեղծված է հանձնաժողով, մնացած մանրամասնություններին խորհուրդ տրվեց ծանոթանալ «Զինվորի մայր» կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանից, քանի որ նա է զբաղվում այս խնդրով։ Տեղեկացնեմ. Գրետա Միրզոյանը բազմամարդ պատվիրակության կազմում արդեն մի քանի օր է՝ գտնվում է Ժնեւում, մասնակցում է փախստականների հարցերով հրավիրված սեմինարին։ Անկասկած, ավելի տրամաբանական կլիներ, եթե առանց հանձնաժողովների եւ «զինվորի մայրերի», այս խնդրով զբաղվեին ներման խոստում տված պաշտպանության նախարարն ու հանրապետության նախագահը եւ այցելեին կալանավայրում գտնվող զորակոչիկներին։ Թեեւ մի քիչ անհասկանալի է «այդ հարցով զբաղվել» արտահայտությունը, որովհետեւ հարցը կարելի է լուծել մի ժամում՝ խոստման համաձայն ազատել կալանքից եւ ուղարկել բանակ՝ ծառայության։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930