Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան կոմիտեն նորից անդրադարձավ բանակին

Հոկտեմբեր 28,1998 00:00
helsinkyan

Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 24-ին, այս նույն՝ բանակում տիրող իրավիճակին նվիրված միջոցառումներից հետո շատացել է Հելսինկյան կոմիտեին դիմող ծնողների թիվը, որոնց որդիները սպանվել ու խոշտանգվել են բանակում։

Երեկվա միջոցառմանը լրագրողներից ու հասարակական այլեւայլ կազմակերպությունների ներկայացուցիչներից անհամեմատ շատ էին տուժող ծնողները՝ հիմնականում մայրեր։ Իբրեւ հիշեցում ասենք, որ անցյալ տարվա միջոցառմանը հետեւեց Պաշտպանության նախարարության խիստ հայտարարությունը, որի պատասխանն էլ բացի «Առավոտից», լրատվության ոչ մի միջոց չհրապարակեց՝ խախտելով մամուլի մասին օրենքը։

Ինչպես նշեց Զինվորի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, մեկ տարվա ընթացքում առաջընթաց չի նկատվել, ավելին՝ բոլոր գործերը նվազագույնը կրկնակի անգամ վերադարձվում են թերի նախաքննությամբ։ «Մենք փորձում ենք աշխատել զինվորական դատախազության հետ։ Պարոն Ջհանգիրյանը ասաց, թե ինքը պատրաստ է օգնել, բայց ընդամենը մի փոքրիկ հարցի լուծում տվեց, որը կապված չէր սպանությունների հետ։ Մնացած բոլոր հարցերում առայժմ միայն խոչընդոտներ ու դժվարություններ են…»։ Բացի սպանություններից, տիկին Ալեքսանյանն անդրադարձավ այլ անօրինությունների։

«Գեւորգ Սարաջյանը ազատված է եղել բանակից երկու տարի։ Նրա հորը զինկոմիսարիատից կանչել են ու հայտնել, որ գեներալ Հարությունյանի ստորագրությամբ հրաման կա, որ նրա տղային բանակ պիտի տանեն (խաբել են)։ Ու այդ տղային, որի մի աչքը բացարձակ չի տեսնում, մյուսը՝ շատ վատ, տարան բանակ։ Երբ պարոն Ջհանգիրյանին ներկայացրին փաստաթղթերը, նա ասաց՝ կազատենք, ոչ մի խնդիր չկա (1 տարի, 8 ամիս նա արդեն ծառայել էր, ծեծի ենթարկվել…)։ Իսկ երբ պարոն Ջհանգիրյանին ներկայացրի, թե քննիչ Արթուր Շահնազարյանը 6 ամիս այդ ընտանիքին տեռորի մեջ է պահել, թե բոլորին դատի կտա եւ այլն, նա ասաց՝ ինձ նոր քննիչ բերեք՝ դրան հանեմ աշխատանքից…»։ Իսկ ծնողները պատմում էին ու պատմում։ Մեկին ասել են, թե՝ որդիդ զոհվել է հերոսի մահով, հետո պարզվել է՝ խոշտանգել ու սպանել են։ Մյուսին իբր մալարիայի դեմ հաբեր տալով՝ թույնել, երրորդին, չորրորդին ու հարյուրերորդին՝ դարձյալ սպանել ու սպանել։ Եվ բոլորի վրա դրոշմել «ինքնասպան» անպատվաբեր պիտակը, կամ լավագույն դեպքում 100-րդ հոդվածը (դիտավորյալ սպանություն) փոխել 259-ի (անփութություն)։ …Իսկ հրամանատարներին պատժում են՝ մի զորամասից մյուսը տեղափոխելով։

Նշվեց նաեւ, որ ծանոթությունների շրջանակում են Էդվարդ Եգորյանը, Գեւորգ Մարգարյանը եւ շատ ուրիշ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ովքեր նպաստում են հանցագործների պատժի մեղմացմանը։ Հասարակական կազմակերպությունների կողմից արվեցին կոնկրետ առաջարկներ. «Քրեական պատասխանատվության ենթարկված մարդիկ չպետք է ծառայեն բանակում (Ռուսաստանում այս օրենքն արդեն ընդունվել է). թվեր կան, որ բազմաթիվ սպաներ քրեական պատասխանատվության ենթարկվել են»։ «Եհովայի վկաների համար կազմակերպել այլընտրանքային ծառայություն, միեւնույն է՝ նրանցից նորմալ ծառայող դուրս չի գա»։ «Առանձին հասարակական կազմակերպությունների հանձնարարել որեւէ կոնկրետ գործ, որի հետեւից մինչեւ վերջ կգնան»…

Այժմ արդեն ՊՆ-ի վերահսկողական ծառայության բաժնի պետ Ռուբեն Մարտիրոսյանն առաջարկեց՝ անանուն նամակների արկղի միջոցով ծառայությունից վերադարձած տղաներից ինֆորմացիա ստանալ։ Իսկ ծնողներից մեկի այն հարցին, թե Մուրադ Աբրահամյանը ինչու պետք է աշխատի մի զորամասում, ուր մի քանի ամսում 10 սպանություն է կատարվել, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, թե վերջինս աշխատում է ժամանակավորապես, ինչին էլ Հելսինկյան կոմիտեի նախագահը արձագանքեց. «Բոլորս էլ ժամանակավոր ենք»։ Ելույթ ունենալով եւ իր ցավակցությունը հայտնելով ծնողներին՝ ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետի տեղակալը արծարծված հարցը համարեց քաղաքականացված եւ խորհուրդ չտվեց զորակոչի շեմին զբաղվել նման հարցի քննարկմամբ։

Հելսինկյան կոմիտեն այնուհետեւ հայտարարեց իր կարծիքը, թե պարտադիր ժամկետային ծառայության մեկնող եւ ծառայության մեջ գտնվող քաղաքացիների խնդիրը չպետք է տնօրինի միայն պաշտպանության նախարարությունը, դա պետք է լինի հասարակության խնդիրը։ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ զինվորի պաշտպանության կոմիտեն հարուցում են հասարակական կազմակերպությունների պաշտպանությունը, որպեսզի իրենց իրավաբանների միջոցով կարողանան ամեն գործին հետամուտ լինել, որովհետեւ մեր ուժերը քիչ են»։ Այնուամենայնիվ, վերջում արձանագրենք այն փաստը, որ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնի ընդդիմադիր գործիչ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի մերձավոր բարեկամն է, իսկ բանակին նվիրված իր միջոցառումները կոմիտեն իսկապես անց է կացնում ամեն տարի՝ աշնանային զորակոչից առաջ։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031