Ինչ է պետք արմատական հեղափոխության համար
«Քաղաքական հեղափոխության գաղափարախոսությունը երբեք ոչինչ չի փոխում, բացի արտաքինից: Կլինի բռնություն, իշխանությունը կանցնի մեկ կուսակցությունից մյուսին, բայց երբ ծուխը կցրվի ու մահացածների մարմինները հողին կհանձնվեն, դրությունը կմնա նույնը. ուժեղների փոքրամասնությունը իշխելու է եւ մնացածներին օգտագործելու է իր նպատակով: Նույնը կմնան ագահությունը, դաժանությունը, ցանկասիրությունը, փառասիրությունը, շահամոլությունը եւ երեսպաշտությունը»: Սա մեջբերում է Թոմաս Մերթոնի «Հայեցողության սերմերը» գրքից, որը գրվել է 1949 թվականին: 20-րդ դարի հեղափոխությունները, պատերազմները, տոտալիտար ռեժիմները հնարավորություն էին տվել կաթոլիկ փիլիսոփային ամփոփել անցած տասնամյակների փորձը եւ գումարել դրան այն տխուր իրողությունները, որոնք սովորաբար հետեւում էին հեղափոխական իրադարձություններին նախորդ դարերի ընթացքում:
Մերթոնի ասածներն այս կամ այն չափով վերաբերում են բոլոր հեղափոխություններին: Նաեւ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններին, որոնք, ի դեպ, շատերը հեղափոխություն չեն համարում, բայց դրա մասին թող վիճեն պատմաբանները: Ամեն դեպքում՝ ինձ համար աներկբա է, որ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բացասական իրողություններին արձագանքելու, ոչ թե Փաշինյանի, Սորոսի, Արեւմուտքի կամ «Գազպրոմի» կամքով: (Ես դա պնդել եմ այն ժամանակ եւ շարունակում եմ պնդել հիմա՝ չնայած կան մարդիկ, որոնք ինձ մեղադրում են 2018-ի «գունավոր հեղափոխությանը» սատարելու համար):
Այլ հարց է, թե ինչ ակնկալիքներով էին մարդիկ փողոց դուրս եկել: Բնականաբար՝ տարբեր: Ես այդ ակնկալիքները պայմանականորեն բաժանում եմ երկու մասի (վերանալով մի քանի տասնյակ երանգներից)` առողջ եւ անառողջ: Առաջինի կրողներն էին հիմնականում երիտասարդները, որոնք ցանկանում էին, որ հետխորհրդային «լճացման» շրջանը, երբ ամեն ինչ պայմանավորված է մեկ մարդու կամքով եւ ամեն ինչ կառուցված է քծնանքի ու կոռուպցիայի վրա, մենք, վերջապես, հաղթահարենք: Անառողջ մասը երազում էր եւ շարունակում է երազել «լյումպենական ռեւանշի», նախկիններին, հարուստներին պատժելու մասին: Պարտադիր նշենք, որ 2018 թվականին ոչ մեկի ակնկալիքների մեջ չէր մտնում Արցախը հանձնելը, կաթողիկոսին փոխելը կամ Ռուսաստանի հետ թշնամանալը:
Կարդացեք նաև
«Առողջ մասի» ակնկալիքները բացարձակապես չիրականացան, «հիվանդների» ցանկությունները մասամբ իրականանում են, չնայած նման ձգտումները վերջ չունեն՝ նրանց մշտապես պետք են «կախաղաններ», «գիլյոտիններ»՝ այդ բառերի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Առաջինը՝ առողջ սպասելիքներն իրականացնելը ե՛ւ օբյեկտիվորեն բարդ է, եւ, ինչպես շատ արագ պարզվեց, Փաշինյանի ու իր պալատականների ծրագրերի մեջ չէր մտնում՝ այդ մարդկանց նպատակն էր օգտվել արդեն գոյություն ունեցող միահեծան, լճացած համակարգից:
Արդյունքում մենք ունենք այն, ինչ նկարագրում էր Մերթոնը՝ մնացին ագահությունը, դաժանությունը, ցանկասիրությունը, փառասիրությունը, շահամոլությունը եւ երեսպաշտությունը: Դրա համար էլ աստվածաբանը կարծում էր, որ միակ, ընդ որում՝ չափազանց արմատական հեղափոխությունն այն է, որը փոխում է մարդու էությունը, եւ ոչ թե հասարակության արտաքին «դեկորացիաները»: Դրա համար, մասնավորապես, անհրաժեշտ է կեղծ «ես»-ի (False Self) հաղթահարում: Սովորական քաղաքական հեղաշրջումները պահանջում են ներքին եւ արտաքին թշնամիների ոչնչացում, իսկ հոգեւոր հեղափոխությունը նախատեսում է էգոիստական մարդու «մահը»՝ այն մարդու, որը մենք սխալմամբ համարում ենք մեր սեփական «ես»-ը: Կեղծ «ես»-ը պատրանքներ է կառուցում սոցիալական կարգավիճակի, հարստության եւ իշխանատենչության վրա:
Եթե չմահանա կեղծ «ես»-ը, բոլոր տեսակի «գունավոր» կամ «սեւ-սպիտակ» հեղափոխությունները (կամ, եթե ուզում եք, «հեղափոխությունները») 5-10 տարվա ընթացքում կունենան այն հետագիծը, որին մենք ականատես ենք 2018-26 թվականներին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.09.2026

















































