Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՆՈ՛Ր Է ՍԿՍՎԵԼ»

Նոյեմբեր 07,1998 00:00
Sergey Badalyan

Արդեն 81-ամյա այդ հեղափոխության տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին երեկ հրավիրելով՝ այսպես վախեցրին հայ կոմունիստները ու դեռ պատգամեցին էլ, որ «մենք հեղափոխության մեջ ենք ու պարտավոր ենք զգալ այդ հեղափոխականի հոգին ու բարոյականությունը»։ Վայ թե բարձրաստիճան հրավիրյալներն էն գլխից էին վախեցած, քանի որ ոչ ոք իր ներկայությամբ չէր պատվել այդ փառահեղ միջոցառումը, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի, որին երախտապարտ հեղափոխականները բաժին հանեցին փառք ու պատիվ եւ հոգուց բխած ծափողջույններ։ Այդպես վարձահատույց եղան նաեւ՝ հայ ժողովրդին Մեծ հեղափոխության տարելիցի առթիվ շնորհավորական հեռագրեր ուղարկած բոլոր ընկերներին, ովքեր մեծարվեցին անուն առ անուն։ Դեռ չէինք հասցրել առաջին հուզառատ րոպեների ողջ վսեմությունն ու ճոխությունը մարսել, երբ հնչեց Սովետական Միության պանծալի հիմնը եւ հոտընկայս ու որոտընդոստ ծափերի ներքո բեմ բարձրացավ ինքը՝ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Գրիգորի Բադալյանը։

Եվ օպերայի ու բալետի ակադեմիական մեծ թատրոնի լեփ-լեցուն դահլիճում հավաքված տատիկների ու պապիկների համար անուշ մեղեդուց էլ քա՜ղցր հնչեց գլխավոր կոմունիստի բա՜րձր ու հուզումնալից ասքը «Ռուսաստանի ժողովուրդների ծանր երկունքներից ծնված» մեծ հեղափոխության եւ էլ առավել մեծ Լենինի մասին։ Համաշխարհային այդ մեծագույն իրադարձությունը վերջ տվեց կապիտալի դիկտատուրային եւ աշխատանքի դիկտատուրայի սկիզբը դրեց։ Հիմա նորից, բայց կոմունիստները հավատում են, որ, ժամանակավորապես, կապիտալի դիկտատուրան է վերադարձել։ Եվ հասարակ ժողովուրդը տապակվում է դրա ճիրաններում, մինչդեռ սովետական երեխաները այդ մասին գիտեին միայն դասագրքերից։ Ու ո՞նց չեն ամաչում «նորաթուխ ղեկավարները, որ մոլախոտի պես ապականելով մարդկային կեցության մեծագույն նվաճումները եւ գայթակղելով արեւմուտքի վարձկան հասարակագետներին, փորձում են հոկտեմբերյան հեղափոխությունը ներկայացնել մասոնական կամ բոլշեւիկյան դավադրություն, որն իբր չի բխում մարդկության զարգացման տրամաբանությունից»։

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր Մեծ հոկտեմբերը ժողովրդի կամքի ժայթքում չեն համարում։ Հին գուսանների գունեղ ոճով, ճոխ ու վսեմ մակդիրներով ներկայացրեց ընկեր Բադալյանը այն ծանր տարիները, երբ ոչ ոք չէր համարձակվում ժողովրդին փրկել տառապանքներից։ Բայց կանգնեց անվախ Լենի՛նը եւ խրո՛խտ ձայնով հայտարարեց, որ կտանի ինքը ժողովրդին դեպի լուսավոր ապագա։ Եվ տարածվե՜ց երկրում հուժկու հեղափոխության ալիքը եւ ալեկոծվե՜ց ժողովրդի ազատատենչ հոգին։ Եվ եթե նույնիսկ Լենինը դիկտատուրա էր հաստատում, ապա միմիայն հանուն ժողովրդի, որպեսզի երկրում իշխող քաոսը, պետական կառավարման լիակատար բացակայությունը վերացնի որպես իսկական մե՜ծ հայրենասեր։ «Այդ մարդը Լենինն էր, որ հռչակեց մեծ նպատակը՝ խաղաղություն, հաց, հողը՝ գյուղացիներին, ֆաբրիկաները՝ բանվորներին…»։ «Խորհրդային տարիներին բուժվեցին հայ ժողովրդի բոլոր վերքերը, իսկ վիրահատությունը կատարվեց մի գործիքով, որի անունն է Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն»։

Այսքանից հետո գուժեց. «Մեր բարգավաճ Հայաստանը այլեւս չկա, խարխլված են մեր հզոր պետականության սյուները, մեր հազարավոր գործարանները՝ քարուքանդ, մեր ծաղկո՜ւն այգեստանները՝ անապա՛տ, աշխատանքի ասպետները՝ թշվառակա՛ն, տիեզերական թռիչքների սովոր երիտասարդությո՜ւնը՝ տրորված, դեն նետված ծաղի՛կ…»։ Ավելի ոգեւորվելով՝ նորաթուխ ժողովրդավարների քաղաքականությունը համեմատեց զանգվածային ոչնչացման զենքի հետ, ընդ որում՝ ե՛ւ ուղղակի, ե՛ւ փոխաբերական իմաստով։ Ու, չնայած ընկեր Բադալյանը իր ամբողջ ելույթը գրեթե գոռալով ընթերցեց, բայց վերջում է՛լ ավելի բարձր գոռաց. «Փա՛ռք հոկտեմբերին, փա՛ռք ժողովրդական հոծ զանգվածներին, փա՛ռք կոմունիստներին…»։ Եվ վերջում հնչեց երգը. «Ելի՛ր, ում կյանքն անիծել է…» եւ համերաշխ ոտքի ելան տատիկներն ու պապիկները։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30